RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2013-03-06 > #033, 2013-03-07 > #034, 2013-03-08 > #035, 2013-03-12 > #036, 2013-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 08-03-2013



Տեղադրվել է` 2013-03-11 22:40:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2579, Տպվել է` 123, Ուղարկվել է էլ.փոստով` 111

ԾԱՂԻԿՆԵՐԸ ՁԵՌՔԵՐԻՍ ՈՒ ԳՐՊԱՆՆԵՐՍ ԴԱՏԱՐԿ...

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Քաղաքի տղամարդիկ գյուղի տղամարդկանցից իհարկե տարբերվում են. օրինակՙ վերջիններս, եթե անգամ որեւէ աշխատանք չլինի, տնամերձ հողամասում ինչ-որ բան կանեն, մինչդեռ քաղաքաբնակներս աշխատանքի բացակայության պայմաններում պարզապես զբոսնում ենք, բայց ոչ թե երջանիկ մարդու անհոգությամբ, այլ խիստ նյարդային դեմքի արտահայտությամբ: Ամեն տարվա մարտի 8-ին, եթե նկատել եք, քաղաքում շատանում են այդպիսի դեմքերով տղամարդիկ, գյուղերում էլ, ի դեպ, շատանում են տնամերձ հողամասերում ըստ էության ոչինչ չանող, բայց աշխատող տղամարդիկ: Գաղտնիքը տղամարդկանց հիմնական առաքելության կատարման համար ունեցած հնարավորությունների բացակայությունն է: Գյուղերում էլ, քաղաքներում էլ այսօր տղամարդիկ չեն կարողանում գումար աշխատել` մեկ, չեն կարողանում իրենց կանանց երջանկացնել` երկու, կամ` հետեւաբար: Իհարկե ոչ բոլորը, ոմանք, շատերը...

Օրինակՙ քանաքեռցի Գեւորգը հիմնական աշխատանք չունի, բայց ամուսնացած է, երբեմն տաքսի է վարում, կինն էլ աշխատում է քաղաքի ծաղկի խանութներից մեկում. հենց այս կնոջ մասին կխոսենք: Տաթեւիկը երբեք տուն ծաղիկ չի բերում: Ճիշտ է, նա սիրում է իր աշխատանքը, բայց երբ անգամ ծաղիկներն` իրենց շենշող բույրով դառնում են աշխատանք, չես ցանկանում այդ աշխատանքը տուն բերել: Ասել, թե Տաթեւիկը հոգնում է, նշանակում է ոչինչ չասել: Բայց նա այլընտրանք չունի, ընդ որում, նա իր դժվարին, ծանր աշխատանքի համար ոչ մեկին չի մեղադրում, նա պարզապես հասկանում է, ապրելու համար աշխատել է պետք, այո, ծանր, դժվարությամբ...

Մարտի 7-ի երեկոյան Տաթեւիկն արդեն պատրաստել էր մի քանի տասնյակ ծաղկեփնջեր (պահանջարկ կլիներ հաստատ), ու երբ նա վերջին սրբագրումներն էր անում կակաչների ու վարդերի միացյալ փնջի վրա, խանութ մտավ մի երիտասարդ, նա շփոթված էր: Չնայած աշխատանքային ծանրաբեռնվածությանըՙ Տաթեւիկն զգաց տղայի հուզմունքն ու անհանգստությունը եւ հետաքրքրվեց, թե ինչո՞վ կարող է օգնել նրան: Երիտասարդն ասաց, որ իրեն փունջ է պետք ու ցույց տվեց մեկը: Տաթեւիկը ժպտաց, այդ փունջն ամենաթանկն էր խանութում, իմանալովՙ տղան ավելի հուզվեց:

Երիտասարդի ընտրած երկրորդ փունջը եւս թանկերից էր, ու Տաթեւիկը, զգալով տղայի հրաշալի ճաշակը, նաեւ հուզմունքն ու անհանգստությունը, ինքն էլ չհասկացավ, թե ինչպես կանչեց խանութից ձեռնունայն հեռացող երիտասարդին ու մեկնելով նրան առաջին հավանած փունջըՙ ասաց. «Վերցրեք, նվիրում եմ...»: Տղան ավելի հուզվեց եւ սկսեց համառել, կարմրել, անգամ նեղանալ: Բայց Տաթեւիկը համառ էր... Մի քանի րոպե անց նա հանեց իր դրամապանակից փնջի արժեքն ու դրեց խանութի դրամարկղը. Տաթեւիկը ժպտում էր, ինքն էլ չէր հասկանում ինչո՞ւ...

Գյուղացի Գագիկը նույն ընթացքում փայտ էր կոտրում գյուղի իրենց տան բակում, չնայած դրա կարիքը չկար, վառարանը վառ էր, փայտը` բավականին շատ: Գագիկը խիստ լարված էր աշխատում, արագ: Գագիկի կինը նույն ընթացքում տանն էր, նորածին դստեր հետ. երեխան դեռ մի քանի օրական էր: Հանկարծ տան բակում աղմուկը դադարեց, կացինը մի կողմ նետելով Գագիկն արագ, բայց արդեն առանց լարվելու հեռացավ բակից: Շուտով նա ներս մտավ տուն, քրտինքի մեջ կորած, անմիջապես մտավ ննջասենյակ, որտեղ կինն էր ու դուստրը: Կինը ժպտաց, բայց այն ժպիտներից էր դա, երբ արցունքներն էլ երեւում են. Գագիկի ձեռքին երկու փունջ, փոքրիկ փունջ մանուշակներ կային, նա ինքն էր քաղել` իր կնոջ համար...

Ուշ երեկոյան, արդեն գիշերային ժամի, ծաղկավաճառ Տաթեւիկը վերադարձավ տուն: Տան դռները բաց էին, բայց ներսում ոչ ոք չկար, մութ էր: Տաթեւիկն ամուսնուն կանչելով, զգուշությամբ առաջանում էր, երբ հանկարծ տան հյուրասենյակի լույսերը վառվեցին, ու ամուսինը, մի փաթեթ ձեռքին, երջանիկ ժպիտով կանգնեց նրա առջեւ: Տաթեւիկը ոչինչ չէր հասկանում, անգամ, երբ ամուսինը փաթեթը հանձնեց իրեն: «Ի՞նչ է սա, որտեղի՞ց, ինչպե՞ս ես գնել, ինչո՞վ...», աստիճանաբար հասկանալովՙ հարցրեց Տաթեւիկը: «Դա կարեւոր չէ, շնորհավոր տոնդ, սիրելիս», պատասխանեց Գեւորգը: Տաթեւիկը երջանիկ արագությամբ սկսեց քանդել փաթեթի կապերը. հագուստ էր, բաց կապույտ գույնի, այն նույն հագուստը, որը մի անգամ խանութի ցուցափեղկից տեսան երիտասարդ ամուսինները միասին, ու Տաթեւիկը, հայացքը երկար ժամանակ չկարողանալով կտրել, հոգոց հանեց... Գեւորգը նախորդ գիշեր տուն չէր եկել, ինչպես եւ Տաթեւիկը, ու եթե կինը ողջ գիշեր փնջեր էր պատրաստում մարտի 8-ի համար, ուրիշ կանանց համար, հոգնելով արդեն ծաղկի բույրից, ամուսինը տաքսի էր քշում, կարելի է ասել, հանրապետության ողջ տարածքում...

Ուրեմն շնորհավոր բոլոր կանանց տոնը, իսկ մենք, մենք չենք մոռացել ձեզ երջանիկ դարձնելու մեր առաքելությունը, այո, ծաղիկները ձեռքերիս ու գրպաններս դատարկ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 08-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ