ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ԿԵՐՊԱՐԸ` ԸՍՏ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ Ի. Պ. Շարունակ խոսվում է մեր օրերում մտավորականի դերի մասին, սակայն հստակեցում է պետք` ո՞վ է մտավորականը եւ ի՞նչ է մտավորականությունը: Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը կարծում է, որ մտավորականներ շատ ունենք, սակայն մտավորականության միացյալ դրսեւորման ուժը չենք զգում: «Շատ լուրջ հարց է, թե ո՞վ է մտավորականը, քանի որ մարդը կարող է հատորներ գրել, սակայն չլինել մտավորական: Այնուամենայնիվ կարեւորն այն է, որ ամեն մեկն իր ոլորտում կարողանա աշխատել խղճի մտոք ու լինել ազնիվ», երեկ «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ ավելացրեց Աստղիկ Գեւորգյանը: Թե ինչպե՞ս եղավ, որ մտավորական մարդը հայտնվեց լուսանցքումՙ հարցին գրող Վահրամ Մարտիրոսյանը պատասխանում է, որ մտավորական-արվեստագետ կոչումով չէ, որ լինում են. «Եկավ մի իշխանություն, որը կազմեց իրեն ծառայող մտավորականների խավ: Գալուց մտածում էի, թե ինչո՞ւ չեն հրավիրել Արմենչիկին ու Թաթային: Ովքեր ստացել են էդ զանգուլակներն ու մեդալները, նրանք էլ թող գան խոսեն»: Իսկ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը մտավորականների գնված-չգնված լինելու մասին հավելում է. «Գիտեմ փայլուն մտավորականի, որը ծանր տարիներին խաղալիքներ էր վաճառում Վերնիսաժում, բայց նա չվաճառեց իր խիղճը»: Երեկվա ասուլիսին պետք է ներկա լինեին նաեւ գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, երգիչ Վահան Արծրունին, բայց երկուսն էլ չէին եկել: Տիգրան Խզմալյանը ասուլիսին եկել էր ակնկալիքով, որ մտավորականի կերպարի մասին խոսելիս կնայի Մերուժան Տեր-Գուլանյանի, Լեւոն Իգիթյանի աչքերի մեջ: «Սակայն նրանք չեկան, փոխարենը կնոջն ուղարկեցին», ասաց Տիգրան Խզմալյանը` ակնարկելով տիկին Աստղիկ Գեւորգյանին: Իսկ վերջինս պահանջեց բարեկիրթ լինել իր հանդեպ, այլապես չի մասնակցի ասուլիսին, մանավանդ որ չի էլ իմացել, թե իրենից բացի ովքեր են ներկա լինելու: Այնուհետեւ Տիգրան Խզմալյանը իբր ավելի բարեկիրթ երեւալու համար վերաձեւակերպեց իր խոսքը. «Ես ասացիՙ 2 ռահվիրաները չեն եկել, նրանք ուղղակի թաքնվել են Ձեր հետեւում»: Իսկ ընդհանրապես մտավորական լինել, ըստ Տիգրան Խզմալյանի, նշանակում է լինել ազատ, եւ ազատ է նա, ով չի ստում, ազատ է ստից ու կարիք չունի ստելու. «Միայն մտավորական մարդը կարող է այսպիսի ազատություն թույլ տալ իրեն»: Ու քանի որ մտավորական բառը Հայաստանում վարկաբեկված է, Տիգրան Խզմալյանը երեկ որոշեց հրաժարվել մտավորական տիտղոսից եւ հանդես գալ որպես ՀՀ քաղաքացի, որը եղել է ռեժիսոր: Անդրադառնալով նախագահական ընտրություններին հաջորդած զարգացումներին` Տիգրան Խզմալյանը հավելեց, որ փետրվարի 18-ին եղավ հերթական հեղաշրջումը. «Խլեցին մեր ձայները, այն, ինչ մնացել էր»: Այնուամենայնիվ, Աստղիկ Գեւորգյանի ու Վահրամ Մարտիրոսյանի կարծիքով, ամեն ինչ դեռ կորած չէ: «Հայաստանում վիճակն անհուսալի չէ, ուղղակի պակաս կա մի վճռական մեծ քայլի», ասաց Վահրամ Մարտիրոսյանը, իսկ տիկին Գեւորգյանի փոխանցմամբ` Հայաստանում ունենք մարդկանց ստվար շերտեր վայելուչ պահվածքով, եւ այս շերտերի համար գերական երկրի շահն է: |