ՊՈՒՏԻՆԸ ԵՎ ՕԼԱՆԴԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓԱԹԵԹ Պ. Ք. Արարողությանը մասնակցել է նաեւ Արա Աբրահամյանը Կրեմլում նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսուա Օլանդի բանակցություններից հետո ստորագրվել է ռուս-ֆրանսիական փաստաթղթերի փաթեթ: Ռուսաստանի հայերի միությունից տեղեկացնում են, որ ստորագրման արարողությանը մասնակցել է միության նախագահ Արա Աբրահամյանը: Մինչ այդ քննարկվել էին առեւտրատնտեսական ոլորտում, էներգետիկայի, տրանսպորտի, ներդրումների, բարձր տեխնոլոգիաների, ինչպես նաեւ հումանիտար բնագավառներում երկկողմ փոխգործողության կարեւոր կողմերը: Կարծիքներ էին փոխանակվել միջազգային հրատապ թեմաների շուրջը: Ստորագրմանը մասնակցած Արա Աբրահամյանը «Ֆրանս-ռուսական երկխոսություն» ընկերակցության համանախագահն է: Վերջում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսուա Օլանդի համատեղ մամլո ասուլիսը: Պուտինն իր ելույթում մասնավորապես ասել է, որ Ֆրանսիան Ռուսաստանի առանձնաշնորհյալ գործընկերն է: Նախանցյալ տարի երկկողմ առեւտրաշրջանառության ծավալը կազմել է գրեթե 30 մլրդ դոլար, անցյալ տարի փոքր-ինչ նվազել է: Ռուսաստանում ֆրանսիական կողմի ներդրումները նշանակալի ենՙ ավելի քան 9 մլրդ եվրո: Զարգանում է համագործակցությունը տրանսպորտի, էներգետիկայի, դեղագործության եւ այլ ոլորտներում: Օլանդը իր հերթին խոսել է վաղեմի երկկողմ հարաբերությունների, ՄԱԿ-ի ԱԽ-ում երկու երկրների պատասխանատվության, հակաահաբեկչական համատեղ պայքարի անհրաժեշտության մասին: Նա հիշեցրել է, որ ինքը Մոսկվա է ժամանել ֆրանսիական ձեռնարկությունների տնօրենների հետ, հանդիպել է Ռուսաստանում գործող ֆրանսիական ֆիրմաների ներկայացուցիչների: Կարծում է, որ համագործակցության ընդլայնման հնարավորություններն առկա են: Ֆրանսիայում կան ռուսական ներդրումներ, Ռուսաստանումՙ ֆրանսիական: Դրանց ծավալները հարկավոր է մեծացնել, ասել է Օլանդը: |