ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵՑ «ԱԿՏՈԲԵԻ» ՀԵՏ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը երկամյա պայմանագիր կնքեց ղազախական «Ակտոբեի» հետ: Նրա տրանսֆերը պատկանում էր լեհական «Յագելոնիային»: «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստը 2012-ի օգոստոսին վարձավճարով տեղափոխվել էր ռուսական «ԲՄԱ-Էներգիա», որտեղից հեռացավ ձմռանը: Արզումանյանն արտերկիր էր մեկնել 2008-ինՙ «Փյունիկից» տեղափոխվելով դանիական «Ռանդերս»: Նա «Ակտոբեի» կազմում հաջող փորձաշրջան անցավՙ մասնակցելով ստուգողական խաղերի: Հետաքրքրական է, որ Արզումանյանը Հայաստանի ազգային հավաքականում իր առաջին գոլը խփել է հենց Ղազախստանի ընտրանունՙ 2007-ի հունիսի 2-ին Ալմա Աթիում գրավելով Դավիթ Լորիայի պաշտպանած դարպասը: «Ակտոբեն» Ղազախստանի առաջնության բրոնզե մեդալակիրն է: 26 հանդիպումներում թիմը վաստակել էր 50 միավորՙ ընդամենը 2-ով զիջելով չեմպիոնի տիտղոսը նվաճած Կարագանդայի «Շախտյորին»: Ղազախստանի նոր առաջնությունը կմեկնարկի մարտի 9-ին: Այդ օրն «Ակտոբեն» կհյուրընկալվի «Վոստոկին»: |