RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 19-03-2013



Տեղադրվել է` 2013-03-18 23:55:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 3081, Տպվել է` 1030, Ուղարկվել է էլ.փոստով` 101

ԿՅԱՆՔԻ ԽՃԱՆԿԱՐՙ ՕՐԱԳՐՈՒԹՅԱՆ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Գիրք դիմանկար. այսպես կարելի է համարել այն նոր գիրքը, որը ընթերցողին է ներկայացրել բանաստեղծ-մանկագիր Սուրեն Մուրադյանը բոլորովին վերջերսՙ խորագրելով այն «Մի երկար լուսարար ճանապարհ» (տպագրությունն իրականացրել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամըՙ Կարեն եւ Սամվել Կարապետյանների աջակցությամբ):

Գրքի շապիկին գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ճանապարհի նկարը բաց դուռ է, որի միջով անցնում է մարդու ճանապարհըՙ շարունակական ընթացքի մեջ պահելով երկնքի ու երկրի միասնականության գաղափարըՙ կանաչն ու կապույտը: Իր կյանքի 80 եւ ավելի տարիները լույսի ու բարության շաղախով է հյուսել գրողը, հավատ ու ապրելակերպ դարձրած: Այդպիսին է իր գրականությունը, եւ այդպիսին է մարդկային իր նկարագիրը. ով գիտի, ճանաչում է իրեն, այլ բան ասել չի կարելի: Նրան ամենից լավ, իհարկե, երեխաներն են ճանաչում. մանկագրի իր հոգին նրանց հետ բաց ու հարազատորեն միշտ կապված է, որոնց համար այնքան հանելուկ է բացել ու այնքան գաղտնիք: Իսկ երեխաների գաղտնիքները, օ՜, դրանք շատ են անթափանց, շատ են խորը: Երեխային հասկանալը, առավել եւս նրան սիրելի դառնալը մեծ վարպետություն է, որովհետեւ այստեղ նախ եւ առաջ անկեղծություն է պահանջվում: Սուրեն Մուրադյանը իր մանկությունը երբեք չկորցրեց, նրա ներսի երեխան չմոլորվեց-չխեղաթյուրվեց կյանքի ճանապարհներին, որով եւ կարողացավ գրականության միջոցով տեսնել տալ երեխային հենց այն, ինչ նրան է անհրաժեշտ: Ահավասիկ սիրելի ու փնտրված գրող դարձավ նա մանուկների համար: Հասարակական ամենատարբեր գունաշրջումներում, արժեքների հեղաշրջումներում, փոփոխությունների գլխապտույտ զիգզագներում իր գրականությունը, իր դիմագիծը չփոխելու նրա կամքը դրա դրսեւորումն է: Մանուկների աշխարհի հետ կապը, գիր ու գրականության մեջ ամուր մնալն է գաղտնիքը այս շիտակ ու ճշմարիտ ճանապարհի: Ահավասիկ, օրեր առաջ, երբ փոխանցեց իր նոր գիրքը, ի դեպ, 107-րդը, գարնան նախաշեմն էր արդեն, մանուշակի խոնարհ փունջ կար ձեռքին: Փոքրիկ այդ ծաղիկները, իր հոգու ժպիտներ որպես ընդունեցի:

Սուրեն Մուրադյանը բազմաժանր գրող է, մանկագրությունը նրա վաղուց ճանաչված ու սիրված է. նա բանաստեղծ է, դրամատուրգ ու երգիծաբան: Եվ որքան զարմանալի է, իր մեղմ ու բարեհոգի բնույթը չի արգելել ծաղրելու կյանքի մերժելի արատները, մարդկային մանր ու ճղճիմ կրքերը:

Իր կյանքի տեւական ճանապարհին գրողը հետահայաց հավաքում է մանր ու մեծ խճերը, ի մի բերում ապրածը, անցյալը, ինչպես ասում ենՙ օրերի հունձքը հրապարակ հանում: Այս ճանապարհին հեղինակի ուղեկցությամբ մենք գտնում ենք մեր հեռու անցյալը, զգում խորհրդային գրական մթնոլորտն ու արվեստի միջավայրը, վերհիշում դեմքեր ու երեւույթներ, ապա վերադառնում մեր այսօրվան, ներկա իրականությանը: Օրագրային գրառումները այդ հնարավորությունը տալիս են, օրագրության առավելությունը հենց սա էՙ իրականության ճշմարտապատում արտացոլումը:

Գրախոսովող ժողովածուի հիմնական մասը օրագրային գրառումներն են, որ կանոնավորապես գրողը կատարել է 1954 թվականից: Մինչ այդՙ կյանքի նախերգությունն է, կամ մանկության տարիների նկարագրությունը վերհուշի միջոցով. ահա Ակներ գյուղըՙ բանաստեղծի ծննդավայրը, մենավոր բռնչենին, Ակների դպրոցը, թատերական խմբակը, հետո պատերազմն ու սոված տարիները, գյուղական կյանքն ու իր տեսած առաջին քաղաքիՙ Թիֆլիսի տպավորությունները: Ավելի քան 50 տարիների կյանքը պատմվում է ակնարկներով, օրագրային այս գրառումները, թիվ-ամսաթվերը տարբեր տարիների, տրամադրությունների հետքերն են, կյանքային իրադրությունների ու վիճակների կրողները: Դրանց մեծ մասը համառոտ նկարագրություններ են, երբեմնՙ ուղղակի մեկ տողանոց տեղեկություն, երբեմնՙ ավելի ընդարձակ պատմություններ, որտեղ հանդիպում ենք նշանավոր դեմքերի, ծանոթ ու անծանոթ մարդկանց, որ նաեւ խոհերի ու մտորումների առիթ է տալիս:

Արդեն հիմաՙ տարիների հեռուներից գրողի համար մեծ ու փոքր երեւույթները կարծես մեկ են, հավասարՙ նշանակալի իրադարձություն, հանդիպում, հոբելյան կամ գրքի ծնունդ, թե մի ֆուտբոլային խաղ կամ գրքի ընթերցման տպավորություն, սա կյանքի մեկ ընդհանուր շղթա է. «Օգոստոսի 20: Կարդացի Չինգիզ Այթմատովի «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպը: Արտագրեցի «Հեյ գիտի կյանք, չծնվեսՙ աշխարհը չես տեսնի, ծնվեսՙ տանջանքից աչք չես բացի»:

Օրագրային փոքր այս նշումները ստեղծում են կյանքի ծավալուն պատկեր, ավելի շուտՙ խճանկար, տարբեր գույներից, երանգներից, ձեւերից ու նոտաներից կազմված, դեպքերի ու երեւույթների մի հոսք. ձեւավորում գրողի եւ իր ժամանակի պատկերը, ընթերցողը հանդիպում է նրան ամենատարբեր պայմաններում, իրավիճակներումՙ Երեւանում ու Հայաստանի շրջաններում, հանրապետությունից դուրս, բազմաթիվ հանդիպումներումՙ դպրոցներում, մանկապարտեզներում, երաժշտասրահներում, բեմերում. այսինքնՙ բազմաբովանդակ ու հարուստ ապրած կյանքՙ հայ եւ օտար մտավորականների, երեւելի մարդկանց բարեկամությամբ ջերմացած:

Միաժամանակ հայտնի է դառնում, որ քաղաքաբնակի իր կյանքը, այսպես ասած, ուրբանիզացված ապրելակերպը իր հոգին երբեք չի կտրել ծննդավայրից, նա հայրենի բնաշխարհի բույրը իր ներսում խորն է պահել: Ահաՙ Նոր տարվա առաջին օրը Ակներում, մորը շնորհավորելիս. «Բավական վառելափայտ կտրեցի մորս համար, այցելեցի հորս գերեզմանին, ձյունը մաքրեցի, մոմ վառեցի»:

Առաջին հայացքից անձնական թվացող օրագրությունը սակայն իր ժամանակի գրական կյանքի եւ գրչակից ընկերների վավերագրություն է նաեւ, բավականին հիշատակումներ պարունակող. «Հոկտեմբերի 27: Խաժակ Գյուլնազարյանը զանգեց-գնացի: Մի նամակ տվեց: Կհանձնես «Նաիրի» հրատարակչության տնօրեն Հրաչյա Թամրազյանին: Անտիպ գիրքս է նամակի հետ, գուցե իմ մահից հետո տպագրվի: Ես շուտով կմեռնեմ: Հասմիկիս կօգնես, ինձ մենակ չի կարող թաղել: Դագաղս հատուկ կառնեք, կդնեք Թումանյանի տուն-թանգարանում, կթաղեք Օշականում: Արխիվս թողնում եմ քեզ ու Հասմիկին. երկուսով կտնօրինեք»:

«Դեկտեմբերի 24: Խաժակ Գյուլնազարյանի թաղումն է: Դագաղը դրին գրողների տան 2-րդ հարկում:

Արմեն Էլբակյանը տոմս էր վաճառել տոնածառի համար եւ դահլիճում ամանորյա հանդես էր: Մի կողմ ամանորի նվագ էր, մի կողմՙ տխրություն: Թաղումը տեղի ունեցավ Օշականում: Բարձունքի վրա»:

Ս. Մուրադյանի օրագրային գրառումները կյանքի փաստական արձանագրումներն են, սակայն ուշադիր ընթերցումը կարող է այնտեղ նուրբ եւ զգայուն շեշտեր նաեւ գտնել: «Մայիսի 16: Ալբերտի թաղումն է: Ուժեղ անձրեւ է գալիս: Ես էլ մահախոսական եմ կարդում, որ տպագրվեց «Գրական թերթում»: Ալբերտին տարել էի 50 ձնծաղիկ. դրեցի սեղանին: Բոլորը զարմացել էին, եզակի վերաբերմունք էր»:

Կյանքի ու գրականության այս երկար ճանապարհը գրողն իհարկե անցնում է իր ամենամտերիմներիՙ սիրելի կնոջՙ Մարոյի, դուստրերի, թոռների ու ծոռանՙ իր կյանքը լցնող ու հարստացնող մարդկանց հետ, եւ հիշողություններն այստեղ ավելի ջերմ են, մտերմիկ, սրտառուչ:

Գրքիՙ «Ճամփորդական նոթեր» երկրորդ բաժինը տարբեր տարիների ուղեւորությունների տպավորություններ ենՙ Եգիպտոսից, Չեխոսլովակիայից, Արաբական երկրներից, Մոսկվայից, ԽՍՀՄ տարբեր քաղաքներից, Արեւմտյան Հայաստանից: Օրագրային խճանկարը լրացնում է լուսանկարների բաժինըՙ ստեղծելով ընտանեկան, բարեկամական, գրական միջավայրերի հետաքրքրական պատկերներ, որին հաջորդում է «Ընծայագրեր» եւ «Գրողները Սուրեն Մուրադյանի մասին» բաժինները:

«Իմ աչքի առաջ դու հասունացար, դարձար մանուկների ամենասիրված բանաստեղծը: Իզուր չէ, որ դու մեծ Թումանյանի հողից ես ծնվել: Քո բնավորության ու բանաստեղծության մեջ զգում եմ թումանյանական պարզությունն ու անմիջականությունը: Դու հայ մանուկների սիրված բանաստեղծն ես, մեր գրականության անխոնջ ու անկեղծ նվիրյալը», գրել է Սիլվա Կապուտիկյանը: Տարիներ են անցել, Սուրեն Մուրադյանն այդպես էլ մնաց, սիրելի ու փնտրված բանաստեղծ մանուկների համար: Նրանց պես անմիջական ու անկեղծ:

Ու չծերացող:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 19-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ