ՍԵՐՎԱՆՏԵՍԻ ԼԵԶՈՒՆ ՀԱՅՈՒՀՈՒ ԻՄԱՑԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՐԱՐԱՏ ՂՈՒԿԱՍՅԱՆ, Իսպանիա, Վալենսիա Լիլիթ... Անուն, որն իսպանացիների շուրթերին հնչում է որպես իսպանագիտության չափանիշ: Անուն, որն արդեն շուրջ հինգ ամիս է, ինչ հեռուստացույցին է գամել իսպանահայությանըՙ այդ անվանը հավատարիմ երկրպագուներին: Թերեւս հայաքիչ այս երկրում այս անունն ամենեւին էլ հայկական երանգ չստանար, եթե Լիլիթի իսպաներեն խոսակցականում այդքան շեշտադրված չլիներ նույն այդ երանգը, որն այդքան հարազատ է իսպանահայերիս: Իսկ եթե այն հեռուստախաղը, որին մասնակցում է Լիլիթը, այդքան հանրաճանաչ չլիներ, ապա առավել եւս դժվար կլիներ հայտնաբերել իսպանաբնակ այս տաղանդաշատ հայուհուն: Աշխարհասփյուռ հայության հետքերը որոնելու հայերիս բարենպատակ սովորությունը մեզ հանգիստ չի տալիս այնքան ժամանակ, մինչեւ որ լիովին չհամոզվենք, որ փնտրվողն իրոք հայ է, եւ որ մենք չենք սխալվել մեր ուղին ընտրելիս: իսկ ի՞նչը, եթե ոչ ազգանվան «յան» վերջավորությունը կարող է լավագույն հիմքը հանդիսանալ հայկական արմատի առկայության: Այնպես որ, պրպտեցինք եւ գտանք... Մանուկյան... Ազգանունՙ որ Լիլիթ անվան կողքին գրեթե բարեհունչ երաժշտություն է հնչում ոչ միայն հայերիս, այլ նաեւ օտարների համար: «Գիտե՞ս որ «Պասապալաբռա» («Pasapalabra») խաղին հայուհի է մասնակցում»,- մի օր հարցրեց իսպանացի ծանոթներիցս մեկը: «Այո՛, իհարկե,- պատասխանեցի,- իսկ դու ի՞նչ իմացար»: «Նախ խոսելու ձեւից, ապա տվյալներ փնտրեցի համացանցում եւ գտա ազգանունըՙ Մանուկյան,- ասաց նա եւ ապա, դիմելով ընկերոջը, ավելացրեց,- նա այնպիսի բառեր գիտի իսպաներեն, որ մենք կյանքում չենք էլ լսել»: Լիլիթ Մանուկյան (Lilit Manukyan)... Ես կասեի քայլող հանրագիտարան, ով մասնակցում է «ամենաիսպաներեն» խաղինՙ «Պասապալաբռային» (Pasapalabra), որ հայերեն թարգմանությամբ կնշանակի «Անցիր բառը»: Սա իսպանագիտությանը վերաբերող ամենաընդհանրացնող, դժվար եւ հետեւաբարՙ հետաքրքրական հեռուստախաղն է, որը ցուցադրվում է ազգային 5-րդ ալիքով (Telecinco): Խաղում ընդրկված են իսպանագիտության ողջ բառարանն ու հանրագիտարանը, ինչպես նաեւՙ համաշխարհային բոլոր գիտություններըՙ իրենց հին ու նոր դեմքերով ու դեպքերով: Մինչեւ վերջնախաղին հասնելը, մրցողներն աշխատում են որքան հնարավոր է շատ վայրկյաններ հավաքել, որոնք անհրաժեշտ են մտածելու շատ ժամանակ ունենալու համար: Վերջնախաղում մասնակիցները մոտ 2-3 րոպեի ընթացքում պետք է մեկ բառով պատասխանեն 25 հարցի, որոնք սկսվում են իսպաներեն այբուբենի 25 տառերով: Միայն այդ դեպքում մրցողը կարող է տանել ավելի քան մեկ տարվա ընթացքում հավաքված ընդհանուր գումարը, որը կազմում է ոչ ավել, ոչ պակաս, քան 1 միլիոն 90 հազար եվրո: Մեկ սխալի կամ բոլոր հարցերին չպատասխանելու դեպքում հաշվվում են ճիշտ պատասխանները, եւ հաղթողը հաջորդ խաղին մասնակցելու իրավունք է ստանումՙ ամեն խաղին վաստակելով 1200 եվրո: Ահա այսպես, Լիլիթ Մանուկյանի հաղթարշավն ընդգրկում է դեռեւս 25 խաղ, որոնց ընթացքում յուրաքանչյուր խաղում նա առնվազն 20 ճիշտ պատասխան է տվել եւ վաստակել գրեթե 30.000 եվրո: Ռուսաստանում ծնված մեր հայրենակից Լիլիթ Մանուկյանը մոտ 6 տարի է, ինչ բնակվում է Իսպանիայի Վալենսիա քաղաքում, եւ այդ ընթացքում հասցրել է հնարավորինս ամբողջական ուսումնասիրել Իսպանիայի Թագավորական ակադեմիայի (Real Academia Espanola - RAE) հրատարակած բառարանը: Իր արտակարգ խելացիությամբ ու չափազանց համեստությամբՙ Լիլիթը կարողացել է վաստակել ողջ Իսպանիայի սերն ու համակրանքը: «Իզուր չէ, որ ասում են, թե դուքՙ հայերդ, աչքի եք ընկնում խելքով ու տաղանդով: Ապացույցըՙ Հայաստանի շախմատի գերտերություն լինելն է, որն այս էլ երրորդ անգամ ապացուցեցիք աշխարհին»,- ասաց ծանոթս: Հաճելի է լսել այս խոսքերը եւ առավել հաճելիՙ ունենալ Լիլիթի նման հայրենակիցներ: Հաջողությո՛ւն ենք մաղթում քեզ, Լիլի՛թ: Դու արդեն հաղթել եսՙ ողջ Իսպանիայի առջեւ հայտարարելով, որ հայ ես: |