RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2013-02-27 > #028, 2013-02-28 > #029, 2013-03-01 > #030, 2013-03-02 > #031, 2013-03-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 01-03-2013



Դիտարկումներ

Տեղադրվել է` 2013-02-28 23:43:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1456, Տպվել է` 78, Ուղարկվել է էլ.փոստով` 52

ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ. ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԸ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Վարչապետ Բիձինա Իվանիշվիլու Հայաստան կատարած առաջին պաշտոնական այցից հետո մեզանում աշխուժացան լավատեսական քննարկումները, որոնք ուղղված են վերջին երկու տասնամյակների ընթացքում ձեւավորված հայ-վրացական միջպետական հարաբերություններին նոր որակ, իսկ փոխգործակցությանը` նոր թափ հաղորդելուն: Ճշմարտություն է, որ վերջին տասնամյակի ընթացքում վրաց քաղաքական գործիչների եւ քաղաքագետների շրջանում տիրում էր մի մտայնություն, թե Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանում ունի ոչ թե սեփական ինքնուրույն դերակատարություն, այլ ընդամենը կատարում է Ռուսաստանի դաշնակցի իր պարտականությունները: Այս մտայնությունն, անշուշտ, մասամբ ցրվեց 2008 թ. օգոստոսյան պատերազմից հետո, երբ Հայաստանը, որը շատ շոշափելի վնասներ կրեց այդ հակամարտությունից, ոչ միայն չվատացրեց իր հարաբերությունները Վրաստանի հետ, այլեւ անդուլ ջանքեր գործադրեց վրաց-ռուսական հարաբերությունները կարգավորելու եւ ավանդական ծիրի մեջ տեղափոխելու ազնիվ գործում: Բոլորս ենք հիշում մեր այն դիրքորոշումը, որ չնայած Հայաստանը փոքր երկիր է եւ առանձնապես հնարավորություններ չուներ միջնորդի դեր կատարելու ռուս-վրացական լարվածությունը հարթելու գործում, սակայն, լինելով Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն ու գործընկերը եւ, միաժամանակ, Վրաստանի հարեւանն ու բարեկամը, պատրաստ էր անելու հնարավորը խաղաղությունն ու բարիդրացիությունը վերականգնելու համար: Հայաստանի այս կեցվածքն ըմբռնումով ընդունվեց վրացական վերնախավում, եւ հիմա Հայաստանի մասին գնահատականներ անելիս վրաց քաղաքագետներն ու վերլուծաբանները ավելի զուսպ են եւ ավելի խորը: Կարելի էր ենթադրել, թե վարչապետ Իվանիշվիլին Երեւանում քաղցրախոսում էր հայ հարեւանին, երբ ասում էր, թե կուզենար, որ Վրաստանն իր արտաքին քաղաքականության մեջ դասեր փոխառներ Հայաստանից, որը կարողանում է լավ հարաբերություններ ունենալ թե՛ Ռեւսաստանի, թե՛ Արեւմուտքի հետ: Սակայն բառացիորեն վերջերս Թբիլիսիում անցած մի ասուլիսի ժամանակ Վրաստանի վարչապետը կրկնեց իր այդ տեսակետը, ինչը պարզորեն խոսում է այն մասին, որ սա դարձել է նրա քաղաքական համոզմունքը:

Վրաստանում սրվող նախընտրական քաղաքական պայքարն ուրվագծել է բոլորովին նոր իրողություններ, որոնց մասին խոսել մեկ տասնյակ տարվա վաղեմության կատեգորիաներով ուղղակի ճիշտ չէ: Ավելի քան քսան տարվա ընթացքում ձեւավորված երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ այդ հարաբերություններն ամրապնդող վրացահայության վիճակի եւ հնարավորությունների այսօրվա ուսումնասիրությունը դառնում է շատ կարեւոր, եթե ուզում ենք տեսնել, թե ինչ ապագա կա այդ համագործակցության ու փոխգործակցության համար:

Նախընտրական քաղաքական պայքար եւ իրական ակնկալիք

Վրաստանում, 2002 թ. մարդահամարի տվյալներով (առանց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի), ապրում էր մոտ 250.000 հայ: Իրականում ընդունված է համարել, որ վրացահայերի թիվն այսօր մոտ 320.000 է: Սա այն թիվն է, որը հաճախ շրջանառվում է Վրաստանով հետաքրքրվող քաղաքական եւ դիվանագիտական շրջանակներում: Այսօր հարցը իրականում ոչ թե այս թվի ավելի մեծ կամ ավելի փոքր լինելն է, այլ վրացահության իրական ներուժի ու նրա հիմնախնդիրների իմացությունը: Որովհետեւ միայն այդպես կարելի է հստակ պատկերացում կազմել մեր երկկողմ հարաբերություններում դեռեւս չօգտագործված եւս մեկ ռեսուրսի գործադրման մասին:

Վրացահայերն ունեն ավելի քան 50 հասարակական կազմակերպություններ: Վերջին 3 տարիների ընթացքում վրացահայության նոր մակարդակում ինքնակազմակերպման, Վրաստանի հասարակական-քաղաքական կյանքում նրա դերի մեծացման հնարավորությունների, թե՛ մայրաքաղաք Թբիլիսիում եւ թե՛ Սամցխե-Ջավախեթի (Ջավախք) տարածաշրջանում ապրող հայերի սոցիալական, հոգեւոր-մշակութային եւ հասարակական կարիքների բարելավմանն ուղղված հասարակական քննարկումները զգալիորեն աշխուժացել են: Այդ քննարկումների արդյունքում է, որ փոխվեց վրացական քաղաքական վերնախավի վերաբերմունքը վրացահայության կարիքների եւ ակնկալիքի վերաբերյալ: Քաջատեղյակ զրուցակիցներս պատմել են, որ նախագահ Սաակաշվիլին հաճախակի եւ նույնիսկ անսպասելի լինում էր Ջավախքում, հետաքրքրվում տարածաշրջանի խնդիրներով, եւ այդ այցելությունների դրական արդյունքները հայության համար դարձել էին անվիճելի: Շատ հայեր դրանում միաժամանակ նույնիսկ վատ բան էին տեսնում, որովհետեւ ասում էին, որ այս այցելությունները եւ նման ուշադրությունը կարող են մեկնաբանվել նաեւ որպես տեղի հայության փաստացի ինքնուրույնության սահմանափակման եւ ձեւավորված ավանդական ազգային հարաբերությունները փոփոխելու փորձ: Առայժմ սակայն երեւացել է դրական հետեւանքը, որի վառ դրսեւորումներն են տարածաշրջանի գազամատակարարումը, էլեկտրահաղորդման համակարգերի որակական արդիականացումը, ժամանակակից ու բարձրակարգ ավտոմայրուղիները: Ջավախքը ռազմավարական նշանակություն է սկսում ստանալ, որովհետեւ այդտեղով անցնող նավթամուղին ամենաուշն այս աշնանը կգումարվի նաեւ Թուրքիան Վրաստանին կապող ժամանակակից երկաթգիծը: Ասում են, որ ընդամենը տասը տարի առաջ Թբիլիսիի առաջնակարգ բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստացող հայ ուսանողների թիվը չէր հասնում մեկ տասնյակի: Այսօր այդ ուսանողների թիվը մոտ 700 է, եւ դրանում վրացական հասարակության մեջ վրացահայության լիարժեք ինտեգրման գծի կողմնակիցները տեսնում են լուրջ առաջընթաց եւ էական հաջողություն: Վրացահայության խնդիրների մասին կխոսենք քիչ հետո, իսկ հիմա անդրադառնանք նախընտրական գործընթացին:

Այսօրվա վրացական քաղաքական երկնակամարում մրցում են երկու խոշոր քաղաքական բեւեռներ: Նախագահ Սաակաշվիլու կողմնակիցները պայքարում են իրենց դիրքերը պաշտպանելու համար: Վարչապետ Իվանիշվիլու կողմնակիցները փորձելու են դառնալ լիարժեք եւ ամբողջական քաղաքական իշխանություն: Այս մրցակցությունը, որն աննախադեպ է Վրաստանում, լարվածությունից եւ շարքային քաղաքացիների կողմնորոշվելու համար որոշակի դժվարություն պարունակելուց բացի ունի անվիճելի դրական կողմ: Դա սոցիալական տարբեր խմբերի, ազգային համայնքների ակնկալիքի մեծացումն է վրացական գործող իշխանությունից, որովհետեւ արդեն հասկանալի է, որ պայքարող կողմերն ավելի առատաձեռն են լինելու իրենց խոստումների մեջ եւ ջանքեր են գործադրելու այդ խոստումները կատարելու համար: 25 տարի առաջ վրացահայությունը Վրաստանի խոշորագույն ազգային փոքրամասնությունն էր: Այսօր Վրաստանում բնակվող ադրբեջանցիների թիվն ավելի մեծ է: Սակայն հայերը կարող են ջանքեր գործադրել հարյուրամյակներով ձեւավորված իրենց պատմական ու մշակութային դեմքը պահպանելու եւ զարգացման նոր երաշխիքներ ստանալու համար: Դրա մի փորձն արդեն կա: 2010 թ. վրաց քաղաքական գործիչները վճռականապես դեմ էին Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը պաշտոնապես ճանաչելու եւ գրանցելու հարցում: Սակայն այդ տեսակետը փոխվեց եւ մեր եկեղեցին Վրաստանում ունի պաշտոնական կարգավիճակ: Վրաստանի քաղաքական գործիչները տարբեր մակարդակներում բազմիցս ասել են, որ կուզենային այսօր կուսակցական վերնախավերում տեսնել հայազգի ավելի շատ թվով գործիչների: Այս գործը բարդանում է այն պատճառով, որ դեռեւս չի ավարտվել վրացահայության լիարժեք ինտեգրման գործընթացը, ինչը կապված է պետական լեզվի լիարժեք իմացության, հասարակական քաղաքական կյանքում պատշաճ մակարդակի դերակատարության, տնտեսական ներուժի եւ բազմաթիվ այլ գործոնների հետ: Եթե նախընտրական ամիսների ըթացքում հայությանը հաջողվի հստակ եւ ընդունելի պահանջներ ձեւակերպել, ապա մեծ չափով կարելի է կանխատեսել, որ գալիք տարիներին կունենա լիարժեք զարգացման ավելի մեծ ռեսուրս: Այստեղ բարդությունն այն է, որ ավանդաբար վրացահայերի կյանքը կազմակերպող, բոլորին հայտնի հայազգի գործիչների կողքին դժվարությամբ են ավելանում նորերը, որոնք նույնքան աշխույժ եւ միաժամանակ ընդունելի կլինեին վրացական քաղաքական վերնախավերի կողմից: Սրանից հոռետեսական եզրակացություններ անելը միամտություն կլիներ, որովհետեւ առնվազն վերջին մեկ հազարամյակի ընթացքում Վրաստանում պատկառելի ներկայություն ապահոված վրացահայերը ավելի վատը չեն, քան մյուս հայ համայնքների մերօրյա ներկայացուցիչները: Այսպիսի լավատեսություն ունեն նաեւ Վրաստանով հետաքրքրվող մեր շատ մասնագետներ, ովքեր կարծում են, որ հակառակ բոլոր խոչնդոտների եւ դժվարությունների, վրացահայությունը նոր պայմաններում կարող է ավելի պատկառելի գործոն լինել մեր հարեւան երկրի կյանքում:

Հայաստան-Վրաստան տնտեսական համագործակցության չօգտագործված ներուժը

Վերջին տարիներին Ադրբեջանը Վրաստանում մեծացող ներկայություն եւ էական ազդեցություն ունի: Հայտնի է, որ վրաց-ադրբեջանական հարաբերությունները նախագահ Սաակաշվիլու օրոք ձեւակերպվել են որպես ռազմավարական-գործընկերային: Ադրբեջանը Վրաստանին արտոնյալ գնով գազ է մատակարարում, եւ նման գործարքը որեւէ այլ ձեւով հավասարակշռելու հնարավորություն Վրաստանը չունի: Ադրբեջանը կառուցվող երկաթգծի խոշորագույն ներդրողն է: Ադրբեջանցիները Թբիլիսիում, սեւծովյա առափնյա շրջաններում տարբեր մեծ կառույցների շինարարութուն են իրականացնում, միաժամանակ մեծացնում իրենց ներկայությունը բանկային համակարգում:

Վարչապետ Իվանիշվիլու իշխանության առաջին ամիսների դրական միտումներից մեկն այն է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու միջոցով Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ առկա հարաբերությունները ինչ-որ կերպ հավասարակշռելու ձգտում է առաջացել: Վրաստանում աշխատող մեր փոքր եւ միջին գործարարների թիվը բավական պատկառելի է եւ շարունակում է աճել: Սակայն իրողություն է նաեւ, որ վրացահայ լուրջ ձեռնարկատերերի թիվը, ովքեր կարող են վրացական չափանիշներով ներկայանալի լինել, իրականում չի հասնում մեկ տասնյակի: Հասկանալի է, որ Հայաստանը չունի ֆինանսական ռեսուրս Վրաստանում Ադրբեջանին համարժեք տնտեսական ներկայություն ապահովելու համար: Սակայն վարչապետ Իվանիշվիլին Երեւանում լավատեսորեն խոսում էր Հարավային Կովկասում ինտեգրացիոն գործընթացներ ծավալելու հարցում իր լավատեսության մասին: Լավ հասկանալով այս գործի բոլոր դժվարությունները, ահա թե ինչ է առաջարկում Վրաստանի հետ աշխատող մեր խոշորագույն տնտեսվարողներից մեկի, միջազգային բեռնափոխադրող «Ապավեն» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Աղաջանյանը. «Այն քայլերը, որ պետք է անել Վրաստանի եւ Հայաստանի ինտեգրացիայի համար, մաքսային, հարկային, վարչական, բանկային եւ այլ ոլորտներում են: Այս ճանապարհին մենք էլ խնդիրներ ունենք լուծելու, նրանք էլ: Սրանք մոտավորապես այնպիսի խնդիրներ են, որոնք առաջանալու են, օրինակ, եվրասիական ինտեգրման ճանապարհին: Պետք է բարելավվի օրենսդրությունը, որը թույլ կտա զարգացնել բիզնեսը: Պետք է նայել, թե ինչն է խանգարում դրան: Օրինակ` ձեւավորված կարծրատիպերն ու կարծրացած մոտեցումները: Կամ պարզ օրինակ` մտածել միասնական մաքսային ծառայություն ունենալու մասին: Վրաստանի նավահանգիստները Հայաստանի տնտեսական դարպասն են: Իրականում բոլորովին դժվար չէ մտածել եւ լուծել Հայաստանի եւ Վրաստանի համատեղ մաքսային ծառայություն ձեւավորելու հարցը: Մենք նավահանգստում կարող ենք ունենալ 10-12 մաքսավորներ եւ այդ փուլում մաքսային ձեւակերպումները ավարտելով, կարող ենք ստանալ շատ էական պրոցեդուրալ առավելություններ: Ամեն մի հայաստանցի գործարար դա կհաստատի: Մաքսային այդ ծառայությունների ենթակայության հարցն էլ կարելի է լուծել ոչ ստանդարտ ճանապարհով, ստեղծելով միասնական ցանց: Երբ բեռը մտնում է Հայաստան, մաքսավորների համացանցում անմիջապես երեւում է: Թող այդ տեղեկությունը երեւա, երբ բեռը հասնում է արդեն վրացական նավահանգիստ: Սա է իրական ինտեգրացիայի օրինակը: Առանց այս կարգի բարեփոխումների կարելի կլինի խոսել համագործակցության մասին, բայց չի կարելի խոսել` ինտեգրացիայի»:

Վրացահայությունը ինտեգրման ճանապարհին

Հայ առաքելական եկեղեցին ակնկալում է հետ ստանալ առնվազն վեց եկեղեցիներ Թբիլիսիում եւ Սամցխե-Ջավախեթիում, եւ բոլորն են հասկանում, որ այս հարցին ինչ-որ ժամանակ ինչ-որ լուծում պետք է տրվի: Վիրահայոց թեմի առաջնորդն այսօր արդեն լուրջ հեղինակություն եւ մեծ ազդեցություն ունի Վրաստանում: Հասարակական-քաղաքական եւ մշակութային պատշաճ ազդեցություն ունենալու մասին սկսել են մտածել ակտիվ վրացահայերի նաեւ միջին ու երիտասարդ սերունդները: Վրացիների եւ հայերի հոգեւոր ու մշակութային բազմադարյա առանձնահատուկ եւ զգայուն փոխհարաբերությունները Հայաստանում եւ Վրաստանում ապրող, խնդրով մտահոգ գործիչների համոզմունքով մի փաստարկ են, որ խոսում են երկկողմ հարաբերությունների էլ ավելի բարելավման ներուժը մեծացնելու հնարավորության մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 01-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ