ՎԵՐՋՆԱԳԻՐ. ԻԲՐ ԵՐԲԵՔ ՉԵՔ ԵՐԱԶԵԼ ՆՍՏԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԻՆ... Վ.Պ. Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն կոչ է արելՙ վերջնականապես հստակեցնել դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների առնչությամբ, ընդ որում` 2-3 օրում: Վրացական լրատվամիջոցների տեղեկացմամբ, վարչապետը կոչ-վերջնագիրը ուղղել է բաց նամակով: Միլիարդատեր վարչապետի խոսքերովՙ «Վրաստանում իշխանության հարցը լուծված է», ուստի նախագահին է դիմում ոչ թե որպես «քաղաքական հակառակորդ, որի հետ դեռ ինչ-որ բան պետք է հստակեցնել», այլ որովհետեւ նախագահի թիմի եւ հասարակության միջեւ աճում է ճեղքվածքը: Ըստ վերը նշվածիՙ հերթական քաղաքական գործիչը «ժողովրդի դարդով մտահոգ», նամակում հայտարարել է. «Նաեւ ձեզ դիմում եմ, քանի որ օգուտ չէ երկրի համար ձեզ հետ անցած 9 տարիների ամբողջական վարկաբեկումը,- ավելացնելով,- իշխանությունը պատասխանատու է ժողովրդի առջեւ, ժողովուրդն էլ պատասխանատու է իր իշխանության համար»: Դրա համար էլ միլիարդատերը «փորձում է չսեւացնել ամեն ինչ ու ամենքին, այդ թվում` վրաց ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը»: Այդուհետեւ Իվանիշվիլու շարադրանքն ավելի շուտ Սաակաշվիլու պաթոսն է հիշեցնում, քան միլիարդներ կուտակած բիզնեսմենի խոսելաոճ. «Դրա համար էլ ես այդքան տանջվում եմ ու փորձում ձեզ ելքը ցույց տալ, որ քաղաքակիրթ ուղի կբացի բոլոր խնդիրների լուծման համար»: Սրան հետեւում է իբր թե խաղաքարտերը բաց ներկայացնելու մոտեցումը, թե գոնե տարբերակ է 2010-ի սահմանադրությանը վերադառնալը, որի համար էլ Իվանիշվիլին համաձայնել է բոլոր չինովնիկներին համաներելու «համաներման օրենքի այն տարբերակով, որը հասարակությանը բացատրել ավելի դժվար էր»: Իր «տվայտանքները» անարձագանք է տեսնում Իվանիշվիլին` եզրակացնելով, թե Սաակաշվիլին ամեն ինչ արել է «գործընթացը համագործակցության քաղաքակիրթ հունով չգնալու համար»: «Ամեն ինչ վերջ ունի», նշել է Իվանիշվիլին ու ընդգծել, որ իր ներկայացրած սահմանադրական փոփոխոթյունը խորհրդարանում քվեարկության կդրվի մարտի վերջին: «Այդ քվեարկությունն արդեն իսկապես ջրբաժան կլինի: Ուզում եք խոսքերս ընդունեք որպես վերջնագիր կամ քաղաքական մեծահոգություն, բայց միանշանակ հայտարարում եմ. Ով համաձայն է այդ փոփոխությանը, նա կշարունակի ծառայությունը երկրին` հնարավորությամբ ուղղելու սխալները եւ քաղաքական ապագա ունենալու: Ով հրաժարվում է այդ փոփոխություններից, ձեր թիմի ամեն մի անդամի 9 տարում կատարածի ողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա», ասված է Իվանիշվիլու բաց նամակում: Ակնհայտորեն ինչ-որ «ծանոթ» ձեւակերպում է այն առումով, որ ով մեզ հետ չէ, մեր դեմ է, սակայն վրացական համատեքստում հետաքրքրական է, որ սահմանադրական փոփոխություն ասելով տվյալ դեպքում Իվանիշվիլին նկատի ունի կառավարությունն առանց խորհրդարանի փոխելու արգելանքը հանելը: «Ձեր նախնական պատասխանն անհրաժեշտ է, որպեսզի այդուհետեւ չասեք, թե իբր կողմ էինք քվեարկությանը ճիշտ այնպես, ինչպես հավաստիացնում եք, թե իբր երբեք չեք երազել նստել վարչապետի աթոռին», նամակն առանց երկակիության եզրափակել է վարչապետ Իվանիշվիլին: |