ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԳՅՈՒՄՐՈՒ ԿԱՏԱՐԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի Այն, ինչ փետրվարի 18-ին կատարվեց հանրապետության երկրորդ քաղաքում ու վերջին հաշվով նաեւ Շիրակի մարզում (ինչպես եւ, ի դեպ, հանրապետության մի շարք այլ, հատկապես քաղաքային բնակավայրերում), գոնե արձանագրված արդյունքի առումով աննախադեպ է հայաստանյան ընտրությունների պատմության մեջ: Եվ անսպասելի նույնիսկ իրենց` ընտրողների համար: Այդ օրը կայացած նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքներով, ինչպես հայտնի է, Գյումրիում ձայների բավական մեծ առավելությամբ հաղթեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ոչ իշխանական թեկնածուն առավել թվով ձայներ է ստացել մարզի մյուս երկու` Արթիկ, Մարալիկ քաղաքներում եւս, ինչպես եւ, ընդհանուր առմամբ, մարզում: Անկախ այն բանից, թե ով է ի վերջո հանրապետությունում ավելի շատ քվեներ ստացել եւ ընտրվել նախագահ, այստեղ տեղի է ունեցել, թվում է, շատ կարեւոր մի բան: Ընտրողը մի անգամ, թեկուզ այդ պահին դեռ թույլ ու ոչ այնքան վստահ, հավատացել է իրեն, իր ձայնին: Եվ ընտրողի ձայնը տեղ է հասել: Թվում է` սա նախ մարդկանց գիտակցության մեջ կատարված ամենակարեւոր փոփոխությունն ու բեկումն է, մի նոր իրողություն եւ էական քայլ առաջ` մեր երկրում իրական ժողովրդապետության հաստատման ճանապարհին: Եվս մի առաջընթաց քայլ, մեր կարծիքով, ամբողջ բնակավայրերում ու մարզում ընդդիմության թեկնածուի հաղթանակի նաեւ պաշտոնական արձանագրումն է, ինչը նույնպես նախկինում դժվար էր պատկերացնել... Եթե հիշենք նաեւ, որ անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններում էլ իշխող քաղաքական ուժը Շիրակում պարտություն էր կրել, կարող ենք անվարան ասել, որ մարզի ընտրողներն ինչպես ԱԺ, այնպես էլ ներկա նախագահական ընտրություններում ոչ այնքան կողմնորոշվել են անձերի միջեւ, որքան դեմ են քվեարկել կամ, համենայն դեպս, իրենց դժգոհությունն են արտահայտել գործող իշխանական համակարգից: Իսկ ոչ իշխանական թեկնածուների միջեւ ընտրությունն արդեն, ներկա դեպքում, կատարվել է ըստ ընկալված անձնական հատկանիշների, ընտրողն ինքն է իր համար վճռել «միասնական թեկնածուի» հարցը: Իշխանության թեկնածուները, սովորաբար, ընտրություններում երկակի վիճակում են լինում, ունենալով մի կողմից առավելություն` մեր երկրում մինչեւ այժմ ակտիվ գործադրված վարչական ռեսուրսի տեսքով, մյուս կողմից որոշ աննպաստ դիրք` որպես իշխանության ներկայացուցիչ ավել կամ պակաս չափով պատասխանատու լինելով երկրում առկա բազում հիմնախնդիրների ու բացասական երեւույթների, հենց իշխանության դիմագծի ու գործելակերպի համար: Իսկ երբ խոսքը հանրապետության առաջին դեմքին է վերաբերում, պատասխանատվության չափը, բնականաբար, ամենամեծն է: Երկրի ընտրողների բավական ստվար մասի այս անգամ արձանագրված փաստացի «դեմ» քվեարկությունը ոչ թե դրա համար առանձին կամ մի քանի մեղավորներ փնտրելու, կամ որ ավելի վատ է` տվյալ վայրերի ընտրողներից նեղանալու առիթ, այլ իշխանության համար լուրջ սթափեցնող ազդանշան պետք է լինի` շատ բան փոխելու նախ իր` իշխանական համակարգում ու նրա գործելակերպում, ապա եւ երկրում: Գյումրու պարագայում սա կուտակված ավելի քան երկու տասնամյա դժգոհությունն էր պետական իշխանությունից, ոչ միայն ներկա իշխանությունից: Ավերիչ երկրաշարժից քսանհինգ տարի հետո էլ այստեղ խնդիրներն այնքան շատ են, որ կատարված լավն էլ դրանց մեջ ասես կորչում է: Առաջին ու թերեւս կարեւորագույն խնդիրն այն է, որ անցած այսքան տարիների ընթացքում այստեղ աղետի գոտու վերականգնման ջանքերն ուղղված են եղել հիմնականում միայն շենքերի` բնակարանների, դրպրոցական, առողջապահական եւ այլ օբյեկտների շինարարությանը, իսկ երբեմնի արդյունաբերական քաղաքի արդյունաբերությունը, տնտեսությունը բոլոր այս տարիների ընթացքում ասես հետեւողականորեն մարվել է: Միայն տեքստիլ կոմբինատում ժամանակին 7800 մարդ է աշխատել, դրանով այդքան ընտանիք է պահվել: Քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններում, տնտեսության մեջ 45 հազար մարդ է զբաղված եղել, որի կեսից մի փոքր պակասը` թեթեւ արդյունաբերությունում... Այդ ամենը վաղուց չկան: Բնակավայրից խլվել է իր կենսագործունեության երկարամյա հենքն ու առանցքը եւ տեղը ոչինչ չի դրվել, համապատասխան որակյալ մասնագետների, ինժեներատեխնիկական աշխատողների մաշվող բանակը մնացել է բախտի քմահաճույքին... Երբ մայրաքաղաքից հետո ամենամեծ քաղաքում չկան աշխատատեղեր, քաղաքի բնականոն կենսագործունեության պայմաններ, ի՞նչ պիտի անի եւ նրա աճող երիտասարդությունը, որն այստեղ ապագա չունի: Գյումրին այս իմաստով մի տեսակ դատապարտվածի վիճակում է, չկա տեսանելի հեռանկար, չկան նրա «վերակենդանացման» գործող պետական ամբողջական հայեցակարգ, քաղաքականություն, ծրագիր: Եթե չհաշվենք քաղաքում տակավին չընկալված, անհասկանալի մնացող տեխնոպարկը, չկան տնտեսությանն ու զբաղվածությանը միտված լուրջ պետական եւ այլ ներդրումներ: Այն դեպքում, երբ Գյումրին ինքը արդեն պիտի կարողանար օգնել իր վերականգնմանը, իր ու երկրի զարգացմանը, քաղաքը որպես գործազուրկ ու աղքատ մի մարմին կախված է մնում պետության հոգնող պարանոցին... Ո՞ւմ օգտին պիտի քվեարկեին այս տարիների ընթացքում այդ աղքատության պատճառով նույնիսկ ստացած բնակարանները վաճառած ու կրկին անտուն մնացած շատերը, դեռ որոշ թիվ կազմող` վաղուց փտած տնակների անմարդկային պայմաններում գետնաքարշ ու նվաստացուցիչ գոյություն պահպանող ընտանիքների անդամները, քաղաքում ութսունի հասնող եւ նորոգման ծրագրեր մտնելու տեսանելի հեռանկար չունեցող, երկրաշարժից երրորդ եւ չորրորդ աստիճանի վթարային բնակելի շենքերի անտուն, բայց նաեւ անօթեւան չճանաչված բնակիչները... Դժգոհություններն, իհարկե, միայն սոցիալական չեն: Այս կենսապայմաններում երկրում առկա ընդհանուր հիմնախնդիրներն ու բացասական երեւույթներն էլ ավելի ցավագին արտահայտություն ու հետեւանքներ են ունենում: Հանրապետությունում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտն ու իշխանության օր օրի հեռացումը, օտարացումը ժողովրդից, տնտեսության մենաշնորհացումն ու գնալով ահագնացող սոցիալական բեւեռացումը, զոռբայությունը, ընտրական համակարգի նկատմամբ ոչ անտեղի ձեւավորված անվստահությունը ցնցում են հասարակությունը, խթանում արտագաղթը: Այս անգամվա քվեարկությունը թերեւս առավել ակնհայտ է դարձնում երկրում լուրջ փոփոխությունների օբյեկտիվորեն հասունացած լինելն ու դրա սպասման առկայությունը, դեպի մարդն ու նրա կենսակերպն ուղղված քայլերի հրամայական պահանջը: Մարդիկ ուզում են գոնե մի քիչ էլ իրենք լավ ապրեն: Ի դեպ` արտագաղթի մասին: Գյումրիում երեւի չկան ընտանիքներ, գերդաստաններ, որոնց անդամների թվի գոնե կեսը «դրսում» չլինի, եւ չկա մարդ, որ օտարության մեջ կյանք մաշող հարազատ չունենա: Մեր բակի հարեւան չորս եղբայրներից երկուսի ընտանիքներն ամբողջ կազմով, միասինՙ ութ-ինը անձ, մեկ տասնամյակից ավելի գնացել են: Նման հարցում մեղադրելով հանրապետության բոլոր տարիների իշխանություններինՙ ոչ իշխանական թեկնածուին ձայն տվողները նաեւ գնացածների վերադարձին նպաստելու նրա խոստմանն են ցանկացել հավատալ: |