ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ ՄՆԱՑ ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆԻ «ՏԱՆԳՈՅԻՆ» Ա. Մ. Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքի աճուրդը երեկ տեղի չունեցավ գնորդ չլինելու պատճառով: Ինչպես լրագրողներին հայտնեց պետական գույքի կառավարման վարչության աճուրդի կենտրոնի տնօրեն Լյուդվիգ Գրիգորյանը, շենքը աճուրդի հանվելուց հետո եղել են բազմաթիվ հետաքրքրվողներ, «սակայն գործը բանակցություններից այն կողմ չանցավ»: Նա նաեւ տեղեկացրեց, որ նոր աճուրդ չի լինի, եւ շենքի սեփականատերը կդառնա «Տանգո» ընկերությունը: Մինչեւ ապրիլի 30-ը ընկերության հետ կկնքվի պայմանագիրը: Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին արտգործնախարարության շենքը ուղղակի վաճառքի ձեւով օտարվել էր արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը: Օտարվող ընդհանուր տարածքը կազմել է 14,2 հազար քմ, գինըՙ 51,2 մլն դոլար, այսինքն` 1 քմ գինը մոտ 3600 դոլար: Սակայն հետագայում կառավարությունը նոր որոշում ընդունեցՙ շենքը վաճառել դասական աճուրդի եղանակով: Շենքում տեղակայված են ՀՀ արտաքին գործերի, տարածքային կառավարման եւ էներգետիկայի նախարարությունները: Գնորդը պարտավորվել է այս նախարարությունների համար նոր շենք կառուցել մինչեւ 2015 թվականը: Տեղեկացնենք նաեւ, որ արտգործնախարարության շենքի վաճառքի առնչությամբ երկրի նախագահին ու վարչապետին ուղղված նամակում իր անհամաձայնությունն ու առարկություններն է հայտնել Հայաստանի ճարտարապետների միության եւ Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Մինասյանը: |