ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԹԱՏԵՐԱԿԱՆ Online ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում մարտի 26-ին տեղի կունենա «Թատերական Online մրցանակաբաշխություն 2013»-ը: Օնլայն մրցանակաբաշխության անվանակարգերը կազմվում են «Tatron.info» կայքի անձնակազմի կողմից, իսկ անվանակարգի մասնակիցներն ընտրվում են օնլայն դաշտում (առցանց մամուլ, առցանց ռադիո եւ հեռուստատեսություն, սոցցանցեր,GGoogle-ի որոնողական համակարգ եւ համացանցային այլ կայքեր) ակտիվություն ցուցաբերած թատերական բոլոր գործիչները, որոնք նշված օնլայն հարթակներում ակտիվություն են ցուցաբերել 2012 թ-ին: Նախագիծը նպատակ ունի ստանալ արդի թատրոնի իրական պատկերը հանդիսատեսի օնլայն քվեարկության արդյունքում: «Ազգը» մրցանակաբաշխության հիմնադիր նախագահ Ֆրուզե Գեւորգյանից տեղեկացավ մրցանակաբաշխունյան մանրամասների մասին: - Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել այս տարի մրցանակաբաշխությունում: - Եթե նախորդ տարի յուրաքանչյուր մարդ կարող էր քվեարկել ամեն օր, ապա այս տարի մեկ համացանցային IP-ից հնարավոր է քվեարկել ընդամենը մեկ անգամ: Փոփոխության են ենթարկվել նաեւ մրցանակաբաշխության անվանակարգերը, եթե նախորդ տարի տասն էին, ապա այս տարի` տասներեքը: Նախորդ տարի հաղթողները ստանում էին պատվոգրեր եւ մեկ տարվա PR փաթեթ, ապա այս տարի դա հանվել է: Այս տարի պատվոգրերի հետ միասին հաղթողները կստանան խորհրդանշական արձանիկներ: - Ինչու որոշվեց թատերական քննադատ (լրագրող) անվանակարգը միացնել իրար: Չէ՞ որ թատերական քննադատը մեկ այլ բան է, իսկ լրագրողն` այլ: - Անցյալ տարի մենք ունեինք տարվա Online թատերագետ անվանակարգը, որն ամփոփում էր մնացած տարիների աշխատանքը: Սակայն 2012թ. չկային թատերագետներ, որոնք ակտիվ էին, ավելի ճիշտ քիչ էին, այդ իսկ պատճառով որոշեցինք միացնել եւ մեկ անվանակարգով ներկայացնել: 2012թ. թատերական լրագրողներն ավելի ակտիվ էին, քան թատերագետերը: Ի դեպ, սա մեծ քննարկումների առիթ տվեց եւ մենք փոփոխություն կատարեցինք եւ այժմ անվանակարգը կոչվում է տարվա Online թատերական լրագրող: Սակայն մյուս տարի մենք կառանձնացնենք մեկը մյուսից: - Ի տարբերություն անցյալ տարվա, այս տարի ոչ ոք չի կարող տեսնել քվեարկության արդյունքները: Ո՞րն է նպատակը: - Այն ունի իր ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմերը: Անցյալ տարի երբ տեսնում էին քվեարկության արդյունքները, առաջին, երկրորդ տեղերի մասնակիցներին քվեարկողները էլ ավելի էին ակտիվանում, որը չեմ ասի մնացած հորիզոնականների վերաբերյալ: Հինգերորդ, վեցերորդ տեղերի ներկայացուցիչները էլ չէին էլ փորձում պայքարել: Այս տարի մենք փակեցին արդյունքների հասանելիությունը, որպեսզի պայքարեն բոլոր մասնակիցները, որն ըստ իս ստացվեց: - Իսկ որքանո՞վ է թափանցիկ այս ձեւաչափը: - Անցյալ տարի, երբ բաց էր քվեարկությունը, միեւնույնն է, հնչեցին կարծիքներ, որ լցոնում ենք կատարել: Բողոքողը միշտ էլ բողոքում է: Սակայն եթե պահանջվի, ես կարող եմ լրագրողներին համակարգչով ներկացնել արդյունքները: - Քվեարկության մեկնակից հետո գրանցվեցին դեպքեր, երբ տարբեր անվանակարգերում առաջադրված մասնակիցները հանվեցին մրցակցությունից: Ինչո՞վ էր պայմանավորված դա: - Մեր կողմից հեռացվել է տարվա օնլյան լավագույն լրագրող անվանակարգում «Առավոտի» թղթակիցը, իսկ տարվա օնլայն լավագույն դերասանուհի անվանակարգի ներկայացուցիչներից Նարինե Գրիգորյանն ինքն է խնդրել, որպեսզի հանեն իրեն այդ անվանակարգից, քանի որ եւս մի անվանակարգում է նոմինացված: Մենք ընտրում ենք մասնակիցներին, սակայն քվեարկողը հանրությունն է եւ ունի իրավունք բողոքարկելու այս կամ այն մասնակցի դեմ: Իսկ այս դեպքում մասնագետները համեմատական անցկացնելով մյուս մասնակցիների հետ, բողոքեցին` ասելով, որ այդ լրագրողը մյուս մասնակիցների հետ նույն հարթակում չպետք է մրցի: Ամփոփելով մրցանակաբաշխության նախնական տվյալները, Ֆրունզե Գեւորգյանն «Ազգին» տեղեկացրեց յուրաքանչյուր անվանակարգի երեք առաջատարներին` տարվա Online դերասան` Արմեն Մարգարյան, Մխիթար Ավետիսյան, Արմեն Սարգսյան, տարվա Online դերասանուհի` Տաթեւ Ղազարյան, Լիլի Միքայելյան, Արփինե Իսրայելյան, տարվա Online թատրոն` Իրական հոգեբանական թատրոն, ԵԹԿՊ-ի ուսումնական թատրոն, Գյումրու պետական դրամատիկական թատրոն, տարվա Online ներկայացում` «Այ քեզ խաթաբալա», «Հացի խնդիրը», «Ես միայն զանգահարելու եմ եկել», տարվա Online մանկական ներկայացում` «Համեցեք Լափլանդիա», «Գեղեցկուհին եւ հրեշը», «Մաշի եւ արջի արկածները», տարվա Online պարային-երաժշտական ներկայացում` «Կյանքի 5 տարրերը», «Մոռացված հողը», «8 սիրագորով կանայք», տարվա Online բեմադրող ռեժիսոր` Սարգիս Արզումանյան, Անի Աբրահամյան, Նարինե Գրիգորյան, տարվա Online մշակութային լրագրող` Սաթենիկ Հովակիմյան, Ծովինար Կարապետյան, Մանանա Հովակիմյան, տարվա Online բեմանկարիչ` Անտոն Քեշիշյան, Տաթեւ Հարությունյան, տարվա Online պրոդյուսեր` Տիգրան Վիրաբյան, Նարեկ Արշակյան, տարվա Online փառատոն` թումանյանական հեքիաթի օր եւ թատերական Լոռի: Քվեարկությունը կտեւի մինչեւ մարտի 20-ը: |