RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28 > #029, 2013-03-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 27-02-2013



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2013-02-27 02:24:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1696, Տպվել է` 63, Ուղարկվել է էլ.փոստով` 58

ԱՌԱՋԻՆԸ Ի՞ՆՉ Է ՊԱԿԱՍՈՒՄ ՄԵԶ

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Միշտ նախանձով եմ նայել այն պետություններին, որտեղ ներքաղաքական տագնապները լուծվում են սահմանադրական կարգով կամ դատական վերին ատյանների իրավարարությամբ: Խոսքը Մ. Նահանգներին կամ զարգացած ժողովրդավարություն ունեցող մյուս երկրներին չի վերաբերում, որտեղ դատավորի մուրճիկի երեք հարվածը բավարար է լուծելու, ասենք, Բուշ կրտսեր-Ալ Գոր ընտրամրցման ճակատագիրը հօգուտ առաջինի: Վստահ եմ, Իտալիայում նախորդ օրը կայացած խորհրդարանական ընտրություններին հետեւած ներկա տագնապը շուտով լուծվելու է այդ երկրի սահմանադրությամբ: Նման երկրներում գիտեն բոլորը, առանց բացառության, որ դա՛ է խաղի կանոնըՙ մրցավարն է որոշում վեճերի ելքը, եւ բոլորին մնում է ընդունել դա: Նախանձելու առումով խոսքս վերաբերում է մյուսՙ ժողովրդավարության եւ ներքաղաքական կայունության լուրջ հարցեր ունեցող երկրներին, օրինակՙ Պակիստանին կամ, թեկուզ, Եգիպտոսին: Համենայն դեպս, այս երկրներում ընտրությունների արյունքները չեն վիճարկվում, հակառակ որ դրանցՙ ընտրությունների կազմակերպումը թողնված է ներքին գործերի նախարարության, այսինքնՙ ոստիկանության ուսերին:

Երեւակայել անգամ չենք կարող նման բան մեր երկրում: Ոստիկանությո՞ւնը, այն էլ հանրապետության նախագահի նշանակած ոստիկանապետի գլխավորությա՞մբ. չլինելու բան է: Չլինելու բան է անգամ ՀՀ Սահմանադրական դատարանը, որին սովորաբար դիմում են սահմանադրության նախանշած դատական բոլոր ինստանցիաները սպառելու համար, պարզապես: Ի հառաջագունե մերժվելու ենթակա են Գագիկ Հարությունյանի գլխավորած բարձրագույն այդ ատյանի վճիռները, որոնք որակվելու են, եթե, օրինակ, առաջիկա 3 օրերին Րաֆֆի Հովհաննիսյանը որոշի ընտրությունների արդյունքները վիճարկել այնտեղ, կողմնակալ, պրոիշխանական, անընդունելի՛: Եվ մեր ժողովրդի մեծ մասը, մեջը լինելով անգամ Սերժ Սարգսյանին ընտրածներ, հենց այդպես էլ մտածելու են:

Եվ այս դժբախտ իրականության ստեղծման մեջ մեղքը միայն Սահմանադրական դատարանինը կամ նրա նախագահինը չէ: Այլՙ ընդհանրապես դատական համակարգինը, արդարադատության եւ իրավապահ մարմիններինը, որոնց չի հաջողվել ժողովրդի մոտ հեղինակություն ստեղծել որպես քաղաքական իշխանություններից անկախ եւ արդարամիտ ուրույն իշխանություն: Գործող բոլոր իշխանությունները նրանց չեն թողել որպես այդպիսին կայանալու: Եվ անկախության 21 տարում բացառիկ են դեպքերը-խոսքը վերաբերում է կարեւոր կամ պետական նշանակության պարագաներին-երբ դատարանը փորձել է գործել անկախ եւ ինքնուրույն:

Արդարադատությունն է պակասում մեզ, առաջին հերթին: Առանց դրա, ոչ թե 37, այլ ընտրություններում նույնիսկ 17 տոկոս ձայն հավաքողն անգամ վիճարկելու է արդյունքները եւ 5 տարի շարունակ բողոքարկելու է դրանք: Մինչեւ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 27-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ