RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2013-02-27 > #028, 2013-02-28 > #029, 2013-03-01 > #030, 2013-03-02 > #031, 2013-03-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 01-03-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-02-28 23:43:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1367, Տպվել է` 59, Ուղարկվել է էլ.փոստով` 50

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է ՆԱԵՎ ԱՅՍ ՏԱՐԻ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դրա կարեւորությունը գյուղացու համար չի կարող հասկանալ միայն գյուղից եւ գյուղատնտեսությունից հեռու մարդը

Գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որ մշտական հոգածության կարիք ունի` նկատի ունենալով ե՛ւ նրա ռիսկայնությունը, ե՛ւ գյուղում ապրող մարդկանց լիակատար կախվածությունը այս ճյուղից: Բարեբախտաբար, դրա գիտակցումը արդեն կա նաեւ մեր երկրում: 90-ականների «վայրի լիբերալիզմից» հետո, երբ իշխանությունները հայտարարում էին, որ իրենք չպետք է խառնվեն տնտեսությանը, դրանով իսկ ազատելով իրենց պարտականությունները կատարելուց եւ 2000-ականների անտարբերությունից հետո, վերջին 2-3 տարիներին պետությունը սկսեց գյուղատնտեսության լայնածավալ օժանդակության ծրագրեր իրականացնել: Դրանք ընդգրկեցին տասնյակհազարավոր գյուղացիական տնտեսություններ: Հիշեցնենք այդ ծրագրերից հիմնականները:

Պետական բյուջեից մոտ 32 մլրդ դրամ հատկացվեց 2011-ին եւ 2012-ին բանկերի կողմից տրվող գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորմանը: 14 տոկոս կազմող գյուղվարկերի 4 տոկոսի, իսկ լեռնային եւ սահմանային գյուղերում 6 տոկոսի ֆինանսավորումը պետությունը վերցրեց իր վրա: Դա հնարավորություն տվեց զգալիորեն ավելացնելու վարկեր վերցնողների թիվը: Անցած երկու տարիներին այդ վարկերից օգտվեցին, ինչպես երեկ հայտնեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, 43 հազար գյուղացիական տնտեսություններ: Նա նաեւ հայտնեց, որ այս տարի գարնանացանի համար նույն նպատակով պետությունը կհատկացնի եւս 7,5 մլրդ դրամ:

Հաջորդը դիզվառելիքի եւ պարարտանյութի ձեռքբերման ծախսերն էին: Առաջինի դեպքում կառավարությունը գյուղացիներին տրամադրեց 12,5 հազար տոննա դիզվառելիք` շուկայական գնից զգալիորեն ցածր գնով` 1 լ-ը 350 դրամով: Այսինքն, վառելիքի շուկայական գնի եւ գյուղացիներին մատակարարման գնի տարբերությունը փոխհատուցվեց պետության կողմից:

Պարարտանյութերի տրամադրման ծրագրի շրջանակներում էլ անցյալ տարի մոտ 25 հզ. տոննա ամոնիակային սելիտրան գյուղացիներին տրամադրեց դարձյալ շուկայականից ցածր գներով` 1 կգ-ն 120 դրամով կամ 1 պարկը 6 հզ. դրամով:

Կարեւորն այն է, որ այս տարի եւս նման ծրագրերը շարունակվելու են, քանի որ առանց դրանց դժվար է գյուղատնտեսության մեջ նկատելի զարգացումներ ակնկալել: Քանի դեռ գյուղատնտեսությունը շարունակում է մնալ ռիսկային եւ իրատեսական չէ գյուղատնտեսության ապահովագրությունը, պետական աջակցության ծրագրերը նաեւ ռիսկի որոշ մաս են վերցնում իրենց վրա:

Այս ամսին տեղի ունեցած կառավարության նիստերից մեկում հաստատվեցին 2013 թվականի համար մատչելի գնով դիզելային վառելանյութ եւ ազոտական պարարտանյութ ձեռք բերելու նպատակով պետական աջակցության ծրագրերը եւ դրանք իրականացնելու նպատակով գյուղատնտեսության նախարարությանը հատկացվեց ավելի քան 3 մլրդ դրամ: Աջակցության շնորհիվ հանրապետություն ներկրվելիք ավելի քան 27 հազար տոննա ազոտական պարարտանյութի 50 կիլոգրամանոց պարկը գյուղացիներին այս տարի եւս կվաճառվի 6 հազար դրամով, իսկ ավելի քան 17 հազար տոննա լիտր դիզելային վառելանյութի ամեն մի լիտրը` 350 դրամով: Այսինքն, բացի նրանից, որ գյուղատնտեսության աջակցության ծրագրերը շարունակվում են, ավելանում են դրան հատկացվող միջոցները, հետեւաբար կավելանա նաեւ օգտվողների թիվը:

Գյուղատնտեսության պետական աջակցության մյուս բաղադրիչը գյուղացիներին սերմացու տրամադրումն է: 2013-ի գարնանացանի ժամանակ հողօգտագործողներին աջակցություն ցուցաբերելու եւ սերմացուի պահանջարկը մասամբ բավարարելու նպատակով կառավարությունն իր նախորդ նիստում հաստատել է գարու, եգիպտացորենի, առվույտի եւ կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը: Համաձայն այդ ծրագրիՙ արտերկրի եւ տեղական սերմնարտադրող կազմակերպություններից ձեռք կբերվի եւ գյուղացիական տնտեսություններին կտրամադրվի 850 տ գարնանացան գարու, 11 տ եգիպտացորենի, 37 տ առվույտի եւ 530 տ կորնգանի սերմացու: Եթե դիզվառելիքն ու պարարտանյութը պարզապես անհրաժեշտ պայմաններ են գյուղատնտեսության եւ մասնավորապես հողագործության մեջ, ապա տրամադրվող սերմացուի շնորհիվ ակնկալվում է ավելացնել ցանքատարածությունները, համախառն բերքը, ինչպես նաեւ գյուղացիական տնտեսությունների եկամուտը: (Հիշյալ սերմնացուների նպատակահարմարության հարցին «Ազգ»ը կանդրադառնա հետագայում):

Սերմացուի տրամադրման նպաստավոր պայմանների մասին կառավարության նիստի ժամանակ հայտնել է վարչապետ Տիգրան Սարգսյանը : «Մենք շարունակում ենք բարձրորակ սերմեր ներկրել Հայաստանի Հանրապետություն, եւ հասկանալի է` արտադրողականության աճ ենք ապահովում դրա շնորհիվ», ասել է վարչապետը եւ նշել, որ սերմացուի տրամադրման ժամանակ հաշվի է առնվել դրա շուկայական գինը եւ գյուղացիներին տրամադրվել է շուկայականից 40 տոկոս ցածր գնով: Այդ տարբերությունը եւս պետությունը ֆինանսավորել է իր միջոցներից:

Կարելի է սպասել, որ գյուղատնտեսության աջակցության մյուս ծրագրերը եւս այս տարի կշարունակվեն: Դրանց կարեւորությունը գյուղացու համար չի կարող գիտակցել միայն գյուղից եւ գյուղատնտեսությունից հեռու մարդը: Ավելացնենք միայն, որ նման ծրագրերի իրականացման անհրաժեշտություն կա նաեւ, բացի հողագործությունից, անասնապահությամբ զբաղվող մեր համերկրացիների համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 01-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ