ԵՐԿՈՒ ԳԵՏՆԱՆՑՈՒՄՙ ԳՐԱՎԱՃԱՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ Հ. Հ. Մի քանի օրվա իրարանցումից հետո այժմ «Երիտասարդական» մետրոյի հարեւանությամբ գործող գետնանցումում հանգիստ վիճակ է: Գետնանցումի ներսի կրպակներն ու վաճառակետերը քանդված են, դռներըՙ փակված. շուտով այնտեղ կսկսվի շինարարություն: Գետնանցումի մի հատվածում տարիներ շարունակ գրքեր էին վաճառում: Գետնանցումի սեփականատիրոջ որոշումըՙ նորոգել տարածքը, բարկացրել է գրավաճառներին: Նրանց ասել են, որ շինարարական աշխատանքները կավարտվեն 2 տարուց, դրանից հետո կարող են նորից աշխատել: Ըստ տարածքում աշխատող առեւտրականներիՙ գետնանցումը պատկանում է գործարար Կարեն Բաղդասարովին: Առեւտրականների մի մասի խոսքերովՙ իրենց չնեղվելու համար նաեւ գումար են բաժանել, խոսքը մի քանի հազար դոլարի մասին է: Իրենց ասել են, որ այս գումարն «ուղղակի են տալիս, որ չնեղվեք»: Մի քանի օր առաջ տարածքի գրավաճառները աղմուկ էին բարձրացել ու պահանջում էին իրենց տարածք տրամադրել աշխատելու համար: Ինչպես տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանիցՙ գրավաճառներին կտրամադրվի կամ Մաշտոցի պուրակին հարակից գետնանցումը, կամ էլ «Ձկան խանութի» հարեւանությամբ գործող գետնանացումը: Սակայն գրավաճառները համակարծիք չեն աշխատավայրի փոփոխման շուրջ, նրանց մի հատվածը դժգոհում է, որ առաջարկվող գետնանցումները սանիտարական առումով չեն համապատասխանում աշխատանքային պայմաններին: Քաղաքապետարանի հավաստմամբՙ եթե գրավաճառները գան ընդհանուր եզրակացության եւ ընդունեն առաջարկությունը, ապա քաղաքապետարանը կհոգա տարածքի սանիտարահիգիենիկ վիճակի մասին: |