«ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» Հ. ՉԱՔՐՅԱՆ Եզրակացնում է թուրք քաղաքագետըՙ հիմք ընդունելով վերընտրվելու առնչությամբ ՌԴ նախագահի եւ արեւմտյան երկրների ղեկավարների հղած շնորհավորանքը Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահական վերջին ընտրությունների նկատմամբ թուրքական շրջանակները թեեւ անտարբեր չէին, բայց առանձնակի հետաքրքրություն էլ չէին ցուցաբերում: Դրա վկայությունը թերեւս ընտրությունների մասին մամուլում հրապարակվող նյութերի սակավությունն էր: Հետընտրական զարգացումները որոշակի ակտիվացրել են թուրքական մամուլին: Ակտիվանում են նաեւ ռազմավարական առանձին կենտրոնները: Երկու դեպքում էլ ակնհայտ են հայատյացությամբ համեմված միտումները: Քանի որ դրանք արտահայտում են Թուրքիայի քաղաքական շրջանակների, թուրքական մամուլի եւ ռազմավարական կենտրոնների ցանկատեսությունը, ուստի հետաքրքրական են դառնում նաեւ մեր հասարակության համար: «Ազգի» նախորդ համարներում մեկ-երկու թուրքական հոդված արդեն ներկայացրել ենք: Այս համարում մասնակի կրճատումներով ներկայացնում ենք Յալովայի համալսարանի միջազգային քաղաքագիտության ակադեմիայի աշխատակից Ալի Քոջայի «Հայաստանի ընտրություններն ու արդյունքները» հոդվածը, հաշվի առնելով այն, որ հոդվածում Թուրքիայի ցանկատեսությունը համադրվում է հայատյացության թուրքական դրսեւորումների հետ: Ահա թե ինչ է գրել Ալի Քոջան երեկ «Հայթերթում» արտատպված հոդվածում. «Փետրվարի 18-ին Հայաստանում նախագահական ընտրություններն էին: Հայաստանն առավել ժողովրդավարական է համարվում ԱՊՀ երկրների մեջ: Դրանով հանդերձ երկրում տեղի ունեցան նախագահական ընտրությունները մթագնող մի շարք միջադեպեր: Թեկնածուներից մեկը ինքնաբացարկի դիմեց, մյուսը հացադուլ հայտարարեց, երրորդը հրաժարվեց քվեարկելուց, չորրորդը ենթարկվեց մահափորձի, իսկ հինգերորդը մեղարդվեց այդ մահափորձն իրականացնելու մեջ: Մյուս թեկնածուներն էլ ընտրություններից օրեր առաջ շտապեցին ապօրինի որակել դրանք: Հետեւաբար անեկդոտ պետք է համարել ԱՊՀ երկրների մեջ Հայաստանին առավել ժողովրդավարական բնութագրելու միջազգային դրսեւորումները: Ընտրությունների առաջին փուլում Սերժ Սարգսյանը, ստանալով ընտրողների ձայների 58 տոկոսը, հասավ հաղթանակի: Սարգսյանի այս հաղթանակը պայմանավորված է զորեղ մրցակցի բացակայությամբ: Հիրավի, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ելնելով նախորդ խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության կրած պարտությունից, չառաջադրվեց: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, մեծահարուստ գործարար Ծառուկյանն էլ Սերժ Սարգսյանին հանդիպելուց հետո որոշեց չառաջադրվել: Նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի չառաջադրվելն ու ծայրահեղ ազգայնամոլ Դաշնակցության թեկնածու առաջադրվելուց հրաժարվելը տեղիք տվեց Սերժ Սարգսյանի հետ նրանց սակարկության կասկածներին: Նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը ստացավ ձայների 36,7 տոկոսը եւ երկրորդ տեղը գրավեց: Հովհաննիսյանն ու մյուս թեկնածուները ընտրությունների առնչությամբ լուրջ մեղադրանքներ հարուցեցին իշխանություններին: Բայց ապարդյուն, որովհետեւ Ռուսաստանի նախագահ Պուտինն ու արեւմտյան տերությունների ղեկավարներն արդեն շնորհավորել են Հայաստանի վերընտրված նախագահին: Ըստ երեւույթին, Ռուսաստանն ու Արեւմուտքի երկրները Հայաստանում անորոշություն կամ նոր խնդիր չեն ցանկանում: Արեւմուտքը աչք է փակել ռուսամետ Սարգսյանի խարդախություններին, որպեսզի չզայրացնի Ռուսաստանին եւ հավելյալ դժվարություններ չհարուցի քրիստոնյա Հայաստանին: Անկախ գործադրած բուռն ջանքերից, Սարգսյանի պաշտոնավարման առաջին ժամկետն առանձնապես փայլուն չի եղել: Հայաստանում բնակչության շուրջ 70 տոկոսն աղքատության շեմին է, միջին աշխատավարձը երկրում կազմում է 15 դոլար, իսկ պետական ծառայողներինըՙ 50 դոլար: Քանի որ ընտրությունների հաղթողը Սարգսյանն է, ուստի ավելորդ է Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ կտրուկ տեղաշարժեր ակնկալելը: Հայաստանը կզարգացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ կշարունակի հետամուտ լինել ռուսակենտրոն արտաքին քաղաքականությանը: Հավանական չի թվում նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում փոփոխությունների իրականացումը: Սակայն դա սոսկ Սարգսյանով պայմանավորված չէ: Ներկա պահին խիստ հագեցված է Թուրքիայի ներքին եւ արտաքին քաղաքականության օրակարգը: Նոր սահմանադրություն մշակելու աշխատանքները, Անկարայի սիրիական քաղաքականությունը եւ կարեւոր այլ խնդիրներ բավականաչափ զբաղեցնում են թուրքական կառավարությանը: Հետեւաբար անհնար է թվում հայ-թուրքական երկխոսության վերսկսումը: Էլ չենք խոսում ինչպես Թուրքիա-Հայաստան հարաբերությունների, այնպես էլ ղարաբաղյան հիմնահարցի վրա Ռուսաստանի, հայկական սփյուռքի եւ Արեւմուտքի գործոնի ազդեցության մասին: Թերեւս ընտրություններում Հովհաննիսյանի հաղթանակը կարող էր որոշակի փոփոխությունների հնարավորություն ստեղծել: Ինչ խոսք, միաժամանակ ԱՄՆ-ի քաղաքացի Հովհաննիսյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ Ռուսաստանից բացի կզարգացներ համագործակցությունը միջազգային մյուս ուժերի հետ, եւ դա գուցե հանգեցներ Թուրքիայի հետ հարաբերություններում ու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում որոշ փոփոխությունների արձանագրմանը: Այս ամենի առումով պատահական չեն ռուսական մամուլի հորդորները, ըստ որոնցՙ Ռուսաստանի շահերին հետամուտ լինելու համար ռուսական կառավարությունը պետք է շփումներ հաստատի Րաֆֆի Հովհաննիսյանի եւ մյուս հայ գործիչների հետ»: |