ԽՈՋԱԼՈՒՙ ՀՈՐԻՆՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ «Խոջալուի օպերացիան պլանավորվում էր դեռեւս 1991-ի աշնանը: Մի քանի անգամ օպերացիաներ մշակվեցին, սակայն զինվորական լեզվով ասածՙ ամեն ինչ ավարտվում էր «տՏՊՕպՎ, ՏՑոՏռ» վիճակով»: Խոջալուի ազատագրման օպերացիայի մասնակից, հետախույզ Վովա Վարդանովը հիշում է, որ ամեն մի ծրագիր մշակելիս ուշադրության կենտրոնում պահվել է խաղաղ բնակչությանը վնաս չհասցնելու եւ նրան միջանցք տրամադրելու հարցը: Վերջին գործողությունը, որը մշակել է Արկադի Տեր-Թադեւոսյանը, բացառություն չէր: «Օպերացիայի նպատակն էր գրավել հակառակորդի բոլոր կրակակետերն ու հենակետերը, որոնք պետք է իրականացնեին գրոհային ջոկատների միջոցով, սակայն գերակա էր մարդասիրական մղումը, եւ որպեսզի խաղաղ բնակչությունը չտուժի, սցենարը լրամշակվում էր: Մենք գազաններ չենք եղել եւ չենք իրականացրել այն վայրագությունները, որոնք ներկայացնում են ադրբեջանցի թուրքերը: Ասկերան-Աղդամ ուղղությունը մենք շատ լավ էինք պաշտպանում, սակայն կար վտանգ, որ Նախիջեւանիկի ուղղությունից ադրբեջանցիները կարող էին հարվածել մեր թիկունքին, եւ ես ուղեւորվեցի այդ շրջան: Աղդամում այդ ժամանակ ադրբեջանցիներն ունեին մեծ ուժեր, «գորշ գայլերի» ջոկատները, սակայն օգնության չհասան Խոջալուին, ադրբեջանական ջոկատները, մտածելով, թե Խոջալուից հետո հայկական ուժերը փորձում են շարժվել դեպի Աղդամ, կրակ են արձակում Խոջալուից դուրս եկած խաղաղ բնակչության վրա», ասաց Վարդանովը: Նա համոզված է, որ ադրբեջանցիները սխալմամբ են կրակ արձակել իրենց քաղաքացիների վրա: Վարդանովը դժվարությամբ է ընդունում, որ զինվորը կարող է կրակ բացել սեփական ժողովրդի վրա: «Թուրքերը հերթական անգամ գազանություններ էին կատարել, մեղավորներ էին փնտրում եւ սկսեցին ամբողջ աշխարհին տարածել մի սուտ պատմությունՙ փորձելով գցել Հայաստանի վարկանիշը միջազգային հարթակում»: Ազատամարտիկ Մկրտիչ Տոնոյանը մասնակցել է ռազմական գործողությանը օդանավակայանի կողմից: «Երբեք չի եղել խաղաղ բնակչությանը կոտորելու հրահանգ, մենք ինքներս խաղաղ բնակչություն չենք տեսել: Խոջալուի ազատագրման ժամանակ կիրառվել է նույն մարտավարությունը, ինչ դրանից առաջ եւ հետոՙ ազատագրել հողերըՙ առանց խաղաղ բնակչության սպանելու»: Մկրտչյանը հիշում է, որ այդ ժամանակ Արցախը ճգնաժամային վիճակում էր, հաճախ գերիներին սնունդի եւ վառելիքի դիմաց փոխանակում էին: Վարդանովը հիշում է, որ բնակավայր ազատագրելիս հայկական կողմը միջանցք է թողել խաղաղ բնակիչների համար: Նա տեսել է, թե ինչպես են խաղաղ բնակչության համար նախատեսված միջանցքով անցել զինված խմբեր, սակայն կրկին կրակ չեն բացել նրանց ուղղությամբ: Հիշեցնենք, որ 1992-ի փետրվարի 26-ին Աղդամ քաղաքի մատույցներումՙ ադրբեջանական զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքում չպարզաբանված հանգամանքներում զոհվել են 200-300 մարդիկ, ովքեր Ադրբեջանի իշխանությունների կողմից կանխամտածված պահվում էին մարտական գործողությունների էպիկենտրոնում: Խոջալուի բնակչության մեծամասնությունը թուրք-մեսխեթցիներ էին, որ ամիսներ շարունակ Ադրբեջանի իշխանությունների կողմից ստիպողաբար պահվում էին տարածքում եւ դիտավորյալ չէին էվակուացվումՙ նպատակ ունենալով հետագայում նրանց օգտագործել որպես կենդանի վահան: Որ խաղաղ բնակիչները հայկական զինուժի կրակոցներից չեն մահացելՙ փաստել է Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը: Ողբերգությունը կատարվել էր նրա նախագահության շրջանում: Այազ Մութալիբովը ղարաբաղյան հակամարտության եւ Խոջալուի մասին պատմել է «Սովի եւ կրակի միջեւ, իշխանությունՙ կյանքերի գնով» փաստագրական ֆիլմում: Մութալիբովը «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր. «Խոջալուի վրա հարձակումն անակնկալ չէր: Հայերի կողմից միջանցք է թողնվել, որպեսզի մարդիկ կարողանային հեռանալ: Սակայն խաղաղ բնակիչների շարասյունը Աղդամի շրջանի մատույցներում գնդկահարվել է Ադրբեջանի ժողովրդական ճակատի զինված կազմավորումների կողմից»: Մութալիբովն այդ ողբերգությունը կապել է իրեն իշխանությունից հեռացնելու ընդդիմության փորձերի հետ: Մութալիբովի հայտարարությունից բացի գոյությունի ունի նաեւ ադրբեջանցի լրագրող Արիֆ Յունուսովի հայտարարությունը. «Քաղաքն ու նրա բնակիչները գիտակցաբար զոհ էին մատուցվել քաղաքական նպատակներիՙ թույլ չտալով, որ իշխանության գլուխ անցնի Ադրբեջանի ժողովրդական ճակատը»: Չեխ լրագրողուհի Դանա Մազալովան նույնպես բազմաթիվ փաստեր ունի, որոնք ապացուցում են, որ «Խոջալուի ցեղասպանություն» կոչվածը ադրբեջանական կողմի հորինվածքն է: Մազալովան լուսաբանել է ռազմական գործողությունները Ղարաբաղում, Չեչնիայում եւ Բոսնիայում: Խոջալուի ազատագրման ժամանակ միակ լուսանկարիչը, ում հաջողվել է նկարահանել ողբերգության հետեւանքները, Չինգիզ Մուստաֆաեւն էր: Մազալովան ճանաչել է Մուստաֆաեւին, միասին Ստեփանակերտում նշել են Մուստաֆաեւի որդու ծնունդը: Մուստաֆաեւը չեխ լրագրողուհուն է ներկայացրել Խոջալուի վերաբերյալ «հում» կադրեր, որոնք նկարահանել է ադրբեջանական ուղղաթիռից: «Չինգիզը պատմում էր, որ դեպքի վայրում եղել է երկու անգամՙ փետրվարի 28-ին եւ մարտի 2-ին: Նա պատմում է, որ սկզբում կրակել էին խաղաղ բնակիչների ոտքերին, որպեսզի նրանք չկարողանային փախչել, իսկ հետո նրանց մորթել էին, ամենայն հավանականությամբՙ կացնով: Նկարահանման ժամանակ դիակների կողքով քայլում էր համազգեստով մի տղամարդ, որը չէր էլ փորձում թաքնվել ադրբեջանական ուղղաթիռից: Երբ երկու օր անց Մուստաֆաեւը վերադարձել է նույն վայրը, տեսել է, որ դիակների գլխամաշկը հանված է», մի առիթով «Ազգ»-ի հետ զրույցի ժամանակ պատմել էր Մազալովան: Վաշինգտոնը չի ճանաչում Խոջալուի «ցեղասպանությունը» Երեկ պարզ դարձավ, որ Սպիտակ տունը մերժել է ադրբեջանական խնդրագիրըՙ Խոջալուի դեպքերին ԱՄՆ նախագահի պաշտոնական հայտարարությամբ հանդես գալու վերաբերյալ: Սպիտակ տունն ընդգծել է, որ որեւէ նախագահական հայտարարություն չի լինելու, եւ կոչ է արել կողմերինՙ ջանքերը կենտրոնացնել հարցի խաղաղ կարգավորման վրա: «Միացյալ Նահանգները խորապես ցավում է պատերազմական գործողությունների ժամանակ տեղի ունեցած ողբերգական կորուստների համար: Դա եւս մեկ անգամ հիշեցնում է, որ չի կարող լինել հակամարտության ռազմական լուծում, իսկ հարցի խաղաղ եւ տեւական կարգավորումը հնարավոր է միայն տարածաշրջանում կայունությամբ, բարգավաճմամբ եւ հաշտության հաստատմամբ: Որպես Մինսկի խմբի համանախագահՙ ԱՄՆ-ն հանձնառու է աշխատել բոլոր կողմերի հետ խաղաղության հասնելու համար»: |