ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԱՏՈՒՆ ՃՂԵՑ ԱՐՏԵՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Գագիկ Ծառուկյանին (հետո էլ ՀՅԴ ղեկավարության հետ), այդ օրը հանրահավաք կար, եւ ոչ մի խոսք այնտեղ չասվեց այդ հանդիպման (հանդիպումների) մասին: Այսինքն, ժողովուրդը, ում հետ իբր Ր. Հովհաննիսյանը ինչ-որ հարցերով խորհրդակցում է, իրականում ոչինչ էլ չգիտե, ու նրա թիկունքում է կատարվում ամեն ինչ, ինչպես որ անում են սովորաբար Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը` ստվերային գործընթացներով միշտ շրջանցելով ժողովրդին ու նրա ցանկությունները: Նախորդ տարիներին այս առումով կուտակված մեծ փորձ կա: Անդրադառնալով ժողովրդի գործոնին` նշենք, որ լավ կլինի հենց սկզբից «Ժառանգության» ներկայացուցիչները թողնեն այն գովերգը, թե Րաֆֆին հաղթեց, Րաֆֆին` այս, Րաֆֆին` այն. վերջապես պետք է քաջություն ունենալ ընդունելու այն, ինչ ընտրություններից հետո բազմիցս ասվեց` ժողովուրդը խառնեց բոլորի հաշիվներն ու պայմանավորվածությունները, քանի որ հոգնել էր բոլորից: Փաստորեն ոչ Րաֆֆի Հովհաննիսյանը, ոչ Սերժ Սարգսյանը ընտրություններում ստացած տոկոսին չէին սպասում: Առաջինին թվում էր, թե մի 20 տոկոս ձայն կհավաքի ամենաշատը, երկրորդին` որ իր կողմնակիցները կապահովեն (ձեւերի մասն չենք խոսում) 65-70 տոկոս քվե, ու ամեն ինչ կլինի օ քեյ: Ընդդիմությունը դե ֆակտո Րաֆֆին կլինի, ու Սերժին էլ ոչինչ չի խանգարի` անամպ ստանձնելու երկրորդ ժամկետը: Սակայն մեր ընտրողն ապացուցեց, որ կարող է, ի վերջո, հակադրվել իր թիկունքում կատարվող ստվերային գործընթացներին, եւ այլեւս այնպես կանխատեսելին չէ, ինչպես թվում էր մինչեւ հիմա, եւ... իսկապես էլ, խառնեց բոլորի հաշիվները: Ընդ որում` ընտրողն այս դրական փորձը կարող է կրկնել եւ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին, եւ հետընտրական գործընթացների ընթացքում` ժողովուրդն, ինչես ասում են, «կատուն ճղեց», իսկ նա, ով չի արդարացնի նրա սպասումները, կտեսնի այդ նոր ժողովրդի նոր որակները, որ ձեւավորվեցին ի վերջո անելանելիությունից ու արհամարհված լինելու զգացողությունից: Մարդիկ այլեւս իրենց պարտավորված չեն զգում վերցրած 5 հազարի դիմաց ձայն տալ 5 հազարը տվողին, սա նորություն է մեր ժողովրդի համար, խոստովանենք` հաճելի նորություն: Դա պետք է հաշվի առնի ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը: Դա հավասարապես վերաբերում է տարիներով ստվերային գործընթացների սովորած մեր քաղաքական դաշտի բոլոր ուժերին, որոնց պահվածքին համարժեք վերաբերմունք ժողովուրդը կարող է, փաստորեն, ցույց տալ նաեւ առաջիկայում: Հիմա վերադառնանք Ր. Հովհաննիսյան-Գ. Ծառուկյան հանդիպմանը, որն ավելի շատ ծառայեց Ծառուկյանի PR-ին` քանի որ վերստին կարեւորվեց նա այն ձեւի մեջ, երբ նրանից էր կախված մի պահ քաղաքական դաշտը: Այժմ կարծես պահը կրկնվում է այն իմաստով, որ ե՛ւ Ր. Հովհաննիսյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը էլի կարող են երկուստեք սպասել Ծառուկյանի աջակցությանը. չգիտենք` առաջինն ի՞նչ աջակցություն է սպասում` արդյոք ֆինանսակա՞ն, թե՞ քաղաքական, սակայն նախագահ Սարգսյանը հավանաբար սպասում է Ծառուկյանի կողմից ընդդիմությանն աջակցելու վտանգի վերջնական չեզոքացմանը, քանի որ վերը նշված հանդիպումը ցույց տվեց, որ այն վիճակը, ինչ կար Ծառուկյանի չառաջադրման որոշումից առաջ, փաստորեն կարող է վերակենդանանալ` Ր. Հովհաննիսյանի հանրահավաքային պահանջներին զուգահեռ: Իսկ այն անհավանական թվացող, բայց իսպառ չբացառվող վիճակը, երբ, ասենք, մի օր Ծառուկյանը, Հրանտ Մարգարյանը, էլի ուրիշներ գնան ու կանգնեն Ր. Հովհաննիսյանի կողքին Ազատության հրապարակում, ակնթարթորեն կարող է փոխել ուժերի դասավորությունը` իր բոլոր հետեւանքներով հանդերձ: Սակայն, ասում ենք, դա անհավանական է այն պատճառով, որ բոլոր այս ուժերը ստվերային տարբեր պայմանավորվածություններ են ունեցել իշխանության հետ, ինչպես նաեւ` տարբեր շահեր, ինչը բացառում է մաքուր քաղաքական տեխնոլոգիան` Ազատության հրապարակից բեւեռ կազմակերպելու եւ քաղաքական մեծ դիմակայության համար: Մյուս կողմից էլ` Ծառուկյանի պահվածքը կարող է պայմանավորված լինել այն բանով, որ ի վերջո ընդդիմադիր դաշտը վերջնականապես կմաքրվի ՀԱԿ-ի բեկորներից եւ արբանյակներից, ու կմնա կառուցողական ընդդիմությանը, այդ թվումՙ իրեն ժամանակին այլընտրանք հայտարարծ ուժին, այդպիսով բաշխելով նաեւ ընդդիմության եւ իշխանության գործառույթները ողջ քաղաքական դաշտը կառավարելու իմաստով: Ի՞նչ է մնում, ուրեմն. արդյո՞ք հերթական անգամ ժողովրդի որոշման անտեսումը, թե, այնուամենայնիվ, իշխանությունը վերջապես դաս քաղած կլինի այս ամենից եւ կսկսի այն բոլոր գործընթացները, ինչ առաջարկում է նախ ժողովուրդը, այն է` արդարությանն ու օրինականությանն ուղղված ջանքերի համալիր գործադրում: Եվ հետո արդեն` քաղաքական դիմակա բեւեռի առաջարկների քննարկում` սահմանադրական փոփոխություններ եւ այլն, ինչը հանրության լայն զանգվածին ի վերջո չի հետաքրքրում, նա փոփոխություն է ուզում` ինչպեսը թողնելով իրենց, քաղաքական ուժերին: Թե՞ Ր. Հովհաննիսյանը, պարտադրված թեկուզ ակամա ստացած բարձր ընտրաքվեով` ստպված կլինի մինչեւ վերջ գնալ, խոստանալով այդ ընտրաքվեի իրացում, իրավիճակի լարման եւ դրա հետեւանքներով հանդերձ: Չգիտենք, բայց մի բան պարզ է, վերադարձել է քաղաքական հանգուցալուծում պահանջող վիճակը, որ վերջին մի քանի տարում անընդհատ ծագում ու չէր լուծվում, ու նախագահական ընտրություններն այդ ուղղությամբ վերջնականապես լուծում չեղան, ու դրանցից հետո այդ լուծումները նոր թափով են պահանջվելու: Ու այս անգամ փոփոխությունների պահանջը նաեւ վերաձեւակերպվել է Րաֆֆուն տված ձայներով, որոնք ամենեւին «Ժառանգության» ձայները չեն, եւ դա Րաֆֆին հասկանում է: Այլապես նա հանձնաժողովներում պատրաստ կլիներ ընտրաքվեն պաշտպանելու, նախապես, ուրեմն, նա հակված է եղել որպես թեկնածու ՀՀԿ-ի թեկնածուից հետո ինչ-որ արժանապատիվ տոկոս ստանալուն, բայց որ մարդիկ, հասարակ հայ ընտրողը իրեն գործոն են դարձնելու, դրան չէր սպասում: Համոզված ենք, որ եթե նրան զուգահեռ ԲՀԿ թեկնածուն մասնակցեր ընտրություններին, այդ տոկոսը, եւ միգուցե ավելին, ԲՀԿ թեկնածուին էր բաժին հասնելու ոչ թե ինչ-որ մեկի սիրուն աչքերի, այլ զուտ այն պատճառով, որ հայ հասարակության մի զգալի շերտ ուզում է փոխել իր կյանքը, ինչ գնով էլ լինի, ումով էլ լինի: Հիմա այս է իրավիճակը, ու ե՛ւ Ր. Հովհաննիսյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը պարտավոր են վերցնել հասարակության` իրենց նետված փոփոխությունների պահանջի ձեռնոցը: Ով` ինչպե՞ս, եւ արդյո՞ք բացառվում է հենց նրանց երկուսի` բանակցություններով հանձնառություններ ստանձնելու տարբերակը, կերեւա առաջիկայում, ՍԴ որոշումից հետո եւ մինչեւ մարտի 30-ը Ազատության հրապարակում իրացվելիք հանրահավաքների ընթացքում: |