RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28 > #029, 2013-03-01 > #030, 2013-03-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 28-02-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-02-27 23:35:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 2387, Տպվել է` 99, Ուղարկվել է էլ.փոստով` 95

ԼԵՎՈՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ. «ՄԱՐՏԻՆԵՏԻԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՄԲ ԸՄԲՇԱՄԱՐՏՈՒՄ ԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԵՆ ՍԿՍՎԵԼ»

Ինչպես հայտնի է, ՄՕԿ-ի գործկոմի որոշմամբ առաջարկվել է ըմբշամարտը հանել 2020-ի ամառային օլիմպիադայի ծրագրից, ինչը մարզաձեւի ներկայացուցիչների խիստ դժգոհությունն է առաջացրել: Որպես բողոքի ակցիա օլիմպիական չեմպիոններ, ռուսաստանցի Սագիդ Մուրթազալիեւը եւ բուլղարացի Վալենտին Յորդանովը որոշել են ՄՕԿ-ին վերադարձնել իրենց նվաճած օլիմպիական ոսկե մեդալները: Իսկ օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը բողոքի ավելի կտրուկ ձեւ է ընտրելՙ որոշելով մարտի 1-22-ը հացադուլ անել:

Երեկ մամուլի «Ելակետ» ակումբում հյուրընկալված օլիմպիական խաղերի չեմպիոն, Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն ու մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գեւորգյանը եւս անդրադարձան ՄՕԿ-ի գործկոմի որոշման դեմ ձեռնարկվող քայլերին:

Լեւոն Ջուլֆալակյանը նշեց, որ ինքը լավատես է եւ 99 տոկոսով համոզված է, որ ըմբշամարտը կմնա օլիմպիական խաղերի ծրագրում: Այժմ այդ հարցով համախմբվել են այնպիսի հզոր երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Իրանը, որոնցում ըմբշամարտը մեծ մասսայականություն է վայելում: Մյուս երկրների ֆեդերացիաներն էլ ձգտում են ամեն կերպ օժանդակել բողոքի ակցիաներին:

Առաջին քայլերն արդեն արված են: Բոլորովին վերջերս պաշտոնանկ արվեց ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարտինետին, որի պաշտոնավարության 10 տարիների ընթացքում մարզաձեւում մի շարք փոփոխություններ են մտցվել, որոնք բացասաբար էին անդրադարձել ըմբշամարտի դիտարժանության եւ մենամարտերի արդյունքների վրա: Լեւոն Ջուլֆալակյանը ՄՕԿ-ի գործկոմի որոշումը նաեւ պայմանավորում է Մարտինետիի գործողություններից ՄՕԿ-ի ղեկավարության դժգոհությամբ: Նա հույս հայտնեց, որ ապրիլին ընտրվելիք ֆեդերացիայի նոր նախագահը զգալի բարեփոխումներ կկատարի, կփոփոխվեն գործող մի շարք կանոններ եւ ըմբշամարտը իր նախկին գրավչությունը կունենա:

Սամվել Գեւորգյանն էլ նշեց, որ ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիան ամեն կերպ համագործակցում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի եւ այլ երկրների ֆեդերացիաների հետՙ աջակցելով հարցին դրական լուծում տալուն ուղղված նրանց ջանքերին: Ըստ Գեւորգյանի, Մարտինետին շատ կոռումպացված անձնավորություն էր եւ նրա դեմ պայքարելը դժվար էր: Նրան պաշտոնից զրկելու գործընթացն էլ շատ դժվար է եղել: Ընդամենը մեկ ձայնի առավելությամբ է հաջողվել Մարտինետիին պաշտոնանկ անել:

Լեւոն Ջուլֆալակյանն անդրադառնալով վերջերս Թեհրանում անցկացված ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում հայ ըմբիշների ելույթներին, իր գոհունակությունը հայտնեց արդյունքներից: Նա ընդգծեց, որ հավաքականը մրցումներին մասնակցեց ոչ հիմնական կազմով, ուստի գրաված 4-րդ տեղը 10 հավաքականների միջեւ, որոնց մեծամասնությունը քաշային յուրաքանչյուր կարգում 2 ըմբիշ էր ներկայացրել, պետք է գոհացուցիչ համարել: Քանի որ օլիմպիական նոր ցիկլ է սկսվում, ուստի հավաքականի մարզիչներն այժմվանից մտածում են հերթափոխի մասին: Այդ նպատակով էլ որոշվել էր աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու հնարավորություն ընձեռել հավաքականի մի շարք նորեկների, որպեսզի նրանք եւս փորձ ու հմտություն ձեռք բերեն: Խնդիր է դրվել, որպեսզի քաշային յուրաքանչյուր կարգում 2-3 գրեթե հավասարազոր ըմբիշներ ունենալ հավաքականի կազմում:

Լեւոն Ջուլֆալակյանը հատկապես առանձնացրեց 60 կգ քաշային Ալեքսան Միքայելյանին, որն Իրանում հաղթել էր բոլոր 5 գոտեմարտերում: Լավ տպավորություն էին թողել նաեւ Սարգիս Տոնոյանը (96 կգ) եւ Հարություն Հովհաննիսյանը (55 կգ): Հավաքականի գլխավոր մարզիչը նշեց, որ ներկայումս դժվարին խնդիր է գերծանրքաշային կարգում Յուրի Պատրիկեեւին արժանի փոխարինող գտնելը: Նա այդ կարգում աշխարհի 5 ուժեղագույն ըմբիշներից մեկն է: Պատրիկեեւի անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանն ավելացրեց, որ վերջերս է խոսել ըմբիշի հետ, որը մի փոքր վատառողջ է: Ռուս ըմբիշը դեռեւս վերջնականապես չի որոշել հրաժարվելու Հայաստանի հավաքականում հանդես գալուց: Մարզիչը հույս հայտնեց, որ Պատրիկեեւը կշարունակի մարզումները եւ լավ մարզավիճակում գտնվելու դեպքում կրկին հանդես կգա Հայաստանի հավաքականում:

Լեւոն Ջուլֆալակյանը տեղեկացրեց, որ մեր անվանի ըմբիշներից մեկըՙ Ռոման Ամոյանը լրջորեն է նախապատրաստվում սեպտեմբերին Բուդապեշտում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը: Պեկինի օլիմպիադայի բրոնզե մրցանակակիրը Բուլղարիայում կայացած վարկանիշային մրցաշարում այդ երկրի ներկայացուցչի հետ գոտեմարտում դարձել էր կողմնակալ մրցավարության զոհՙ զրկվելով Լոնդոն մեկնելու հնարավորությունից: Հավաքականի գլխավոր մարզիչը հույս ունի, որ Ռոմանն աշխարհի առաջնությունում վստահ հանդես կգա ու կնվաճի այն մեդալը, որից զրկվել էր մրցավարների խարդավանքների պատճառով Լոնդոնի օլիմպիադային չմասնակցելով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 28-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ