RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28 > #029, 2013-03-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 27-02-2013



ԹՈՒՐՔԻԱ

Տեղադրվել է` 2013-02-27 02:24:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1510, Տպվել է` 59, Ուղարկվել է էլ.փոստով` 70

«ՑԱՎՈՔ, ՄԱՐԴԻԿ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՃԻՇՏ ՉԵՆ ԸՄԲՌՆՈՒՄ ԽՈՋԱԼՈՒԻ ԿՈՏՈՐԱԾԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ»

Հ. ՉԱՔՐՅԱՆ

Գանգատվում է թուրք գիտնականըՙ բնութագրելով դա «ցեղասպանություն»

Հունվարի վերջին, երբ երկու ամիս ուշացումով թուրքական իրավապահ մարմիններն արձագանքեցին Ստամբուլի հայաշատ Ֆերիքոյ եւ Սամաթիա թաղամասերում տեղի ունեցած հարձակումներին, որոնց հետեւանքով երկու զառամյալ հայ կին դաժանաբար, կոկորդը կտրելու միջոցով սպանվել, երկուսի աչքն էր կուրացել դաժան ծեծի պատճառով, «Ազգի» էջերում գրել էինք, որ էթնիկ բնույթի այս հարձակումները Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի թուրք հրոսակին յուրահատուկ պատրաստությունն են, ինչպես նաեւ Խոջալուի «կոտորածի» այսպես կոչված ոգեկոչման նոր հանրահավաքի չարանենգ փորձը:

Նախորդը անցյալ տարվա փետրվարի 26-ին կազմակերպվել էր Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում, որտեղ հայատյացության բնազդով տառապող թուրք-ադրբեջանական հարյուրհազարանոց ոհմակը «Բոլորդ հայ եք, բոլորդ վիժվածք» ցուցապաստառներով փառաբանում էր Օգյուն Սամասթին, իսկ վերջերս պաշտոնանկ արված ներքին գործերի նախարար Իգրիս Նաիմ Շահինը «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» կարգախոսով վերժխնդրություն էր քարոզում:

Ի դեպ, հանրահավաքին ուղիղ եթերում արձագանքել էին միջազգային լրատվամիջոցները, կարծես ցույց տալու համար, թե մեկ այլ ժողովրդին վիժվածք անվանող եւ հայատյացության բնազդով տառապող թուրք-ադրբեջանական ոհմակի առկայությունը միանգամայն պետք է բնորոշ լինի Թուրքիայի հայեցողությամբ «մշակույթի համաշխարհային մայրաքաղաք» հռչակվող Ստամբուլին:

Սամաթիայի հարձակումներն, ըստ երեւույթին, դադարել են: Հավանաբար կանգ է առել նաեւ հարձակումների հետաքննությունը: Ինչպես երեւում է, թուրքական իրավապահ մարմինները հակված չեն բացահայտելու հարձակումները, կանխավ գիտակցելով, որ հանցագործներին հայտնաբերելու դեպքում բաց են թողնելու, ինչպես թողել են 2011-ի ապրիլի 24-ին զորամասում սպանված, ժամկետային զինծառայող Սեւակ Շահինի մարդասպանին:

Պարզապես շարունակվում են Խոջալուի այսպես կոչված կոտորածի զոհերին ոգեկոչելու փորձերը, ընդ որումՙ որպես կանոն մոռացության տալով «գորշ գայլերի» առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի Լեռնային Ղարաբաղ գործուղած, նաեւ Խոջալուում տեղակայված այն «զգոն թուրքերին», որոնց մի մասը չեզոքացվել էր, իսկ մյուսն էլ զենքը շպրտելովՙ ազերի եղբայրների հետ հայ ազատամարտիկների տրամադրած միջանցքով խուճապահար փախել:

Խոջալուի կոտորածի այսպես կոչված ոգեկոչման միջոցառումներն այս տարի կազմակերպվել են փետրվարի 24-ին ինչպես Ստամբուլում, այնպես էլ Անկարայում: Մասնակիցների թիվը եղել է խիստ սահմանափակ, մինչեւ 150 մարդ, որոնք ցույցի ընթացքում վանկարկել են. «Մեկ ազգՙ երկու պետություն», «Խոջալուին արդարություն»:

Դրա նախորդ օրը Զոնգուլդաքում Բյուլենթ Էջեւիթի անվան համալսարանի ռազմավարական հետազոտությունների սեւծովյան կենտրոնը «Խոջալուի կոտորածն ու Հայկական հարցը» թեմայով կլոր սեղան է կազմակերպել: Ինչպես «Դունյա բուլթենի» կայքէջն է վկայում, միջոցառմանն ընթերցվել են «Օսմանյան շրջանի խնդիրներն ու 1915-ի իրադարձությունների բուն պատճառները», «Հայկական ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը եւ մերօրյա դրսեւորումները» եւ «Խոջալուի կոտորածն ու ազերիների դեմ ուղղված պարբերական բռնությունները» թեմաներով զեկուցումներ:

Միջոցառումը վարող Նուրեթդին Խաթունօղլուն գանգատվել է, որ քաղաքական գործիչների ծամծմելու պատճառով չեն կարողանում Խոջալուի կոտորածի մասին ճշմարտությունը պատմել մարդկանց: Նա ավելացրել է. «Ցավոք, դա մեզ չի հաջողվում նաեւ մեր երկրում: Մարդիկ ճիշտ չեն ըմբռնում: Մինչդեռ այդ կոտորածը սեւ բիծ է ոչ միայն պատմության, այլեւս համայն մարդկության համար: Դա ցեղասպանություն է, որը, սակայն, մարդիկ անտեսում են»:

Մուստաֆա Չոլաքն անդրադարձել է 1915-ի իրադարձություններինՙ ասելով. «Հայկական հարցը ներկայումս դադարել է լինել սոսկ պատմական խնդիր: Ունի քաղաքական եւ տնտեսական հայեցակետեր: Հարցին մոտենալու մեր տրամաբանությունը սխալ է: Ահա թե ինչու մեզ առավելապես վշտացնում են եվրոպական երկրների խորհրդարաններում ընդունված որոշումները: Խորհրդարանների որոշումները գիտական չեն, այլՙ քաղաքական: Հետեւաբար տրամաբանական չէ, երբ պատմաբանները փորձում են հերքել խորհրդարաններում ընդունված որոշումները: Պատմաբաններն այդ հարցը միայնակ լուծել չեն կարող: Թուքիան այդ հարցում կզորանա, եթե համագործակցի Ադրբեջանի հետ եւ Հայկական հարցում գիտական աշխատություններ կատարելիս հնարավորինս պիտի հեռանա 1915-ի իրադարձություններից, քանզի 1915-ի առնչությամբ մեր թեզը պաշտպանող շատ քիչ բան ունենք»:

Նրան հավելել է դոցենտ Էրքան Գյոքսուն. «613 տղամարդ, կին եւ երեխա Խոջալուում սպանվել են ոչ թե թուրքական ծագում, այլ մահմեդական լինելու պատճառով: Հետեւաբար այստեղ կարող ենք օգտագործել ցեղասպանություն արտահայտությունը»:

Այդ ընթացքում «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությանՙ Ազգայնական շարժում կուսակցության պատգամավոր Ռեշադ Դողրուն կոչ է արել Թուրքիայի ազգային մեծ ժողովին, որ փետրվարի 26-ը հռչակի «Խոջալուի ցեղասպանության հիշատակի օր»: Նա ափսոսանքով է նշել, որ 2011-ին ինքը օրինագիծ է ներկայացրել, սակայն դա մերժվել է թուրքական խորհրդարանի լիագումար նիստում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 27-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ