ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՎՆԱՍԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ ԴԵՌԵՎՍ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԽՈՍԵԼ Ա. Մ. Արարատյան դաշտում ջերմաստիճանի կտրուկ անկում է արձանագրվել, ինչի մասին օդերեւութաբանները նախապես զգուշացրել էին: Այդուհանդերձ, Արարատյան դաշտի տարբեր բնակավայրերից մեր ստացած տեղեկությունների համաձայն, որոշակի ցրտահարումներից խուսափել չի հաջողվել: Ըստ տարբեր գնահատականների, երեկվա դրությամբ հնարավոր է, որ ցրտահարությունից վնասված լինի ծիրանի բերքի 10-20 տոկոսը: Մյուս մշակաբույսերին վտանգ չի սպառնում, քանի որ ծաղկել են միայն ծիրանենիները: Ամեն դեպքում, սա շատ մոտավոր գնահատական է, հատկապես եթե նկատի ունենանք, որ ցրտահարման վտանգը առկա է եղել նաեւ այս գիշեր: Գյուղնախարարության պատասխանատուները երեկ հնարավոր չէին համարում ասել, թե բերքն ինչ չափով է վնասվել: Գյուղատնտեսության նախարարությունը երեկ նաեւ հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ հաշվի առնելով հնարավոր վտանգը, գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայություններն ու մասնագետները` նախարար Սերգո Կարապետյանի եւ փոխնախարարների գլխավորությամբ, եղել են Արարատի եւ Արմավիրի մարզերում, խորհրդատվական հանդիպումներ ունեցել համայնքների ղեկավարների ու այգետերերի հետ: Հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով խորհուրդ է տրվել այգիների հարակից հատվածներում, քամու ուղղությամբ, օգտագործելով բուսական կիսաչոր մնացորդները, ստեղծել կայուն ծխածածկույթ: Նշվում է, որ ողջ գիշեր դա արվել է: |