RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013



Տեղադրվել է` 2013-03-26 00:03:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 2056, Տպվել է` 112, Ուղարկվել է էլ.փոստով` 68

ԵԿԵՂԵՑԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՉԷ

ԱՇՈՏ ՎԱՎՅԱՆ

Խորհրդային երկիրն իրոք ձեռքբերումներ ուներ, մարդիկ ապահովված էին աշխատանքով, բնակարաններով եւ ապրելու համար անհրաժեշտ գրեթե ամեն բանով: Չկային նաեւ գերհարուստներ ու վզերը ծռած չքավորներ, ոչ էլՙ մերժված մտավորականներ, բայց կար մի կարեւոր գործոն, որի բացասական հետեւանքները բավական մտահոգիչ են ներկա մեր իրականության մեջ: Տասնամյակների անաստվածության պարտադրման հետեւանքով եւ նախկինում տարվող հավասարության եւ ազնվության քարոզչության բացակայության պայմաններում այսօր շատերի համար գործարարությունը հասկացվում է որպես հարստանալու ամենաթողություն, պաշտոն զբաղեցնելըՙ գործարարություն, հայրենիքը` որպես բնակավայր, իսկ Հայ եկեղեցին էլՙ իբրեւ սոսկ հուշարձան:

Թերեւս աթեիստական մտածողություն է կրում նաեւ բոլորիս ծանոթ հուշարձանագետը, ումՙ դրսի մեր եկեղեցիների պահպանմանն ուղված նախկին ելույթներն այսօր արդեն փոխարինվել են միեւնույն եկեղեցու դեմ բացահայտ հակակրանքի դրսեւորումներով: Հանդես գալով իր տեսաբլոգային մենախոսություններովՙ նա փորձում է հարցականի տակ դնել, մերժել մեր ժողովրդի քրիստոնեական ամբողջ անցյալն ու առհասարակ Հայ առաքելական եկեղեցին: Սակայն, այս դաշտում պարարտ հող չգտնելով, բայց հետապնդելով միեւնույն նպատակը, այժմ էլ քննադատության թիրախ է դարձրել մեր եկեղեցու նվիրապետությունը: Մտահոգ արտահայտություն տալով դեմքին եւ զարկ տալով սեփական երեւակայությանը, նա ջանում է մեկը մյուսի հետեւից վարկաբեկել ինչպես կաթողիկոսական զույգ աթոռների ներկա գահակալներին, այնպես էլ Վազգեն Առաջին եւ Գարեգին Առաջին լուսահոգի հայրապետներին: Ու եթե չլիներ ժամանակային սահմանափակման անառարկելի հանգամանքը, կասկածից վեր է, որ նա շատ ավելի հեռուն պիտի գնար, որ հասներ... ընդհուպ Լուսավորչին: Ավելորդ համարելով անդրադառնալ իր ելույթների նյութին, որն ըստ էության բացակայում է, կամ հորինված, առավել մտահոգիչ է որոշ լրատվամիջոցների պոզիտիվ անդրադարձն ազգային արժանապատվությանը դիպչող այս ելույթների նկատմամբ:

Նորություն չէ, որ մեր եկեղեցին ու հայությունը միմյանցից անբաժան են, անտրոհելի, եւ անհնար է պատկերացնել հայ ժողովրդինՙ չհիշելով եկեղեցու ծոցում ստեղծված մեսրոպատառ այբուբենը, այնտեղ գրված առաջին պատմագրքերը, ձեռագիր Աստվածաշունչ հրաշագեղ մատյանները, խաչքարերը, քրիստոնեության տարածման գործում համաշխարհային անուրանալի ավանդը, երկրագնդի վրա ամենուրեք դեպի երկինք խոյացող հին ու նոր մեր բյուրավոր եկեղեցիները ... Իսկ փորձել հրաժարվել հայոց դարավոր եկեղեցուց, կնշանակեր ժխտել սեփական պատմությունը, քրիստոնեությամբ ներծծված մշակույթն ու անցյալը, խեղել ազգային դիմագիծը, զրկել աշխարհասփյուռ հայությանը ազգային ինքնության պահպանման գլխավոր հենարանից, ջլատել ազգին ու ջուր լցնել թշնամու ջրաղացին:

Եվ մտաբերելով հուշարձանագետի դեմքըՙ սկսում ես ակամա մտածել. արդյոք նա իրոք շահագրգռված է մեր եկեղեցիների` միայն անկենդան հուշարձանների տեսքով հայտվելու կործանարար հեռանկարով, թե՞ եկեղեցին քննադատելու պոպուլիստական, ամենահեշտ, ամենեւին համարձակություն չպահանջող մեթոդն է պատճառն իր այս վարքագծի: Գուցե հայրենի ուսումնական հաստատություններում նման «մասնագիտական կրթության» անհնարինությամբ պայմանավորված ինչ-որ օտար մի երկրում անցած «հուշարձանագիտական վերապատրաստման» մեթոդաբանությո՞ւնն է թելադրում ընթանալ նման ուղիով...

Հայոց կենդանի եկեղեցին հուշարձան համարողների կամ այն հուշարձան դարձնելու փորձ կատարողների կապակցությամբ տեղին է հիշել երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոսի սույն քարոզախոսությունը. «Կ՛երգեն մեր շարականները. «փրկէ մեզ տեսանելի եւ ոչ տեսանելի թշնամիէն»: Ի՞նչ ըսել կ՛ուզէ:

Տեսանելի թշնամին աչքովդ կը տեսնես, ինքզինքդ կը պաշտպանես եւ կրնաս խուսափիլ այն չարիքէն, որ դուրսի թշնամին քեզի կրնայ պատճառել: Երբ որ կը տեսնես, ըստ այնմ կեանքդ կը դասաւորես եւ կրնաս խուսափիլ:

Ի՞նչն է աներեւոյթ թշնամին, եւ շատ խորունկ խօսք է: Այն թշնամին, որ մեր մէջէն կը գործէ, այն թշնամին, որ մեզՙ մեր քրիստոնէական հաւատքին մէջ կը տկարացնէ, այդ թշնամի՛ն է, որ ամէնէն վտանգաւորն է, որովհետեւ այդ թշնամին կը նմանի ծառին մէջէն գործող որդին, որ կ՛ուտէ աւիշը, կը չորցնէ ծառը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ