ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԴՊՐՈՑԻՑ Երեկ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գրասենյակում տեղի ունեցավ մամուլի ասուլիսՙ «Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» թեմայով: Ասուլիսի բանախոսներն էին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը , ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը , Քրոնիմետ բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Սեդրակյանը , «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության հայաստանյան ներկայացչության գործառությունների ղեկավար Շաղիկ Մարուխյանը : Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության, «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի եւ Քաունթերփարթի Հայաստանի հետ համագործակցությամբ, նախաձեռնում է Հայաստանի 50 դպրոցներում ստեղծել ռոբոտաշինության խմբակներ: Նախաձեռնության նպատակն է հետաքրքրություն առաջացնել աշակերտների մեջ ռոբոտատեխնիկայի ոլորտի նկատմամբ, զարգացնել ճարտարագիտական մտածելակերպը, ինչպես նաեւ ապագա ուսանողներին նախապատրաստել տեխնիկական համալսարաններում սովորելուն: «Տարեցտարի ավելանում է ռոբոտաշինությամբ հետաքրքրվող եւ ռոբոտների մրցույթներին մասնակցել ցանկացող երեխաների թիվը, ովքեր, ի դեպ, բավական մեծ հաջողություններ են գրանցում մրցույթների ժամանակ: Զարգացումներին ավելի մեծ ընթացք տալու նպատակով միությունը նախագծել է ուսումնական խմբակի համար նախատեսված ռոբոտի կոմպլեկտ: Ներկայումս նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր, ինչի շրջանակներում Հայաստանի 50 դպրոցների կտրամադրվեն համապատասխան ուսումնական ռոբոտների կոմպլեկտները»,- նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: «Ռոբոտաշինության զարգացումը մեր երկրի մրցունակության ամրապնդման հեռանկարներից մեկն է: Հետեւաբարՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ն հնարավոր բոլոր միջոցներով աջակցում է այդ ոլորտի զարգացումը խրախուսող նախաձեռնություններին: Դպրոցական տարիքին հատուկ ոգեւորությունը, հետաքրքրությունը, նորը սովորելու եւ յուրացնելուՙ ներքին պահանջը, դպրոցը դարձնում են իդեալական միջավայրՙ Հայաստանում ռոբոտաշինության ամուր հիմքեր ստեղծելու համար: Վստահաբար, այս երեխաներից շատերը կցանկանան մասնագիտանալ հենց ռոբոտաշինության ուղղությամբՙ դառնալով աշխարհի այդ գերկարեւոր ոլորտում մեր երկրի մրցակցային առավելության կրողները»,- նշում է Ռալֆ Յիրիկյանը: «Ռոբոռաշինության զարգացումը նաեւ որոշակիորեն կնվազեցնի «ուղեղների արտահոսքը»,- ավելացրեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը: Դպրոցներում խմբակների դասընթացները նախատեսվում է սկսել 2013թ.-ի սեպտեմբերից: Ծրագրի շրջանակներում` հունիս-հուլիս ամիսներին, նախատեսվում է նաեւ համապատասխան դպրոցների ուսուցիչների վերապատրաստում: Ուսումնական ռոբոտները հնարավոր կլինեն ծրագրավորել Լաբվյու, «Մայքրոսոֆթ ռոբոտիքս ստուդիո» ծրագրերի միջոցով: Մինչ այժմ ռոբոտաշինության խմբակներ առկա են Երեւանում գործող Այբ դպրոցում, Քվանտ եւՊոլիտեխնիկ վարժարաններում, իսկ մարզերից` Ախթալայում, Սիսիանում, Կապանում, Գյումրիում եւ Թալինում: |