ԱՐԵՎԵԼԱԳԵՏ ԱՐՇԱԿ ՓՈԼԱԴՅԱՆԻ ՆՈՐ ԼՈՒՅՍ ՏԵՍԱԾ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԹՈՒՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ, ԵՊԼՀ արեւելյան լեզուների ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Ընթերցելով եւ ծանոթանալով պ.գ.դ., պրոֆեսոր Արշակ Փոլադյանի վերջերս լույս տեսած «Իսլամը որպես կրոն եւ պետություն. նրա տարածման փուլերն ու մեթոդները», «Քրդերը 7-10-րդ դարերում» եւ «Քրդերը աբբասյան ժամանակաշրջանում» աշխատություններըՙ կարող ենք վստահաբար ընդգծել դրանց նախ եւ առաջ արաբաիսլամական պատմագրության եւ հայկական պատմագիտական մեծ կարեւորությունը: Աշխատությունները գրված են պատմահամեմատական եւ պատմաքննական մեթոդների հետեւողական կիրառմամբ, որոնք հնարավորություն են ընձեռում դիտարկելու մենագրությունների մեջ քննարկված խնդիրները մեկ ամբողջական համակարգում: Խնդրո առարկա ուսումնասիրությունների համար հիմք են ծառայել միջնադարյան արաբական ձեռագրերն ու սկզբնաղբյուրները, ինչպես նաեւ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ հայերեն բազմաթիվ ուսումնասիրություններ: Մինչ տպագրված գիտական արժեքավոր աշխատությունների ներկայացումը ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան, արեւելագետ Արշակ Փոլադյանինՙ Սիրիայի համար ծանրագույն ժամանակաշրջանում նրա կատարած դիվանագիտական դժվարին առաքելության եւ գիտական գործունեության համարՙ ի շահ մեր երկու ժողովուրդների բարեկեցության եւ արեւելագիտության զարգացման: «Իսլամը որպես կրոն եւ պետություն. նրա տարածման փուլերն ու մեթոդները» Սա չափազանց հետաքրքրական եւ բազմաբովանդակ ուսումնասիրություն է արաբաիսլամական միջնադարյան պատմագրության ուսումնասիրությունների համատեքստում, ուր ամբողջական կերպով ուսումնասիրված է իսլամիՙ կրոնի սկզբունքներն ու հիմնասյուները: Մեզ համար պարզաբանում է այդ երկնային կրոնի հարաբերություններն այլ կրոնների եւ ազգությունների, արաբների գրաված երկրների ժողովուրդների եւ հատկապես «Գրքի ժողովուրդների» հետ հարաբերություններում, ուր հատկապես անդրադարձ է կատարում պատմության ընթացքում իսլամ-քրիստոնեություն դրական հարաբերություններին: Բաղկացած է նախաբանից եւ չորս վերնագրերիցՙ «Իսլամի դերը արաբական պետության կայացման գործում», «Արաբական պետության ստեղծումը եւ իսլամի տարածումը», «Արաբական արշավանքների մեթոդները եւ իսլամի տարածման փուլերը», «Իսլամի ընդունման գործոնները», վերջաբանից, հղումների բաժնից, աղբյուրների եւ գրականության ցանկից: Գիրքը օգտակար կլինի նաեւ արեւելագիտություն ուսումնասիրող ուսանողների համարՙ իսլամի, նրա ծագման, արաբական արշավանքների դասախոսությունների շրջանակներում: Աշխատանքը գրված է գրական արաբերենովՙ տարաբնույթ ձեռագրերի, աղբյուրների եւ ուսումնասիրությունների հիման վրա: Լույս է տեսել 2012 թ. հուլիսինՙ Դամասկոսում: «Քրդերը 7-10-րդ դարերում» Աշխատության մեջ խոր վերլուծության է ենթարկվում քուրդ ժողովրդի հասարակական, տնտեսական եւ քաղաքական ներկայությունըՙ սկսած իսլամական պետության ստեղծման առաջին փուլից, այն էՙ արդարադատ խալիֆների ժամանակաշրջանը, որը շարունակվում է մինչեւ Օմայան խալիֆայության ավարտը, այսինքնՙ մուսուլմանական տոմարով 5-րդ դարի սկիզբ: Հայտնի է, որ արաբական արշավանքների նախօրեին սկզբնաղբյուրները քրդերին հիշատակում են Ադիաբենեում եւ հարակից տարածքներում, որտեղ մատնանշվում է քրդական ամրությունների առկայությունը: Այստեղ բնակվող քրդական ցեղերը, որոնց անունները մեզ հայտնի են ավելի ուշ շրջանից, տարածված էին հիմնականում Տիգրիսի արեւելյան եւ արեւմտյան ափերինՙ Մեծ եւ Փոքր Զաբերի հովիտներում: Արաբ պատմիչների աշխատությունների հիման վրա հեղինակը լուսաբանում է պատմության ընթացքում քրդական ցեղերի անհայտ կողմերը, որոնք ապրել են Ջիբալում, Մոսուլում, Ջազիրայում, Խուզիստանում, Ատրպատականում, Լուրիստանում եւ Ֆարսում, որոնց շատ հետազոտողներ ուղղակի չեն անդրադարձել: Չափազանց հետաքրքրական այս աշխատանքը բաղկացած է նախաբանից, երեք գլխից եւ վերջաբանից, որոնք իրենց հերթին բաժանվում են առանձին վերնագրերի: Առաջին գլխում, որը վերնագրված է «Քրդերը արաբական խալիֆայության կազմում 7-8-րդ դարերում», խոսվում է արաբական արշավանքների եւ քրդերի մասին (7-րդ դարի 30-40-ական թթ.), իսկ երկրորդ վերնագրում լուսաբանվում են քրդերը Օմայան խալիֆայության ժամանակաշրջանում (661-750 թթ.): Երկրորդ գլուխը կրում է հետեւյալ վերնագիրըՙ «Աբբասյան խալիֆայությունը եւ քրդերը», որտեղ առաջին խորագրում հեղինակը խոսում է Աբբասյանների օրոք քրդական գործոնի մասին, երկրորդումՙ խոսվում է քրդերի կողմից իսլամի ընդունման գործընթացի մասին: Քրդական ցեղերի բնակավայրերի մասին լուսաբանված տեղեկությունները տեղ են գտել երրորդ գլխումՙ «Քրդական ցեղերը», որի առաջին եւ երկրորդ վերնագրերում խոսվում է Մոսուլի, Ջազիրայի, Ջիբալի, Խուզիստանի, Լուրիստանի եւ Ֆարսի քրդական ցեղերի մասին: Երրորդ վերնագիրը ուսումնասիրություն է այդ շրջաններում քրդերի լեզվի եւ զբաղմունքների մասին: Օրինակՙ քրդերի լեզվի մասին խոսելիս հեղինակը անդրադառնում է Իբն Հաուկալին եւ ալ Իսթախրիին (10-րդ դար), ուսումնասիրելով, որ Խուզիստանում բնակվող ժողովուրդները խոսում են արաբերեն, պարսկերեն եւ մեկ այլ լեզվով, որը կոչվում է խուզի, եւ ըստ արաբ աշխարհագիրների` վերջինս համարվել է ինքնուրույն լեզու. ո՛չ եբրայերեն է, ո՛չ ասորորեն եւ ո՛չ էլ պարսկերեն: Ինչ վերաբերում է քրդերի զբաղմունքներին, ապա տեսնում ենք, որ դրանք հիմնականում կապված էին անասնապահական տնտեսության վարման հետ: Գիրքը թարգմանվել եւ տպագրվել է 2013 թ. հունվարին Բեյրութում: «Քրդերը Աբբասյան ժամանակաշրջանում» Քրդերի մասին հաջորդ գիրքը գիտական խոր ուսումնասիրություն է, որը վերաբերում է 10-11-րդ դարերում քրդական հասարակական, տնտեսական եւ քաղաքական իրադարձություններին: Խնդրո առարկա թեման չափազանց արդիական է ոչ միայն քրդական պատմության զարգացման տարբեր փուլերի ուսումնասիրության առումով, այլ նաեւ Մերձավոր Արեւելքի որոշ երկրներում քրդական խնդրի լուսաբանման օբյեկտիվության եւ պատմական արմատներին անդրադարձ կատարելու տեսակետից: Միեւնույն ժամանակ, քրդական խնդիրը բացառիկ նշանակություն ունի նաեւ հայագիտական ուսումնասիրությունների լուսաբանման տեսանկյունից, քանի որ հայերը եւ քրդերը հնուց ի վեր եղել են երկու հարեւան ժողովուրդներ, եւ դա է վկայում նրանց երկուսի պատմական անցյալը: Աշխատանքի ուսումնասիրության սահմաններն են 10-րդ դարի երկրորդ կեսից մինչեւ 11-րդ դարի վերջըՙ դա մի դարաշրջանն է, երբ ի հայտ եկան սելջուկները, եւ երբ Մերձավոր եւ Միջին Արեւելքում տեղի ունեցան ժողովուրդների եւ տարածքների հստակ դասակարգում եւ բաժանում: Արաբական երկարատեւ տիրապետության հետեւանքով զգալի տեղաշարժեր կատարվեցին նաեւ քուրդ ժողովրդի կյանքում: Ֆեոդալական շահագործման ու զանազան կեղեքումների, ինչպես նաեւ ռազմաքաղաքական ու տնտեսական այլ դրդապատճառների հետեւանքով քրդական բնակավայրերի աշխարհագրությունը բավականաչափ փոփոխվեց: Եթե արաբական արշավանքների նախաշեմին արաբ պատմիչները քրդերին հիշատակում են գլխավորապես իրանական նահանգներումՙ Մոսուլի մարզում, Ջիբալում, Խուզիստանում, Ֆարսում եւ Ատրպատականում, ապա 10-րդ դարից սկսածՙ նաեւ բազմաթիվ այլ շրջաններում: Հեղինակն առանձնակի ուշադրությամբ է հետեւել քրդական ցեղերի անուններին ու բնակության վայրերինՙ որպես միակ հեղինակ հիշատակելով ալ Մասուդիին, որն իր երկրում ներկայացրել է քրդական ցեղերի անուններն ու բնակության վայրերը: Սույն ուսումնասիրությունն իրապես առաջին փորձն է արեւելագիտության բնագավառում, որը բարձրացնում է խնդիրներ եւ հիմնահարցերՙ կապված Աբբասյան դարաշրջանում քրդական գործոնի վերաբերյալ: Քրդերի մասին այս գիրքը բաղկացած է նախաբանից, հինգ գլխից (որոնք իրենց հերթին բաժանվում են առանձին վերնագրերի), վերջաբանից եւ օգտագործված գրականության ցանկից: Առաջին գլխում ամբողջությամբ խոսվում է ուսումնասիրության համար առանցքային համարվող գրականության եւ դրանց կարեւորության մասին: Աշխատանքին յուրօրինակ փայլ է հաղորդել արաբական ձեռագրերի եւ բազմաթիվ փաստաթղթերի օգտագործումը: Երկրորդ գլուխը, որը կրում է «Քրդական ցեղերի տեղաշարժը Աբբասյան խալիֆայությունում» վերնագիրը, խոսվում է քրդական կլանի եւ նրա տարածման ու տեղաշարժման դրդապատճառների մասին: Հեղինակն անդրադառնում է նաեւ Ատրպատականում քրդական գործոնին: Քրդական ցեղերի բնակավայրերի մասին ավելի համապարփակ լուսաբանված տեղեկություններ ենք գտնում աշխատության երրորդ գլխում, որը վերնագրված էՙ «Քրդերը Ջիբալում»: Այստեղ ընդհանուր առմամբ քրդական ցեղերը մեծ թիվ էին կազմում, եւ նրանց գործողությունների արդյունքն եղավ այն, որ 10-րդ դարի երկրորդ կեսից հիմնադրվեց Հասանվայհների իշխանությունը (960-ական թթ.-1015 թթ.): Գլխում առանձին մասով խոսվում է Հասանվայհների իշխանության հասարակական-տնտեսական կյանքի մասին: Աշխատության չորրորդ գլխում խոսվում է Մրվանյան քրդական իշխանության մասին (980-1085 թթ.): Առանձին ենթավերնագրով անդրադարձ է կատարվում Մոսուլի եւ Միջագետքի հյուսիսային շրջանների քրդերին, Մրվանյան իշխանության եւ Բյուզանդական կայսրության փոխհարաբերություններին: Աշխատության հինգերորդ գլուխը վերնագրված էՙ «Քրդերը սելջուկների ժամանակաշրջանում», ուր չորս առանձին մասերով խոսվում է թուրքերիՙ Մերձավոր Արեւելք ներթափանցման, սելջուկյան արշավանքների, թուրքեր-սելջուկներ եւ Մրվանյան իշխանության հարաբերությունների եւ Մրվանյան իշխանության հասարակական-տնտեսական կյանքի մասին: Որպես վերջաբան երկու գրքերի մասին խոսելիսՙ «Քրդերը 7-10-րդ դարերում» եւ «Քրդերը Աբբասյան ժամանակաշրջանում», պետք է նշել, որ հեղինակը, ուսումնասիրելով արաբական միջնադարյան աղբյուրները, վստահորեն գալիս է այն եզրահանգման, որ 7-11-րդ դարերում արաբական երկարատեւ գերիշխանության բացասական ամենամեծ հետեւանքը եղավ այն, որ երբեմն շահադիտական նկատառումներով, երբեմն էլ խուսափելով ֆեոդալական ծանր կապանքներից, քրդերը սկսեցին հեռանալ հայրենի լեռնաշխարհից եւ հաստատվել հարեւան ժողովուրդներին պատկանող տարածքներում: Այլ կերպ ասած, սկիզբ առավ քրդերի արտահոսք, որի հետեւանքով նրանք ավելի ուշ հայտնվեցին Սիրիայում, Պաղեստինում, Եգիպտոսում եւ այլուր: Քրդերի տեղաշարժերը հիմնականում սկսվեցին Աբբասյանների ժամանակՙ մասնավորապես 8-րդ դարի երկրորդ կեսից: Հենց այս ժամանակաշրջանում է, որ քրդական տարրը սկսեց հոծ զանգվածներով տարածվել Մոսուլից դեպի հարավ ու հյուսիս եւ դեպի հարեւան նահանգներ: Ուստի 8-րդ դարի երկրորդ կեսից մինչեւ 10-րդ դար ստեղծված քաղաքական բարենպաստ պայմանները հող նախապատրաստեցին արաբական խալիֆայության կազմի մեջ մտնող տարբեր շրջաններ քրդերի զանգվածային ներթափանցման համար: Գիրքը արաբերեն է թարգմանել սիրիահայ Ալեքսանդր Քեշիշյանը, տպագրվել 2013թ. հունվարին Բեյրութում: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հայ արեւելագիտական գրականությունը հարստացավ արժեքավոր նոր աշխատություններով: |