«ՎԱՆԱ ԾՈՎՈՒՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԸ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱԹԵՆՔՈՒՄ 2013թ. փետրվարի 18-ին Հունաստանում ՀՀ դեսպանության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ջանքերով Աթենքի «Միկրոկոսմոս» կինոթատրոնում տեղի ունեցավ 2012թ. Լուտրակիում կայացած Պելոպոնեսի առաջին միջազգային կինոփառատոնի մասնակից` ռեժիսորներ Արտակ Իգիթյանի եւ Վահան Ստեփանյանի, սցենարիստներ Արմեն եւ Արեն Վաթյանների «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրությունը: Այն պատմում է Մեծ եղեռնը վերապրած եւ ԱՄՆ գաղթած Կարապետ Փամբուկչյանի մասին, որը ձգտում է ամեն կերպ իր ամերիկանացված սերնդի մեջ արթնացնել ու ամրացնել կորուսյալ Հայրենիքի հետ կապը, ազգային արմատներին վերադարձնել տղային ու թոռանը: Պելոպոնեսի միջազգային կինոփառատոնի տնօրենությունը նախաձեռնել է տարվա ընթացքում Հունաստանի տարբեր քաղաքներում անցկացնել մասնակից երկրների կինեմատոգրաֆիայի երեկոներ` համապատասխան ֆիլմերի ցուցադրությամբ: Առաջին երեկոն նվիրված էր Հայաստանին եւ անցավ Հունաստանի մայրաքաղաքում: Բազմամարդ միջոցառմանը ներկա էին Հունաստանի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, մշակութային ու հասարակական կազմակերպությունների, գիտության, մշակույթի եւ արվեստի ներկայացուցիչներ, լրագրողներ, դիվանագետներ, հունահայ համայնքի, այդ թվում` համայնքային կառույցների ներկայացուցիչներ: Ֆիլմը ջերմ ընդունելության արժանացավ հանդիսատեսի կողմից: |