ԱՎԱՆԴԱԿԱՆ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, արվեստաբան Արարման բերկրանքը ոգեշնչում է ստեղծագործող հայ կնոջը վրձին վերցնելու եւ արվեստի լեզվով բացահայտելու իր ասելիքը, իր «հոգու ներկապնակը»: Ամեն բացվող գարնան հետ Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում տիրում է գարնանային լուսաշող տրամադրություն: Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի առթիվ Հայաստանի նկարիչների միությունը կազմակերպում է հանրապետական ցուցահանդես: Մեր հայ նկարչուհիները առանձնակի պատասխանատվությամբ ու ապրումներով են պատրաստվում այդ իրադարձությանը` ներկայացնելով իրենց լավագույն գործերը: «Գարնանային մեղեդի» խորագրով ցուցահանդեսը այս տարի բացվեց մարտի 7-ին: Արվեստասերների դատին իրենց աշխատանքներն էին ներկայացրել 142 նկարչուհի, ոչ միայն ծանոթ ու հայտնի անուններ` Լուսիկ Ագուլեցի, Սեդա Բեքարյան, Նարգիզ Փաշայան, Սուսաննա Մկրտչյան, այլեւ երիտասարդ շնորհալի ստեղծագործողներ, որոնք արվեստասերներին նոր արտահայտչամիջոցներով են հաղորդակից դարձնում իրենց խոհերին ու երազանքներին: Համարձակ վրձնահարվածներով, ազատ եւ դինամիկ գունային ծեփումներով աչքի է ընկնում Լուսիկ Ագուլեցու «Աղավնատուն» գործը: Կտավում օդի, լույսի ու գույների կախարդիչ դաշնության մեջ մարմնավորվել է լեռնային մեր երկրի հավաքական կերպարը` խաղաղության ու գեղեցկության մեջ: Գեղանկարչական կենդանի մթնոլորտով, պինդ գունային հագեցվածությամբ առանձնանում է Սեդա Բեքարյանի «Կապույտ Կոնդ» կտավը: Նարգիզ Փաշայանի «Զբոսանք» կտավում բացահայտվում է հայ կնոջ զգացմունքների հորդաշունչ աշխարհը` մաքուր ու նուրբ, որպես գոհար: Երեւակայության հրաշալի ու զարմանալի մի աշխարհ է կենդանանում Սուսաննա Մկրտչյանի «Մուսաներ» աշխատանքում: Թախծի ու բերկրանքի ամենանրբին երանգները արտահայտված են Աննա Համբարյանի «Դիմանկար» ստեղծագործության մեջ: Այս կտավների տրամադրության մեջ սիրո թովչանքը կա, զգացմունքների վեհություն, սեր մեր բնաշխարհի հանդեպ , որն ապրեցնում է, ոգեւորում: Կտավները բացահայտում են կնոջ զգացմունքների հորդաշունչ աշխարհը: Ցուցադրությունն աչքի է ընկնում նաեւ ներկայացված ստեղծագործությունների ոճային բազմազանությամբ, նկարչական տարբեր նյութերի հմուտ օգտագործմամբ: Զարմացնում է հայ նկարչուհիների ինքնատիպ, ազատ մտածելակերպը թե գունային, թե կոմպոզիցիոն-թեմատիկ առումով: Հայ նկարչուհիների ստեղծագործության հմայքի ու ջերմության ակունքները գալիս են հազարամյակների մշակույթի պատմություն ունեցող մեր ազգային արվեստի ավանդներից, հայրենի հողից, մայրական քնքուշ ապրումներից, ընտանեկան լուսավոր ջերմությունից: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀկ կանանց խորհրդի նախագահ Հեղինե Նաղդալյանը, արվեստագետներ, արվեստասերներ: «Գարնանային մեղեդի» ցուցահանդեսը գործելու է մինչեւ մարտի 13-ը: Նկար 1. Լուսիկ Ագուլեցի, «Աղավնատուն» Նկար 2. Սեդա Բեքարյան, «Կապույտ Կոնդ» |