«ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ. ԵՐԿԱԹԵ ԵՐԿԵՐ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ Ինչպես հայտնել ենք արդեն, մարտի 26-ին Գաֆեսճեան արվեստի կենտրոնում կբացվի «Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր» ցուցահանդեսը: Ցուցադրությունն առաջին անգամ ի հայտ է բերում քանդակի` որպես առանձին գեղարվեստական ուղղության զարգացումը Հակոբ Հակոբյանի արվեստում, ներկայացնելով արվեստագետի եռածավալ հորինվածքների լայն ընտրանի: Հավաքածուն ընդգրկում է 62 քանդակներ ստեղծագործական բոլոր շարքերից. մարդակերպ եւ կենդանակերպ ֆիգուրներ, թեմատիկ աշխատանքներ: «Արվեստագետի գլխավոր թեման մարդն է»,- նշում էր Հակոբ Հակոբյանը: Սա է այն հիմնական ստեղծագործական սկզբունքը, որը տասնամյակներ շարունակ առաջնորդել է Վարպետին իր աշխատանքներում: Շուրջ քառասուն տարի աշխատելով վրձնով անցյալ դարի 80-ական թվականներին Հակոբյանը հայացքն ուղղեց դեպի քանդակը: Աշխատանքային գործիքների մարդակերպ եւ կենդանակերպ համադրումները, որոնք ի սկզբանե ստեղծվել էին որպես կտավների նոր բնակիչների նախակերպեր, աստիճանաբար սկսեցին ընկալվել որպես առանձին քանդակներ: Հարթաշուրթերի, աքցանների, մկրատների, բժշկական գործիքների տարատեսակ համակցումները ծնունդ տվեցին հակոբյանական նոր կերպարներին: Գաֆեսճեան արվեստի կենտրոնից հայտնում են, որ ցուցահանդեսը կտեւի մինչեւ մայիսի 26-ը: Մուտքն անվճար է: |