ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԸ «ԾԵԾԵԼ» ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ... ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ Վ. ՊՈՂՈՍՅԱՆ «Սումգայիթի դեպքերը 25 տարի անց. ներկա վիճակն ու ապագա հեռանկարները Լեռնային Ղարաբաղի բնակչության համար» խորագիրը կրող միջոցառումը, որ անցկացվել է փետրվարի 26-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի սրահներից մեկում ֆրանսիացի խորհրդարանական Ֆրանսուա Ռոշբլանի նախաձեռնությամբ ու մի շարք խորհրդարանականների մասնակցությամբ, դարձել է ազերպրոմի հերթական թեման` աշխարհին աղավաղված, կեղծված տեղեկություններ փոխանցելու համար: Իսկ պատճառը բնավ էլ ոչ այնքան միջոցառման բովանդակությունն է, այլ այն, որ այդ ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ, ընդ որում` վերջիններիս նախահարձակ լինելու հետեւանքով: Միջոցառումը նվիրված է եղել Սումգայիթի զոհերի հիշատակի 25-ամյա տարելիցին, որի ընթացքում երկու ադրբեջանցի ուսանող հայտնվել են սրահում, ներս մտնելուն պես սադրիչ գործողությունների են գնացել: Մասնավորապես, երբ միջոցառման մասնակիցները լռությամբ հարգել են զոհերի հիշատակը, ադրբեջանցիները ոտքի չեն կանգնել, իսկ երբ նրանց է մոտեցել միջոցառման կազմակերպիչներից Հրաչ Վարժապետյանըՙ հասկանալու, թե ինչու են անհարգալից վերաբերվում Սումգայիթի զոհերի հիշատակին, ադրբեջանցիներից մեկը սկսել է բղավել, թե ոտքի կկանգնի միայն հարգելու «Խոջալուի զոհերի հիշատակը»: Այդուհետեւ ադրբեջանցին հարվածել է Վարժապետյանին, որի կողքին հայտնված մի խումբ հայերի ու ադրբեջանցիների միջեւ ծեծկռտուք է սկսվել: Ու մինչ ներկաները փորձել են բաժանել ծեծկռտուքի մասնակիցներին ու ներս են մտել Ֆրանսիայի խորհրդարանի անվտանգության աշխատակիցները, «անսպասելիորեն», հայտնվել է նաեւ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեյովը իր շքախմբով ու հանդես եկել դատապարտմամբ: Ադրբեջանական մամուլն այս ամենը բավականին ծաղկեցրել է, ներկայացնելով, թե իբր հայերը փակել են սրահի դուռն ու «ֆրանսիացի ներկաների հետ սաստիկ ծեծել են ադրբեջանցիներին»: Մինչդեռ իրականում ադրբեջանցի ուսանողները, ակնհայտորեն Ադրբեջանի դեսպանատան դրդմամբ, իրենք են սադրել ծեծկռտուքը, թերեւս մի տարբերությամբ, որ շահեկան չեն դուրս եկել: Այլապես առնվազն տարօրինակ կլինի մտածել, թե Ադրբեջանի դեսպանները նախընտրում են քնել այլ երկրների խորհրդարաններում ու միանգամից արձագանքել նման իրավիճակների: Ֆրանսիայի Նոր սերունդ կազմակերպությունը տեղի ունեցածից հետո չեղյալ է հայտարարել նախապես փետրվարի 27-ին Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան առջեւ ծրագրված բողոքի ակցիան: Հայ դատի ֆրանսիական գրասենյակն էլ միջադեպի առնչությամբ եւ այս համատեքստում հանդես է եկել հայտարարությամբ, ընդգծելով, որ ադրբեջանական սադրանքն իրականացվել է Ադրբեջանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիան տապալելու համար, ավելացնելով, որ ադրբեջանական մամուլի հրապարակումները, թե ադրբեջանցիներին ծեծելով լուրջ վնասվածքներ են հասցվել, նաեւ կոտրվածքներ` իրականությանը չեն համապատասխանում: Ավելին, մեր որոնումները կայքէջերում, «ծեծված ադրբեջանցիների» լուսանկարներ գտնելու առումով, անհաջողության մատնվեցին, քանի որ «ամենածեծված» վիճակը առանց որեւէ անգամ կապտուկի աչքի բժշկի հսկողությանը հանձնված ադրբեջանցի սադրիչներից մեկն էր, իգական սեռի, որը, սակայն, նույն ադրբեջանցիների իրար չհամապատասխանող հայտարարություններից մեկի համաձայն` չէր էլ ծեծվել, այլ հասցրել էր «փախչել»: Նույն միջադեպի կապակցությամբ Փարիզից լրագրող Ժան Էսքիյանը «Ազգին» տեղեկացնում է, որ միջոցառումը կազմակերպված է եղել ՀՅԴաշնակցության կողմից: Ժ. Էսքիյանը հաստատելով, որ պրովոկացիան նախօրոք կազմակերպված է եղել Ադրբեջանի դեսպանության կողմից, որպես ապացույց այն փաստն է բերում, որ ադրբեջանցիք զինված են եղել հեռուստատեսային տեսախցիկներով: |