ԹՈՒՐՔԻԱՆ ԽԱԽՏՈՒՄ Է ՄԱԿ-Ի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Ի. Պ. «Միավորում հանուն ՄԱԿ-ի կանոնադրության» խումբը, որը կազմված է հայաստանյան շուրջ 15 հասարակական կազմակերպություններից, նոր նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչներինՙ ՄԱԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային զարգացման ծրագրերի (ՏԶԾ) գրասենյակը Բրատիսլավիայից Ստամբուլ տեղափոխելու հարցի կապակցությամբ: Սակայն նամակի պատասխանը դեռեւս չեն ստացել: «Միավորում հանուն ՄԱԿ-ի կանոնադրության» խմբի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը , որը երեկ «Հայելի» ակումբում գրասենյակի հնարավոր տեղափոխման վերաբերյալ իր անհամաձայնությունը հայտնելուց հետո նշեց, որ աստիճանաբար Թուրքիա են տեղափոխվում ՄԱԿ-ի տարբեր ծրագրեր, եւ դրա համար Թուրքիան մեծ գումարներ է տրամադրում ՄԱԿ-ին: Ըստ էության ստացվում է, որ Հայաստանն իր շփումները ՄԱԿ-ի հետ ստիպված է իրականացնել Թուրքիայի միջոցով: Կարինե Դանիելյանը ընդգծեց, որ անկախ ամեն ինչից` գրասենյակի տեղափոխման դեմ իրենց խումբը շարունակելու է պայքարել, եւ խմբի ներկայացուցիչը հիմա փորձում է հանդիպել ՄԱԿ-ի ներկայացուցիչներին: Գրասենյակի տեղափոխման դեմ իրենց բողոքն արդեն հայտնել են Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը: Թուրքիայի կողմից ՄԱԿ-ի Եվրոպայի ՏԶԾ գրասենյակի Ստամբուլ տեղափոխումը նախամտածված քայլ է, եւ պատահական չէ, որ արվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ: ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նշում է, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին պատրաստվում ենք ոչ միայն մենք, այլեւ Թուրքիան ու Ադրբեջանը, եւ ՏԶԾ գրասենյակի տեղափոխումը Ստամբուլ այդ պատրաստությունների շարքից է եւ նպատակ ունի Հայաստանի համար խոչընդոտներ ստեղծել: «Եվ ստացվում է այնպես, որ նախաձեռնությունն իր ձեռքը կարողանում է վերցնել այն պետությունը, որը շատ փող ունի, այնինչ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ասված է, որ մեծ ու փոքր պետությունների միջեւ տարբերակում դնել պետք չէ: Հետեւաբար մենք պահանջում ենք ՄԱԿ-ի կանոնադրության մեջ գրված արժեքների պահպանում», հավելում է Լարիսա Ալավերդյանը: |