RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2013-02-21 > #024, 2013-02-22 > #025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 23-02-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-02-23 00:17:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1374, Տպվել է` 63, Ուղարկվել է էլ.փոստով` 55

ԵՎ ՔԱՌՈՐԴ ԴԱՐ ՏԵՎՈՒՄ Է ՍՈՒՏԸ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Կարգավորման ինչ առաջարկություններ էլ արվեն, որքան էլ դիվանագետները «գլուխ կոտրեն», ԼՂ խնդրով բանակցությունների հաջողությունը կախված է եւ կախված է լինելու կողմերի հանրային տրամադրվածությունից: Իսկ այն ձեւավորվում է նաեւ տեղեկատվական քաղաքականությամբ: «Շփման գիծ», «զինադադարի գոտի» եւ նման` փոքր-ինչ դրական զգացողություններ սերմանող ձեւակերպումների փոխարեն Ադրբեջանում համառորեն գրում են «ռազմաճակատի գիծ», «մերձճակատային գոտի» եւ այլն:

Բաքվեցի «քաղտեխնոլոգներն իրենց բարձրության վրա» չէին լինի, եթե Ղարաբաղյան շարժման 25-ամյակի մեր տոնը չփորձեին կեղտոտել 25 տարի առաջ «Ասկերանի մոտ հեղված առաջին արյան» մասին տեղեկատվությամբ: «Զայրացած ԼՂԻՄ ժողպատգամավորների նստաշրջանի փետրվարի 20-ի «ապօրինի» (չակերտները մերն են - Վ. Ա.) որոշումից, փետրվարի 22-ին Աղդամի բնակիչները (բոլո՞րը - Վ. Ա.) շարժվեցին դեպի այն ժամանակվա Ստեփանակերտ (կարծես թե այսօր Ստեփանակերտ չէ - Վ. Ա.), որպեսզի իրենց վճռական բողոքը հայտնեն»,- այսպես է 25-ամյա վաղեմության դեպքը «հիմնավորում» ադրբեջանական լրատվամիջոցը (տես vesti.az):

Ինչո՞ւ Աղդամի «բնակիչները», ինչո՞ւ ԼՂԻՄ մարզխորհրդի նստաշրջանից երկու օր անց: Ինչո՞ւ, ասենք, Շուշիի ադրբեջանցիները չհավաքվեցին, որպեսզի «իրենց վճռական բողոքը հայտնեն»: Բայց հետեւենք շարադրանքին. «Ասկերանի մոտ նրանց (Աղդամի «բնակիչներին»- Վ. Ա.) դիմավորեց ագրեսիվ տրամադրված հայերի ամբոխը»: Տեսնո՞ւմ եք, Աղդամի «բնակիչները շարժվում են դեպի Ստեփանակերտ, որպեսզի իրենց վճռական բողոքը հայտնեն», իսկ երբ Ասկերանի մոտ նրանց դիմավորում են, ապա արդեն` ոչ թե բնակիչներ, այլ «ագրեսիվ տրամադրված հայերի ամբոխ»: Ըստ ադրբեջանական «քաղտեխնոլոգների», Ասկերանում աղդամցիներին երեւի պիտի ընդունեին աղուհացով, «Բարի գալուստ, թանկագին եղբայրներ» ցուցապաստառներո՞վ:

«Ծայր առած կոնֆլիկտի հետեւանքով հրազենից սպանվեցին երկու ադրբեջանցի պատանիներ, ավելի քան 50 մարդ ստացավ մարմնական վնասվածքներ»,- գրում է vesti.az-ը եւ ավելացնում, որ «հետագա արյունահեղությունը կանխեց, հին արեւելյան սովորույթով գլխաշորը ճանապարհին նետելով, այն ժամանակվա կոլտնտեսության նախագահ սոցիալիստական աշխատանքի հերոս Խուրաման Աբասովան»: Իսկ Աբասովան չէ՞ր կարող գլխաշորն ամբոխի ճանապարհին նետել ոչ թե Ասկերանում, այլ` Աղդամում: Թե՞ տեղյակ չէր, որ Աղդամի «բնակիչները շարժվել են դեպի Ստեփանակերտ, որպեսզի իրենց վճռական բողոքը հայտնեն»:

Կարող էր, բայց Ադրբեջանի ղեկավարությանը պետք էր, որպեսզի Աղդամի «բնակիչները» սարսափ տարածեին ԼՂԻՄ-ի հայ մեծամասնության վրա: Չէ՞ որ դեռեւս փետրվարի 12-ին Ադր. ԿԿ Կենտկոմի վարչական մարմինների բաժնի վարիչ Մահոմեդ Ասադովը (նախկինում` կուսակցության Շամքորի շրջկոմի 1-ին քարտուղար, որ 1987-ի աշնանը Չարդախլու հայկական գյուղի բռնատեղահանությունն էր կազմակերպել, իսկ հետագայում, լինելով ՆԳ նախարար, Գետաշենում գլխավորել 3000-ից ավելի հայ բնակչության վայրենի ջարդը) Ստեփանակերտում հայտարարել էր. «100 000 ադրբեջանցի պատրաստ է ամեն վայրկյան ներխուժելու ԼՂԻՄ եւ այն վերածելու գերեզմանոցի»:

Փաստացի ապացուցված է, որ 1988-ի փետրվարի 20-ին, Ստեփանակերտից ամոթահար հեռանալով, Ադր. ԿԿ Կենտկոմի 1-ին քարտուղար Քյամրան Բաղիրովը կանգ է առել Աղդամում: Այնտեղ են հրավիրվել ԼՂԻՄ-ին հարակից ադրբեջանական բոլոր շրջանների ղեկավարները: Աղդամի «բնակիչների խաղաղ երթը» դեպի Ստեփանակերտ կանխածրագրվել է հենց այդ խորհրդակցության ժամանակ: Այդ է վկայում փաստը, որ նույն օրը` փետրվարի 22-ին Աղդամում է գտնվել Ադր. ԿԿ Կենտկոմի քարտուղար Հասան Հասանովը (տես http//azeribooks.ru/ politika/zardushtalizade/ konetsvtoroyrespubliki.htm):

Այժմ տեսնենք, թե նույն միջադեպն ինչպես է ներկայացնում ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն. «Փետրվարի 23-ին (այդպես է բնագրում- Վ. Ա.) Բարդայի եւ Աղդամի բնակիչների ամբոխը շարժվել է դեպի Ստեփանակերտ` «հայերին դաս տալու»: Ասկերանի մոտ ամբոխը կանգնեցվել է, սպանվել են երկու երիտասարդ` Ալի եւ Բախտիար անունով: Հստակ հայտնի է, որ նրանցից մեկին խոցել է ադրբեջանցի միլիցիոների գնդակը... Բնականաբար, հրաձգության եւ երկու երիտասարդի սպանության մասին տեղեկատվությունը Բաքու է հասել անորոշ ձեւով` առանց ճշտելու, թե ով է կրակել, եւ ինչպես է դա տեղի ունեցել» (տես http://azeribooks.narod.ru/politika/zardushtalizade/konetsvtoroyrespubliki.htm):

Սա է ոչ լրիվ բացահայտված փաստը: Իսկ ո՞ւմ էր պետք, որպեսզի արյուն հեղվի: Նրան, որ փետրվարի 20-ին իր ժողովրդական բանաստեղծի` Բախտիար Վահաբզադեի շուրթերով ոռնացել էր. «Հողն արյամբ է նվաճվում, հողից բաժին չի տրվում»: Անցել է քառորդ դար, եւ Ադրբեջանում, ցավոք, ոչինչ չի փոխվել: Այլապես պետական հովանավորության լրատվամիջոցը չէր հիշեցնի «Ղարաբաղում հեղված առաջին արյան փաստը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 23-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ