ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ԿԱՅՑԵԼԻ ԹՈՒՐՔԻԱ, ԵԹԵ ԲԱՑԵՆ ՍԱՀՄԱՆԸ Օրերս ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը La Libert պարբերականի հետ զրույցում ասել է. «Իմ երազանքն է այցելել Թուրքիա: Թուրքերի մասին ոչ մի վատ բան չեմ ասել, սակայն երբ խոսում եմ Ցեղասպանության մասին, քույրս եւ բարեկամներս ինձ ասում են, որ չայցելեմ այնտեղ, քանի որ ես ինձ դրանով կսպանեմ»,- եւ ավելացրել է, որ իր երազանքն է այցելել Թուրքիա, եւ ինքը կայցելի, եթե Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը: Նա նշել է, որ տարիներ շարունակ իր թուրք ընկերներն իրեն հրավիրել են Թուրքիա: «Եթե թուրքերը համաձայնեն բացել սահմանը, այդ դեպքում ես կգնամ, նույնիսկ եթե Ցեղասպանության ճանաչման հարցը լուծված չլինի: Սահմանի բացումը կթեթեւացներ շատերի հոգին»,- ավելացրել է նա: Շառլ Ազնավուրը նշել է նաեւ, որ ինքը եղել է միայն Ստամբուլում, որտեղ երգել է երիտասարդ տարիներին, երբ դեռ սկսնակ էր. «Այդ ժամանակ նրանք պետք է նկատած չլինեին, որ ես հայ եմ»: |