ԵՐԵԿՈ` ՆՎԻՐՎԱԾ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻՆ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Օրերս Արամ Խաչատրյանի անվան տուն թանգարանում տեղի ունեցավ Գարեգին Նժդեհին նվիրված երեկո, որը կրում էր «Անհայտ Գարեգին Նժդեհ» խորագիրը: Գարեգին Նժդեհին նվիրված երեկոն կազմակերպվել էր Անահիտ Ցիցիկյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Նունե Շամախյանի նախաձեռնութամբ եւ Արամ Խաչատրյան տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանի օժանդակությամբ: Միջոցառմանը ներկա էին Գարեգին Նժդեհի թոռնուհին` Էսֆիրա Տրդատյանը եւ ծոռը` Գարեգինը: Երեկոյի ընթացքում Նժդեհի թոռնուհին երիտասարդների համար մանրամասներ, հետաքրքրական դեպքեր էր պատմում Գ. Նժդեհի մասին, ինչպես եւ կիսվում էր իր տատիկից իրեն փոխանցված հիշողություններով, պատասխանում մասնակիցների հարցերին: Երեկոյի ընթացքում ցուցադրվեց Նժդեհին նվիրված վավերագրական ֆիլմ, որում ներկայացված էր նրա կյանքն ու ուղին, ռազմական գործունեությունը: «Ազգը» զրուցեց կազմակերպիչներից Նունե Շամախյանի հետ. «Գարեգին Նժդեհ» ֆիլմը, որը ցուցադրվեց միջոցառման ընթացքում, նկարահանվել է երեք տարի առաջ: Ֆիլմի ցուցադրությանը ցավոք ներկա չէր ռեժիսորըՙ Մանուկ Մուրադյանը, որը մահացել է այս տարի հունվար ամսին: Այս միջոցառման նպատակն էր վավերագրական ֆիլմով լրացնել վերջերս էկրան բարձրացած Հ. Քեշիշյանի կողմից նկարահանված գեղարվեստական ֆիլմի տպավորությունները, ամբողջացնել հանրության կարծիքը Գարեգին Նժդեհի մասին, ինչպես նաեւ կազմակերպել հանդիպում Նժդեհի ազգականների, ժառանգների հետ»,- եւ ավելացրեց. «Ցանկանում եմ, որ մեր երեխաները դաստիարակվեն որպես հայրենասեր մարդիկ»: Զրուցելով ապագա նախաձեռնությունների մասին Նունե Շամախյանը նշեց, որ Ա. Ցիցիկյանի երաժշտական դպրոցն ակտիվ գործունեություն է ծավալում` կազմակերպելով տարատեսակ միջոցառումներ, օրինակՙ շուտով, մարտ ամսին, շեֆական համերգներով պետք է այցելեն ծերանոցներ եւ մանկատներ: Ուրախալի է, որ կան մարդիկ, որոնք մտածում են ապագա սերնդի ճիշտ դաստիարակության մասին, ինչպես նաեւ տարածում են գրագետ մշակույթ: |