RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2013-03-05 > #032, 2013-03-06 > #033, 2013-03-07 > #034, 2013-03-08 > #035, 2013-03-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-03-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-03-06 23:18:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 2007, Տպվել է` 115, Ուղարկվել է էլ.փոստով` 108

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԸ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ 10-20%-ՈՎ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Օրերս մեկնարկեց 12-րդ միջազգային կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսը, որն ուղղված է տարածաշրջանային զբոսաշրջության զարգացմանը:

Այն հնարավորություն տվեց տեղեկանալու զբոսաշրջության զարգացման տարածաշրջանային միտումներին եւ խնդիրներին, ինչպես նաեւ ծանոթանալու այս ոլորտում միջազգային գործարար փոխհարաբերությունների զարգացմանը եւ հեռանկարներին:

Երեկՙ լրագրողների հետ հանդիպմանը Ճամփորդական գործակալների հայկական միության փոխնախագահ Եղիշե Թանաշյանը ցավով ընդգծեց, որ զբոսաշրջային փաթեթները դեպի Հայաստան թանկացել են 10-20%-ով, ինչը մեր տարածաշրջանի երկրների շրջանում Հայաստանը դարձնում է անմրցունակ. «Փաթեթների գների բարձրացման պատճառը սննդի օբյեկտների ծառայությունների թանկացումն է, որն էլ իր բացասական հետեւանքներն է ունենում»:

Այս ամենին զուգահեռՙ վերոնշյալ գործակալութան նախագահ Սիմոն Խաչատուրյանն ասաց, որ ցուցահանդեսը խթանում է ներգնա եւ տարածաշրջանային զբոսաշրջությունը` ցուցահանդեսի շրջանակներում օտարերկրյա տուր-օպերատորների համար ճանաչողական շրջայց կազմակերպելու միջոցով, ինչպես նաեւ բարենպաստ պայմաններ ստեղծել տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթների համատեղ մշակման, գովազդման եւ վաճառքի համար, խթանել ներքին (մարզային) զբոսաշրջությունը, տեղեկացնել հասարակությանը, պոտենցիալ հաճախորդներին, մասնագետներին, պաշտոնյաներին եւ մյուս շահագրգիռ կողմերին զբոսաշրջության ոլորտի զարգացման միտումների մասին եւ ստեղծել ֆորում զբոսաշրջության ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի համար, Հայաստանի բնակչությանը ընձեռել հնարավորություն արձակուրդները մատչելի եւ որակյալ պլանավորելու համար

Ըստ Ե. Թանաշյանիՙ ներգնա զբոսաշրջության պահանջարկն ավելի մեծ է, քան առաջարկը, ինչը նույնպես նպաստեց հյուրանոցային գների աճին: Հայաստանը ներկայում կարիք ունի նորանոր բարձրակարգ հյուրանոցների, քանի որ հայկական զբոսաշրջային ընկերությունները գրավում են նոր, ավելի վճարունակ շուկաներ:

Այս տարվա ցուցահանդեսին մասնակցեցին ավելի քան 75 կազմակերպություններ, որոնցից 58-ը` ՀՀ 11 մարզերից եւ Լեռնային Ղարաբաղից, մյուսները` Թուրքիայից, Վրաստանից, Հունաստանից, Եգիպտոսից, Արգենտինայից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից, տեղեկացրեց ճամփորդական գործակալների հայկական միության նախագահ Ս. Խաչատուրյանը:

«Անի Պլազա» հյուրանոցի գլխավոր տնօրեն Մկրտիչ Գրիգորյանը, անդրադառնալով օրերս տեղի ունեցած ցուցահանդեսին, ողջունեց այդ քայլը եւ ընդգծեց. «Մեր հյուրանոցը բարձր է գնահատվել ցուցահանդեսում: Ի դեպ, այս տարի մենք հյուրեր ունեինք Թուրքիայից: Հույս ունեմ, որ կապերը կընդլայնվեն ցուցահանդեսի մասնակիցների հետ:»

ԱՄՆ-ի «Ի-Դի-Էմ-ՍԻ» ծրագրի ղեկավար Բռունո Կոռնելիոն էլ իր հերթին նշեց, որ 12 տարիների ընթացքում ԱՄՆ-ի կառավարությունը ֆինանսապես աջակցել է կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսի իրականացմանը Հայաստանում. «Կոմերցիոն առումով ցուցահանդեսն ամեն տարի էլ ավելի լավն է դառնում եւ այդպիսով զարգացման նոր հնարավորություններ է ստեղծվում հայկական կազմակերպությունների համար: Այս տարի մեր աջակցության նպատակն է Երեւան բերել մարզային տուրիստալան կազմակերպություններին, եւ ուրախ եմ, որ այս տարի մեծ շարժ եղավ այդ ուղղությամբ: Ընդգծեմ, որ ցուցահանդեսին ներկա գտնվածների մեծամասնությունը կանայք էին, ինչպես զբոսաշրջության ոլորտում աշխատողների 80 տոկոսն են կանայք: Եվ սա մի աստիճան է, որի շնորհիվ կանայք փորձ ձեռք բերելով կարող են դառնալ անհատ ձեռներեցներ:»:

«Ի-Դի-Էմ-ՍԻ» ծրագրի ղեկավարը տպավորված էր Հայաստանում տուրիզմի զարգացման համար ներդրումների քանակով, որոնց մեծ մասը հյուրանոցների համար է ծախսվել:

Եղիշե Թանաշյանն ամփոփելով ասաց, որ 2012-ից ներգնա տուրիզմի պահանջարկը ավելի մեծ էր, քան առաջարկը, այդ իսկ պատճառով էլ տեղի է ունեցել գների աճ: Զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ջանքերի` ներդրումների եւ արտերկրում տարատեսակ միջազգային ցուցահանդեսների մասնակցության ու գովազդի շնորհիվ Հայաստանի զբոսաշրջության ոլորտը ներխուժում է վճարունակ շուկաներ:

Միջոցառումն իրականացվում է 1999 թվականից եւ դարձել է զբոսաշրջային օպերատորների եւ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հանդիպման եւ գործնական կապերի հաստատման հարթակ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ