ՑՎԵՏԱՆԱ ՊԱՍԿԱԼԵՎԱ. «ՂԱՐԱԲԱՂՆ ԱՆԿԱԽ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ ՊԱՏՐԱՍՏ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԲՈԼՈՐԻՆ» ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Բուլղարացի լրագրող, ռեժիսոր, սցենարիստ, Կինովավերագիրների միջազգային ասոցիացայի անդամ Ցվետանա Պասկալեւան երեկ հայ լրագրողներին ներկայացրեց իր «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարը, որը ներկայացնում է Ղարաբաղում 90-ական թվականներին կատարվածը: Ինչպես բուլղարացի լրագրողն ասաց, յուրաքանչյուր ոք, ով կհետեւի այս ֆիլմերի զարգացումներին, լինելով նույնիսկ օտարազգի, կհասկանա, թե ով է հրահրել Ղարաբաղյան պատերազմը, ինչու է Ղարաբաղի բնակչությունը արտաքսումից հետո կրկին ստիպված եղել պայքարել իր բնակավայր հետ վերադառնալու համար: Պասկալեւան նշում է, որ ոչ բոլորն են ծանոթ Ղարաբաղի ճշմարտությանը, սակայն աշխարհն այժմ սկսել է ավելի շատ բան իմանալ, օրինակ Սումգայիթի մասին: «Երբ քաղաքական գործիչները եւ դիվանագետները դիտում են իմ ֆիլմերը, ասում են. «Չենք իմացել, որ Ղարաբաղյան պատերազմն այդքան դաժան է եղել», եւ ավելացրեց. «Այդ արձագանքներին ի պատասխան ես ասում եմՙ օգնե՛ք, որ բոլոր երկրներում հանգամանալից իմանան, թե ինչ է կատարվել Ղարաբաղում» Ֆիլմաշարը բաղկացած է 7 վավերագրական ֆիլմից. «Հույսի բարձունքներ», «Կլինի արդյոք լուսաբաց Ղարաբաղում», «Իմ թանկագին ողջեր եւ մեռածներ», «Ղարաբաղի վերքերը», «Մայր հողի զինվորները», «Անդորր» եւ «Ոգի եւ հավատ»: Նշենք, որ ֆիլմը թարգմանվել է 5 լեզվով ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն եւ բուլղարերեն: Ֆիլմաշարն արդեն ցուցադրվել է Բեյրութում, Պրահայում, Ֆրանսիայում եւ Ավստրալիայում Ցվետանա Պասկալեւան ընդգծեցՙ երբ մարդիկ իր ֆիլմերում տեսնում են, թե ինչպիսին է այսօրվա Ղարաբաղը, ինչպես է ծաղկել ու զարգացել եւ ինչպես են փոխվել ղարաբաղցու աչքերը, զարմանում են: Բուլղարացի լրագրողուհին ուրախությամբ ընդգծեց, որ իր նոր ֆիլմը վերջանում է Ղարաբաղի օդանավակայանի բացման խնդրով. «Այդ կադրով ես ցույց եմ տալիս, որ Ղարաբաղն անկախ ամեն ինչից պատրաստ է ընդունել բոլորին»: Պասկալեւան իր բոլոր ֆիլմերում ընդգծում է հետեւյալ գաղափարը. «Աշխարհում ոչինչ չի կարող այնքան բարձր եւ կարեւոր լինել, որքան մարդկային կյանքը»: |