RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2013-02-21 > #024, 2013-02-22 > #025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 23-02-2013



Տեղադրվել է` 2013-02-23 00:17:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1411, Տպվել է` 64, Ուղարկվել է էլ.փոստով` 57

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Փետրվարի 19-21-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով ընդլայնված կազմով: Ժողովի սկզբում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ԳՀԽ անդամներին` իրենց օգտակար ծառայության համար:

ԳՀԽ նիստերը նախագահեցին Երուսաղեմի հայոց պատրիարքական տեղապահ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը եւ Կ. Պոլսի հայոց պատրիարքական փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Ժողովում քննության առնվեցին նվիրապետական աթոռներին եւ թեմական կյանքին, Եկեղեցու հոգեւոր-կրթական, քարոզչական առաքելությանը, կանոնադրական ու ծիսական հարցերին վերաբերող մի շարք խնդիրներ:

Երուսաղեմի պատրիարքության ընթացիկ գործունեության վերաբերյալ զեկույց ներկայացրեց Երուսաղեմի հայոց պատրիարքական տեղապահ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը` մասնավորաբար անդրադառնալով Երուսաղեմի հայոց պատրիարքի ընտրությանը եւ տեղեկացնելով, որ նորընտիր պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի ընտրության վավերացման դիմումներն արդեն իսկ ուղարկվել են Իսրայելի, Պաղեստինի եւ Հորդանանի իշխանություններին եւ մոտ ժամանակներս սպասվում է նրանց վավերացումը: ԳՀԽ անդամները գոհունակությամբ ընդունեցին զեկույցը` վերստին շնորհավորելով նորընտիր պատրիարքին եւ մաղթելով, որ Տերը զորացնի նրան` իր ջանքերով առավել պայծառացնելու պատմական Ս. Աթոռը: Կ.Պոլսի Հայոց պատրիարքության վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Կ. Պոլսի հայոց պատրիարքական փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Փոխանորդ Սրբազանը նշեց, որ Կ.Պոլսի Պատրիարք Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր եւ նա գտնվում է բժիշկների մշտական խնամքի ներքո: Արամ Սրբազանը նաեւ մասնավոր անդրադարձ ունեցավ Թուրքիայում հայոց սրբավայրերի պահպանության եւ վերադարձման խնդիրներին: Ի գիտություն ընդունելով զեկույցը` ԳՀԽ անդամները Տիրոջ զորակցությունը հայցեցին Ամենապատիվ Պատրիարքին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2012 թ. գործունեության մասին զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` անդրադառնալով անցնող տարում Մայր Աթոռի կողմից ներեկեղեցական եւ միջեկեղեցական ասպարեզներում իրագործված ծրագրերին, Սուրբ Էջմիածնի քարոզչական, կրթադաստիարակչական եւ սոցիալական առաքելությանը: Տեղեկացվեց, որ 2012 թ. հրապարակվել են հայրապետական 57 կոնդակներ, ձեռնադրվել են 9 քահանաներ` 2 կուսակրոն եւ 7 ամուսնացյալ, ինչպես նաեւ 35 սարկավագներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցականության թիվը 668 է, որոնցից` 56-ը եպիսկոպոս, 33-ը` վարդապետ եւ ծայրագույն վարդապետ, 61-ը` աբեղա, 423-ը քահանա, 95-ը` սարկավագ, ովքեր ծառայում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր կառույցներում: Մայր Աթոռի հոգեւոր-կրթական հաստատություններում ուսանողների թիվը 220 է:

Մայր Աթոռի հովանու ներքո գործող յոթ Հայորդյաց տներ հաճախել են 5000 երեխաներ: Սոցիալական ոլորտում նոր կարեւոր ձեռնարկ էր Արաբկիրում «Նագգաշյան մանուկների տուն» կենտրոնի բացումը, որտեղ 10 տարեկանից բարձր 20 աղջիկներ ստանում են մասնագիտական կողմնորոշում եւ սոցիալական աջակցություն: Անցնող տարում Մայր Աթոռի 51 բաժինների կենսագործունեությունը ապահովել են 1174 անձինք` 142 եկեղեցականներ եւ 1032 աշխարհականներ:

Գերագույն հոգեւոր խորհրդի անդամները գոհունակությամբ ընդունեցին զեկույցը` մաղթելով անսասանություն եւ պայծառություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնին:

Գերագույն հոգեւոր խորհուրդը քննարկեց նաեւ եպիսկոպոսաց ժողովի կազմակերպման հետ առնչված հարցեր: Վերահաստատվեց ժողովն առաջիկա սեպտեմբերին Մայր Աթոռում գումարելու որոշումը եւ քննության առնվեցին ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ, Կանոնական հանձնախմբի համաատենապետ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, Տավուշի թեմի առաջնորդ, Սրբադասման հանձնախմբի համաատենապետ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի եւ Մայր Աթոռի դիվանապետ եւ Ծիսական հանձնախմբի համաատենապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի զեկույցները` առնչված եպիսկոպոսաց ժողովի օրակարգային նյութերին:

Ժողովի երկրորդ նիստին քննարկվեցին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Հայ Եկեղեցու կողմից իրականացվելիք միջոցառումների առաջարկները: Առաջարկների հանձնախմբի աշխատանքը ներկայացրեց Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Այս առնչության ծրագրված միջոցառումները եւ այդ շրջանակներում Մայր Աթոռի հետ հնարավոր համագործակցությունը ներկայացրեց նաեւ նիստին հրավիրված ՀՀ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Գերագույն հոգեւոր խորհուրդը հանձնարարեց ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի գլխավորած հանձնաժողովին լրամշակել առաջարկները, կազմել միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը եւ ձեռնամուխ լինել աշխատանքների իրականացմանը:

Ժողովի ընթացքում լսվեց նաեւ Մայր Աթոռի հոգեւոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի զեկույցը` Գեւորգյան հոգեւոր ճեմարանի, Վազգենյան հոգեւոր դպրանոցի եւ Հառիճավանքի ընծայարանի վերաբերյալ: Գեւորգ Սրբազանը, անդրադառնալով Մայր Աթոռի հոգեւոր-կրթական հաստատությունների գործունեությանը, մասնավորաբար խոսեց հոգեւորականության պատրաստության ծրագրերի, ինչպես նաեւ Հայաստանի բուհերի ու արտերկրի համալսարանների եւ հոգեւոր հաստատությունների հետ համագործակցության մասին:

Հանրակրթական ոլորտում Մայր Աթոռի գործունեության հիմնական ուղղություններին անդրադարձավ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը` ընդգծելով կենտրոնի արդյունավետ գործակցությունը ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության եւ թեմերի հետ մի շարք կրթական ծրագրերի շրջանակներում եւ հատկապես «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստության գործում: Ի թիվս տարբեր ծրագրերի Հայր Սուրբը տեղեկացրեց, որ այս տարի ծրագրված է դպրոցներում անցկացնել «Հայ հոգեւոր եւ ազգային երգի փառատոն» հանրապետական մրցույթ: ԳՀԽ անդամները գոհունակությամբ ընդունեցին կատարված աշխատանքների մասին զեկույցները` կարեւորելով ինչպես հոգեւորականության պատրաստությունը, այնպես եւ հոգեւոր-քրիստոնեական արժեքների ջամբումը երիտասարդ սերնդին:

Ժողովի երրորդ նիստին Գերագույն հոգեւոր խորհուրդն անդրադարձ կատարեց Եկեղեցու կողմից սիրիահայությանը ցուցաբերվող զորակցությանը: Տեղեկացվեց, որ այդ նպատակով Մայր Աթոռը 200 հազար ԱՄՆ դոլար գումար արդեն փոխանցել է, իսկ վերջերս տրամադրել է եւս 100 հազար ԱՄՆ դոլար: Գերագույն հոգեւոր խորհուրդը հորդորեց թեմակալ առաջնորդներին շարունակել առավել ջանքեր ներդնել` համայնքներից օգնություն եւ օժանդակություն հասցնելու կարիքի մեջ գտնվող Սիրիայի հայ համայնքին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 23-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ