RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-03-26 00:03:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1650, Տպվել է` 117, Ուղարկվել է էլ.փոստով` 76

ՈՉ ԹԵ ԻՍՐԱՅԵԼՆ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ, ԱՅԼՙ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԱԹԱՆՅԱՀՈՒՆ ԹՈՒՐՔ ԺՈՂՈՎՐԴԻՑ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Ընդ որումՙ առանց բավարարելու վարչապետ Էրդողանի գեթ մեկ պահանջ

Մարտի 21-ին նշել էինք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցի ընթացքում Իսրայելի ղեկավարներիՙ մասնավորապես վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ հավանաբար կքննարկի թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման խնդիրը, անդրադառնալով միաժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մարտի 1-ի հայտարարությանը, որտեղ վերջինը Վիեննայում սիոնիզմը նույնացրել էր ֆաշիզմի հետ, համարելով դա մարդկության դեմ հանցագործություն:

Հարաբերությունների հարցը քննարկվել է, որ մարտի 22-ին Նաթանյահուն հեռաձայնել է Էրդողանին: Հատկանշական է, որ Նաթանյահու-Էրդողան հեռախոսազրույցի մասին հաղորդագրությամբ աշխարհին իրազեկել է Բարաք Օբաման, առանց սպասելու կողմերի պաշտոնական հայտարարություններին եւ դրա առթիվ իր գոհունակությունն է հայտնել:

Թուրքական էլեկտրոնային եւ տպագիր մամուլը հեռախոսազրույցը ներկայացրել էր «Իսրայելը ներողություն խնդրեց» վերնագրով, իսկ թուրքական կառավարությունըՙ որպես «Իսրայելի նկատմամբ դիվանագիտական հաղթանակ, որի արդյունքում իսրայելական կողմը բավարարել է Թուրքիայի բոլոր 3 պահանջները»:

Ներողություն խնդրելու եւ Թուրքիայի պահանջները բավարարելու պարագայում խոսքը վերաբերում է «Մավի Մարմարա» նավի միջադեպին: Ինչպես հայտնի է, 2010-ին Գազայի հատված մարդասիրական օգնություն տանող այս նավի տախտակամածում իսրայելական հատուկ ջոկատը հումանիտարների կատաղությունը զսպելու նկատառումով կրակ էր բացելՙ սպանելով 9 թուրքի: Միջադեպից հետո թուրքական կողմը Իսրայելին մեկ ամիս ժամանակ էր տրամադրել Թուրքիայից պաշտոնապես ներողություն խնդրելու եւ պաշտոնական փոխհատուցում վճարելու համար:

Իսրայելը պատրաստակամություն էր հայտնել փոխհատուցումը վճարել ոչ թե Թուրքիային, այլ սպանվածների ընտանիքներին, իսկ ներողությունը խնդրել «Մավի Մարմարայի» տախտակամածում հատուկջոկատայինների թույլ տված սխալների համար: Դա հանգեցրել էր Իսրայելում Թուրքիայի դեսպանի հետկանչին եւ թուրք-իսրայելական դիվանագիտական հարաբերությունները իջեցվել էին ամենացածր մակարդակի:

2011-ին Ժնեւում Իսրայելի վարչապետի լիազոր ներկայացուցիչ Յոսի Չեյհանովերը հանդիպել էր Իսրայելում Թուրքիայի նախկին դեսպան, արտգործնախարարության խորհրդական Ֆերիդուկ Սինիրլիօղլուի հետ: Թեեւ կողմերը եկել էին ընդհանուր հայտարարի, նույնիսկ նրանց հաջողվել էր պատրաստել ստորագրությանը պատրաստ համաձայնագրի տեքստ, սակայն Էրդողանը փոխհատուցման գինն էր բարձրացրել եւ միաժամանակ պահանջել, որ Իսրայելը վերացնի գազայի հատվածի շրջափակումը:

Այսպիսով, թուրք-իսրայելական հարաբերությունները վերադարձել էին ելման կետ: Ավելին, Թուրքիան նավում 9 թուրքի սպանության առնչությամբ քրեական գործ հարուցելով Իսրայելի պետության եւ իսրայելական բանակի զորահրամանատարների դեմ, ինչպես odatv.com-ը նշել է երեկ, ոչ ավելի, ոչ պակաս, 18 հազար տարվա ազատազրկման էր դատապարտել վերջիններիս:

Այլ կերպ, Իսրայելի հետ հարաբերությունները թեկուզ խեղկատակության միջոցով հետեւողականորեն սրող կողմը Թուրքիան էր: Պարզապես ԱՄՆ նախագահի Իսրայել այցելության նախօրյակին վարչապետ Էրդողանը հայտարարել էր, որ մարտի 1-ին Վիեննայում սիոնիզմը ֆաշիզմի հետ նույնացնելու տեսքով ներկայացված իր հայտարարությունը սխալ են հասկացել:

Իսրայելի եւ Թուրքիայի վարչապետների հեռախոսազրույցի բովանդակությունը, ինչ խոսք, չգիտենք: Պարզապես կարող ենք ծանոթանալ հեռախոսազրույցի մասին կողմերի հայտարարություններին: Օրինակ, Իսրայելի վարչապետի պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունը սկսում է հետեւյալ տողերով. «Այսօր Բենիամին Նաթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ: Որոշվել է նորմալացնել երկու երկրների հարաբերությունները, որի շրջանակում դեսպանների գործունեությունը նշանակման վայրերում վերականգնվում եւ չեղյալ է հայտարարվում իսրայելական զինծառայողների դեմ թուրքական դատարանի կայացրած վճիռը»:

Ի դեպ, չեղյալ հայտարարելը վեր է Թուրքիայում ինչպես վարչապետի, այնպես էլ նախագահի իրավասություններից: Ինչ վերաբերում է «ներողությանը», ապա իսրայելական կողմի հայտարարության տեքստում Իսրայելը ցավ է հայտնում, որ «Մավի Մարմարայի» տախտակամածում տեղ են գտել մարդկային կորուստներ, իսկ վարչապետ Նաթանյահուն ներողություն է խնդրում թուրք ժողովրդից ռազմական գործողության ընթացքում թույլ տված այն սխալների համար, որոնք մարդկային կորուստների պատճառ են դարձել: Իսրայելական կողմը լիարժեք ստանձնում է զոհվածների համար փոխհատուցում վճարելու պարտավորությունը եւ Պաղեստինի շրջաններում հումանիտար իրավիճակի բարելավման համար թուրքական կողմի հետ համատեղ ջանքեր գործադրելու պատրաստակամություն է հայտնում:

Ներողության իսրայելական տեքստում Գազայի հատվածն առհասարակ չի հիշատակվում, էլ չեմ խոսում շրջափակման վերացման մասին: Ընդհակառակը, շրջափակումը մնում է ուժի մեջ: Թուրքական տեքստում էլ բացակայում է դատավճիռը չեղյալ հայտարարելու որոշումը եւ նշվում. «Վարչապետ Նաթանյահուն «Մավի Մարմարայի» տախտակամածում թույլ տված սխալներից բխող մարդկային կորուստների առնչությամբ Իսրայելի անունից ներողություն է խնդրել թուրք ժողովրդից, իսկ մեծարգո վարչապետ Էրդողանը ընդունել է ներողությունը»:

Հիրավի: Պարզապես վարչապետ Նաթանյահուն չի բավարարել Թուրքիայի գեթ մեկ պահանջը, որքան էլ վարչապետ Էրդողանը հայտարարի. «Իսրայելին ծնկի ենք բերել, ապահովել ենք ապրանքների ազատ մուտքը Գազայի հատված»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ