ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՐԱՖՖԻՆ ՃԻՇՏ ՈՒՂԻ Է ԸՆՏՐԵԼ» Հ. Հ. Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը 5 կարեւորագույն խնդիր է առանձնացրել, որոնց լուծումը կօգնի Հայաստանին ներքաղաքական կյանքում ստեղծված իրավիճակից դուրս գալու: Սեֆիլյանն առաջարկում է մեր պատկերացրած երկրի տեսլականը ձեւակերպել եւ դրան հասնելու ծրագիր մշակել, համախմբել հայության մտավոր ու գաղափարական ներուժը ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում: Սեֆիլյանի գնահատմամբՙ քաղաքական սերնդափոխություն է անհրաժեշտ, որտեղ կարեւոր է ոչ միայն տարիքը, այլեւ որակը: Պետք է ձեւավորվի կոլեգիալ որոշումներով առաջնորդվելու սկզբունք եւ գտնել մեխանիզմ, որը պետք է կանխարգելի այն երկվությունը, ըստ որի հեղափոխություն իրականացնում են ռոմանտիկները: Անդրադառնալով փետրվարյան ընտրությունների արդյունքներին եւ Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքներինՙ Սեֆիլյանն ասաց, որ Րաֆֆին ճիշտ ուղի է ընտրել: «Մենք պատրաստ ենք այդ ուղուն աջակցել: Նա հնչեցրեց մտքեր, որոնք աննախադեպ էին, որոնք դասական քաղաքական գործելաոճից եւ տրամաբանությունից դուրս էին, նկատի ունեմ այլընտրանքային ուղու տրամաբանությունը: Մինչ օրս ընտրված ուղիները մեզ միշտ տարել են դեպի փակուղի, իսկ այսօր եկել է ժամանակը քաղաքական ստեղծագործության եւ գտնելու այլընտրանք»: |