«...ԼԱՎ ԿԼԻՆԵՐ, ՈՐ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՉԽԱՌՆՎԵՐ ԱՅԴ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ» Վ. Պ. Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը ավստրիական գործակալությանը «Ադրբեջանը մերժում է ԼՂ հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող Մինսկի խմբի եռանախագահներիՙ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի կողմից հակամարտության խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ բոլոր առաջարկները: Մերժում է նույնիսկ վստահության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվումՙ զինադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման, հրադադարի խախտումների վերաբերյալ հետաքննության մեխանիզմի ստեղծման», ավստրիական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես կարելի է արդյունքի հասնել Հայաստան-Ադրբեջան բանակցություններում: Ըստ Նալբանդյանի, ադրբեջանցիները «պատրանք ունեն, որ նավթից եւ գազից հեշտ ստացված եկամուտներով իրենք կարող են գնել ամեն ինչՙ բարեկամներ միջազգային բեմահարթակում, իրենց համար նպաստավոր լուծումներ»: «Ինչո՞ւ մինչ այսօր չի ստացվում կարգավորման հասնել: Որովհետեւ միջազգային հանրությունը եւ Ադրբեջանը խոսում են տարբեր լեզուներով: Այն ժամանակ, երբ մենք հավաքվել ենք Վիեննայումՙ խթանելու քաղաքակրթությունների երկխոսությունը, Ադրբեջանի եւ միջազգային հանրության միջեւ խորանում է քաղաքակրթական անդունդը: Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաները քարոզում են անհանդուրժողականություն, ատելություն, քարոզում են պատերազմ, հերոսացնում են ռասիստ մարդասպաններին: Իսկ խաղաղության, համերաշխության կողմնակիցներին, ինչպես ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին, սպառնում են ականջ կտրել», ըստ ԱԳՆ հաղորդագրության` նշել է Նալբանդյանը: Թե որքանով «ԼՂ հիմնախնդիրը կախված է Թուրքիայից»` Հայաստանի ԱԳ նախարարը նշել է, որ Թուրքիան միակողմանիորեն պաշտպանում է Ադրբեջանին, ուստի միջնորդ լինել չի կարող: «Եթե Թուրքիան իսկապես ցանկություն ունի նպաստելու խաղաղ կարգավորմանը, լավ կլիներ, որ ընդհանրապես չխառնվեր այդ գործընթացին», առանց այլեւայլության նշել է Նալբանդյանը: Իսկ որ հայ-թուրքական արձանագրությունները չվավերացվեցին ու այդպես գործընթացը ձախողվեց` Նալբանդյանը ներկայացրել է, որ փաստացի «Թուրքիան մերժում է միջազգային հարաբերությունների կարեւորագույն pacta sund servanta սկզբունքը ՙ պայմանավորվածությունները պետք է հարգվեն»: 100 տարի անց էլ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջը Թուրքիային ներկայացնելն, ըստ Հայաստանի արտգործնախարարի, մարդկության առջեւ պատասխանատվություն էՙ «թույլ չտալու նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնությունը»: Ընդ որում, Հայոց ցեղասպանությունը դեռեւս չճանաչած Ավստրիայի հարցում Նալբանդյանը հույս է հայտնել, թե Ավստրիան եւս, ինչպես Եվրոպայի եւ աշխարհի այլ երկրներ, կճանաչի այն: |