RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28 > #029, 2013-03-01 > #030, 2013-03-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 28-02-2013



Տարաբնույթ

Տեղադրվել է` 2013-02-27 23:35:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 2281, Տպվել է` 117, Ուղարկվել է էլ.փոստով` 89

9-ՐԴ ԱՐՎԵՍՏ ԿԱՄ ՆՈՐ ԺԱՆՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՈՒՄ

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Շվեյցարացի նկարիչ Ռուդոլֆ Տյոպֆերը, երբ 19-րդ դարում առաջին անգամ Շվեյցարիայում պատկերեց ուրախ պատմություններն իրար հաջորդող կոմիքսներով, այդ ժամանակ ընթերցողները թերեւս չէին էլ պատկերացնում, որ տարիներ անց գրաֆիկական վեպերը, զարգանալով կոմիքսների հիմքի վրա, պատկերելու են անգամ ամենալուրջ դրամատիկական ու փիլիսոփայական գործերը:

Ի՞նչ է գրաֆիկական վեպը

Եթե հակիրճ բացատրենք, ապա կարող ենք պատկերացնել, թե գրաֆիկական վեպը որեւէ ֆիլմ է ամփոփված գրքում, սակայն գրքում այն պատկերված է սեղմ ու խտացված: Պատկերացրեքՙ կինոնկարից վերցվում են հիմնական տեսարանները, որոշ դետալներ, դերասանների դեմքերի արտահայտություններն ու ամփոփվում են գրքում: Գրաֆիկական վեպի դեպքում ընթերցողը նկարագրությունները չի կարդում տեքստերով, ասենք, հերոսների, բնության կամ որեւէ ինտերիերի նկարագրությունները դուրս են գալիս, ու ինչպես ֆիլմում, ընթերցողը դրանք եւ սյուժեի զարգացումները տեսնում է պատկերներով ու կարդում միայն կարճ տեքստերը կամ երկխոսությունները, բայցեւ կան գրաֆիկական վեպեր, որոնց պատկերապատումներն ընդհանրապես առանց տեքստերի ու երկխոսությունների են:

Գրաֆիկական վեպերի նկարիչ Տիգրան Մանգասարյանը բացատրում է, որ գրաֆիկական վեպը հայ ընթերցողին անծանոթ ժանր է, սակայն դրա համար մտահոգվել պետք չէ, որովհետեւ ուրիշ շատ երկրներում էլ գրաֆիկական վեպերը դարձյալ զարգացած չեն ու անծանոթ են ընթերցողներին:

«Հայաստանում գրաֆիկական վեպի ժանրին ծանոթ են փոքրաթիվ մարդիկ: Բայց այս արվեստն էլ հետզհետե պետք է ներկայացնենք ու սովորեցնենք, թե ինչպես կարդան գրաֆիկական վեպերը: Սկզբում իհարկե դժվար է լինելու, քանի որ գրքի մեր շուկայում սա անծանոթ ապրանք է», ավելացնում է Տիգրան Մանգասարյանը:

Գրաֆիկական վեպը չնայած համարվում է ֆրանսիական մշակույթ, սակայն դրա նախաշավիղը Շվեյցարիան է, որտեղ նկարված առաջին կոմիքսները ջերմ ընդունելություն գտան Ֆրանսիայում: Ու քանի որ ֆրանսիացիներն ունեն արվեստին վճարող բավականաչափ մեծ շուկա, Ֆրանսիայում գրաֆիկական վեպը զարգացավ ու հատկապես վերջին 15 տարիներին սկսեց կիրառվել անգամ դրամատիկ գործեր ներկայացնելիս:

Տիգրան Մանգասարյանը ինքն էլ հեղինակել է դրամատիկ մի ստեղծագործություն, որը լույս տեսավ Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ: «Բայց եթե նման գործ լույս տեսներ 60-ական թվականներին, ապա կոմիքսներով դրամատիկական գործ կազմելը կհամարվեր անհեթեթություն», ասում է Տիգրան Մանգասարյանը:

Ֆրանսիայում գրաֆիկական վեպը համարվում է 9-րդ արվեստ, ու դեռ մանկուց ֆրանսիացի երեխաներն անգամ իրենց երկրի պատմությունը կարդում են կոմիքսներով, կամ ինչպես ֆրանսիացիներն են ասում` նայում ու կարդում են նկարված ժապավենով: Կան բազմաթիվ հայտնի ստեղծագործություններ, որոնք վերածվել են գրաֆիկական վեպերի, դրանցից են, օրինակ` «Գանձերի կղզին», «Ռոբինզոն Կրուզոն»:

Զրուցակիցս նշում է, որ գրաֆիկական վեպը կարդալու իր ձեւն ունի, ինչը միայն երկխոսությունները կարդալը չէ. հարկավոր է հասկանալ նկարները: «Մարդիկ կան, որ ասում են` մի օրում կարդացի, մի բան չէր, սակայն գրաֆիկական վեպերը պետք է ընկալել: Օրինակ` ֆրանսիացիները գրաֆիկական վեպեր կարդալուց հաճույք են ստանում», նշում է Տիգրան Մանգասարյանը:

Գրաֆիկական վեպ Արցախի մասին

Նկարիչ Մանգասարյանը պատմում է, որ գրաֆիկական վեպերը Հայաստանում սկսեցին տպագրվել 2008-ից: Մինչ այդ` 2007-ին Տիգրան Մանգասարյանը եւ 3 ֆրանսահայեր ստեղծել էին «Հայաստանում պատկերապատումների զարգացման ասոցիացիան», որը գրանցվեց պատկերապատումների աշխարհի մայրաքաղաք համարվող ֆրանսիական Անգուլեմ քաղաքում: Ասոցիացիայի ստեղծմանը հաջորդեցին երկու փառատոներ ու բազմաթիվ վարպետության դասեր, եւ անցած 4-5 տարիների ընթացքում ավելի քան 30 հայ ստեղծագործողներ մասնակցել են ֆրանսիացի նկարիչների վարպետության դասերին: Հայաստանում արդեն հրատարակվել է գրաֆիկական 5 վեպ, իհարկեՙ 1990-ականներից փոքր գրքույկներ ու բրոշյուրներ եւս հրատարակվել են, սակայն ավելի ծավալուն աշխատանքներն առայժմ 5-ն են. ի դեպ, դրանցից մեկն էլ լույս է տեսել վերջերս ու պատմում է հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու մասին:

«Գտնում ենք` արդեն ժամանակն է, որ ֆրանսիացի նկարիչների` հայ նկարիչներին փոխանցած փորձը վերջապես ստանա գրքի ձեւ: Իսկ մեր ծրագիրը որոշեցինք սկսել Արցախից», նշում է Տիգրան Մանգասարյանը:

Արցախի մասին գրաֆիկական վեպ ստեղծելու նախաձեռնությունը «Շուշվա» ընկերությանն է: «Շուշվայի» գործունեության հիմնական ոլորտը զբոսաշրջությունն է, ու ստեղծված օրվանից ընկերությունը ձեռնամուխ է եղել Արցախը տարբեր կողմերից ներկայացնելու գործին:

Արցախի մասին գրաֆիկական վեպ ունենալու գաղափարի շուրջը ծավալվեց նաեւ գաղափարը մի նախագծի, որի համաձայն` Լեռնային Ղարաբաղում մարտի սկզբից լինելու են գրաֆիկական վեպի վարպետության դասեր, որոնք կանցկացնի Տիգրան Մանգասարյանը: Վարպետության դասերը զուգահեռաբար կանցկացվեն նաեւ ինտերնետով` Facebook սոցցանցով, եւ բացի դասերին ներկա մասնակիցներից` մյուս բոլոր ցանկացողները կարող են համապատասխան նյութերը ստանալ ինտերնետով:

Ղարաբաղի 12 նկարիչներ արդեն մասնակցել են սցենարական դասընթացներին, իսկ մարտի սկզբից, ինչպես նշեցինք, կլինեն նկարչական դասընթացները:

Ընդհանուր հաշվով` նախագծին կմասնակցի շուրջ 14 հեղինակ, հետո նրանք իրենց նկարներով կկազմեն Արցախի մասին գրաֆիկական վեպը:

Ըստ Տ. Մանգասարյանի` վարպետության դասերը պետք է ավարտվեն մինչեւ մարտի կեսերը, եւ հետո` ամիսուկես ժամանակում մասնակիցները պետք է նկարեն Արցախի մասին պատմություններ: Եվ բացառապես ղարաբաղյան պատմությունների վրա հիմնված գրաֆիկական վեպի շնորհանդեսը լինելու է Շուշիում այս տարվա մայիսի 9-ին` հենց Շուշիի ազատագրման օրը:

«Ընտրել ենք պատմությունների այնպիսի շարք, որ նախ կարողանանք ցույց տալ, որ Արցախը շատ հին, քրիստոնեական ու հայկական տարածք է, ապա ծավալվելով` ցույց ենք տալու Արցախն իր տարբեր կողմերից», ասում է զրուցակիցս եւ ընդգծում, որ գրաֆիկական վեպում Արցախը կներկայացվի նորովի:

Արցախում գրաֆիկական վեպերի ծրագրի իրականացմանը «Շուշվա» ընկերությունը ցուցաբերում է իր ֆինանսական աջակցությունը ու մասնակցում կազմակերպչական աշխատանքներին:

Նկարները` Տիգրան Մանգասարյանի, «Լռություն» գրաֆիկական վեպից

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 28-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ