RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28 > #029, 2013-03-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 27-02-2013



Տեղադրվել է` 2013-02-27 02:24:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2152, Տպվել է` 114, Ուղարկվել է էլ.փոստով` 99

ԱՄԵՆԱՍՈՒՏ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Կա սուտ, կա ավելի սուտ եւ կա սոցիոլոգիա, ու եթե անգամ սոցիոլոգներն իրենք են այս մասին բարձրաձայնում, ուրեմն կա այստեղ ճշմարտություն: Այնուամենայնիվ այսօր քաղաքական սոցիոլոգիան մնում է քաղաքական դաշտը հստակեցնող, գուցե այդ հստակեցումը պարտադրող, ուղղորդող մի, եթե կուզեք, շարժում: Հետեւաբար, սոցիոլոգիական կարծիքի ուսումնասիրման կենտրոնները, անկախ սոցիոլոգները լուրջ պատասխանատվություն ունեն, ու իրենց ներկայացրած թվերում արտահայտվում է իրենց իսկ պրոֆեսիոնալիզմը: Օրինակ, քվեարկության օրից մեկ շաբաթ առաջ տեղական կամ օտարերկրյա ոչ մի սոցիոլոգիական կազմակերպություն չհայտարարեց, որ փետրվարի 18-ին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ստանալու է ընտրողների շուրջ քառասուն տոկոսի ձայները, այնինչ Րաֆֆին այդ ձայներն այսօր ունի եւ քարոզարշավի վերջին շաբաթվա ընթացքում տեղի չի ունեցել մի այնպիսի բան, որ թեկնածուներից մեկի վարկանիշը կտրուկ նվազեր կամ հակառակը: Հատկանշական է, որ Gallup international-ի հայաստանյան սոցիոլոգիական պարտնյոր ընկերությունը, ընտրություններից տասն օր առաջ` փետրվարի 7-ին, հրապարակել էր թեկնածուների վարկանշային ցուցակը, ըստ որի գործող նախագահ Սերժ Սարգսյանն ուներ քվեարկողների 63 տոկոսի աջակցությունը, Րաֆֆի Հովհաննիսյանը` 24 տոկոսի: Ըստ հիշյալ հարցումներիՙ ընտրություններում երրորդ տեղը պետք է զբաղեցներ ոչ թե Հրանտ Բագրատյանը, ինչպես եղավ, այլ Պարույր Հայրիկյանը` հավաքելով 5 տոկոս ձայն:

Անցած ընտրությունները այնպիսին էին, որ առաջին ու երկրորդ տեղեր զբաղեցրած թեկնածուներին կռահելը բարդ բան չէր, ասելով, որ ընտրությունները կլինեն մեկ փուլով, որ դրանցում կհաղթի գործող նախագահը, երկրորդ տեղում էլ կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը, կարող էինք ամենքս, ու սրա համար սոցիոլոգիական պրոֆեսիոնալ գիտելիքներ ու վարպետություն ամենեւին էլ պետք չէր: Ուրեմն այդ վարպետությունն առավել պետք է երեւար թեկնածուների հավաքած քվեների տոկոսները որոշելով: Ինչպես տեսնում ենք, Gallup international-ը ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայները շուրջ տասական տոկոսով սխալվելով, երրորդ տեղում «ոչ ճիշտ» թեկնածուի անուն հրապարակելովՙ ամենեւին էլ չի փայլել վարպետությամբ կամ...

Ավելի վաղ մեկ այլ Gallup, այս անգամ The Gallup Organization-ը` Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի եւ «Արմնյուզ» հեռուստաընկերության հետ համատեղ, հունվարի 29-ինՙ ընտրություններից շուրջ քսան օր առաջ, հրապարակեց վարկանշային արդյունքներ, ըստ որոնց հաղթող Սերժ Սարգսյանը կստանար 66 տոկոս, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը` 10 տոկոս, երրորդ տեղը միմյանց հետ բաժանում էին Հայրիկյանն ու Բագրատյանը` 4-ական տոկոս ձայներով: Հասկանալի է, որ ընտրություններից շուրջ քսան օր առաջ անհնարին կլիներ որոշել թեկնածուների ստանալիք քվեների ստույգ կամ դրան մոտ տոկոսները, սակայն անհասկանալի է, թե ինչպե՞ս կարողացավ նույն Րաֆֆի Հովհաննիսյանը շուրջ քսան օրում իր ունեցած տասը տոկոս քվեների թիվը ավելի քան եռապատկել` հասցնելով դրանք շուրջ քառասուն տոկոսի:

Եվ վերջապես Ահարոն Ադիբեկյանի գլխավորած «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգների միությունը ընտրություններից մեկ շաբաթ առաջ եւս վստահություն էր հայտնել, որ ընտրությունները մեկ փուլով են ավարտվելու, որ հաղթելու է գործող նախագահը, որ երկրորդ տեղում է լինելու Րաֆֆի Հովհաննիսյանը, որին, Ադիբեկյանը ընտրություններից մեկ շաբաթ առաջ հազիվ երեսուն տոկոս ձայն էր տալիս: Ինչպես գիտենք, գործող օրենքով քվեարկության օրից մեկ շաբաթ առաջ արդեն չի կարելի հրապարակել թեկնածուների վարկանշային ցուցակները, սակայն Ադիբեկյանն այդ ընթացքում հերթական ասուլիսն ունեցավ, որտեղ ընդգծեց, որ «մի շարք տարածաշրջաններում քվեների տարբերությունն աննշան է լինելու, մի շարք տարածաշրջաններում էլ հիմնական թեկնածուի շտաբը լուրջ խնդիրներ կունենա»: Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից արդեն իսկ պարզ դարձավ, որ Ադիբեկյանը իրավացի էր, ավելին, երբ ԿԸՀ-ն հրապարակեց նախնական տվյալները, Ադիբեկյանը հայտարարեց, որ դրանք իր ստացած վերջին տվյալներից գրեթե չեն տարբերվում. «Մենք էլ Սերժ Սարգսյանին տալիս էինք 58 տոկոս, Րաֆֆի Հովհաննիսյանին` գրեթե 40», ասել էր Ադիբեկյանը:

Փաստորեն, հայկական շուկայում առկա սոցիոլոգիական կազմակերպություններն ընդհանուր առմամբ կարողացել էին որոշել միայն թեկնածուների դասավորվածությունը, եւ դրանցից ոմանք բավականին հեռու էին թեկնածուների հավաքած ձայների տոկոսները հստակ որոշելուց: Այս հանգամանքը կարող է խոսել մի քանի բաների մասին: Օրինակ, որ հայկական շուկայում աշխատող սոցիոլոգները պարզապես խնդիր ունեին եւս մեկ անգամ բարձրաձայնելու, որ գործող նախագահը հաղթելու է, ինչը կարող է հսկայական ուղղորդիչ ազդեցություն ունենալ ընտրազանգվածի վրա, կամ էլ պարզապես այդ կազմակերպությունները դեռեւս չունեն անհրաժեշտ պրոֆեսիոնալիզմը: Երկու պարագայում էլ խնդիրն ունենք, ուրեմնՙ նաեւ անելիք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 27-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ