RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 30-03-2013



Ռեպորտաժ

Տեղադրվել է` 2013-03-30 00:24:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 2124, Տպվել է` 95, Ուղարկվել է էլ.փոստով` 93

ԵՐԵՔ ՕՐ ՍԱՀՄԱՆՈՒՄ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Այգեպար, Տավուշի մարզ

Այգեպար. «Ես մեր գյուղն եմ սիրում, մեր գյուղը, մեկ էլՙ Ղարաբաղը»

11-ամյա Սայադին հանդիպեցի սահմանամերձ Այգեպար գյուղում: Ավելի քան երկու ժամ գյուղում միասին շրջում էինք: Խնդրեցի պատմել գյուղի, բնակիչների ու նրանց խնդիրների մասին: Սայադը չմերժեց: Փոքրիկն ամեն ինչ գիտեր գյուղի մասին, գիտեր, թե ով քանի՞ երեխա ունի, ո՞ւմ բարեկամն է պատերազմի տարիներին մահացել ու ո՞ր գործարանը երբ է փլվել: Թեպետ Սայադն ընդամենը տասնմեկ տարեկան է, սակայն նրա առօրյան, խաղերն ու ապագան ցավալիորեն շաղկապվում են պատերազմին:

«Սա Մովսես-Այգեպար ավտոճանապարհն է: Անցյալ տարի էդ ճանապարհին երեք հոգու կրակեցին ու դրանից հետո էդ ճանապարհով ոչ ոք չի անցնում, դու գիտե՞ս, որ մի ամիս առաջ մեր գյուղացիներից մեկի ձեռքին էին կրակել, ինքը ոչ մի բան չէր արել, այգում աշխատելուց վիրավորել էին, բայց հիմա արդեն լավ է, այ հենց էդ սարից են դիպուկահարները կրակում մեզ վրա», առանց շունչ քաշելու շարունակ խոսում էր Սայադը ու անդադար կրկնում, որ ինքը թշնամուց չի վախենում, քույրիկները կրակոցների ժամանակ լացում են, իսկ ինքըՙ ոչ, մեծավարի քույրիկներին հանգստացնում է:

Սայադը ընտանիքի 3-րդ զավակն է, հայրն ու հորեղբայրը զինվորականներ են, ինքն էլ է ցանկանում զինվոր դառնալ: Ասում էՙ ուզում եմ զինվոր դառնալ, որ թշնամու կրակոցներին պատասխանեմ: «Ադրբեջանցիներն էլ մեր նման մարդիկ են ու մեզ վրա կրակում են, որովհետեւ Ղարաբաղն են ուզում: Ես էլ ուզում եմ զինվոր դառնամ, որ Այգեպարը պաշտպանեմ ու Ղարաբաղն իրենց չտամ», ասում է Սայադը:

Ապագա զինվորը Երեւանում երբեք չի եղել, չի էլ ուզում լինել: «Ես իմ գյուղն եմ սիրում: Իմ գյուղը, մեկ էլ Ղարաբաղը, հենց էստեղ էլ մնալու եմ», ասում է Սայադն ու ավելացնում: «Մեկ էլ ֆուտբոլ խաղալ եմ սիրում»: Աշնանը Սայադի գնդակը ծակվել է, հայրը խոստացել է, որ ամառային արձակուրդներին նորը կգնի, Սայադն էլ սպասում է: Մինչ այդ ընկերների հետ գյուղի մի հատվածից մյուսն է վազում, շրջում ավերակ դարձած գործարաններում եւ երազում մեծ ապագայի մասին: «Դե շատ բան չեմ ուզում, որ նոր գնդակ ունենամ, մեկ էլ մամաս ու քույրիկներս չվախենան: Որ կրակում են, իրենք շատ են վախենում, եսՙ չէ, ես զինվոր եմ, բայց իրենք վախենում են, լաց են լինում: Չեմ ուզում, որ կրակեն»:

Հայտարարված խաղաղությունը Այգեպար դեռ չի հասել: Շաբաթական ամենաքիչը մեկ անգամ գյուղի վրա կրակում են: Գյուղի տեղանքն այնպիսին է, որ ամբողջությամբ բաց է ադրբեջանական հենակետերի առաջ եւ ամեն պահի դիպուկահարը կարող է կրակ բացել:

Մեր այցելությունից ընդամենը երկու ժամ առաջ էին կրակել: Գյուղի բնակիչ Հմայակն ասում է, որ արդեն սովորել են, խուճապի չեն մատնվում: «Փողոցում կանգնած էիՙ թոռնիկս ասում է, պապի, արի՚, կրակում են: Ի՞նչ անենք, էս էլ մեզ բաժին հասած կյանքն է, ապրում ենք», ասում է նաՙ ավելացնելով, որ սահմանամերձ գյուղերի բնակիչների դրության մեջ այսօր ոչ ոք չի մտնում:

«Չեն ասումՙ մի գնանք-տեսնենքՙ էս մարդիկ ո՞նց են ապրում, ի՞նչ են անում, ինչի՞ է էս վիճակը, ի՞նչ անենք, որ լավ ըլնի: Չէ, բայց մեր գյուղում էլ ապրելն անհնար է, ո՛չ աշխատանք կա, ո՛չ հող, ո՛չ գործարան: Մարդիկՙ թշվառ, սոված, հետն էլ ամեն վայրկյան վախեցած, սարսափած: Երեխուդ դպրոց ես ուղարկում, չգիտեսՙ հետ կգա՞, թե՞ չէ: Բա մենք հեչ արժանի չե՞նք ուշադրության: Գոնե մեզ համար արտոնություն լինի, հարկերը քիչ վճարենք, մեկ-մեկ մեզ տիրություն անեն, որ մենք հասկանանք, որ էդ սահմանամերձ գյուղ ասածն ուղղակի խոսք չի», ասում է նա:

Այգեպարը Երեւանից 212 կմ է հեռու: Հիմնվել է 1930-ականներին: Սկզբնական շրջանում Այգեպարը բանվորական ավան էր: Այստեղ գործում էին ծխախոտի, գինու, պահածոների ֆերմենտացիոն գործարաններ: Այգեպարը սահմանամերձ է Ադրբեջանի Թովուզ շրջանին, եւ հենց դա է պատճառը, որ գյուղը տարածաշրջանի այլ գյուղերի համեմատությամբ ամենից շատ է տուժել ռմբակոծություններից: Գյուղի գրեթե բոլոր տները վթարային ենՙ տանիքները կիսաքանդ, պատերի մեջ հսկայական անցքեր են գոյացել եւ ուժեղ պայթյունի կամ թեթեւակի երկրաշարժի ժամանակ սարսափելի է անգամ պատկերացնել, թե ինչպիսին կլինի գյուղի պատկերը:

Բազմաբնակարան շենքերի նկուղներն օգտագործվում են որպես ապաստարան: Գյուղացիները երեկոյան աշխատում են լույս չօգտագործել: Տանտիկինները նախընտրում են մուգ գույնի վարագույրները, իսկ երեխաները երեկոյան բակերում չեն խաղում: Գիտենՙ մի անփույթ շարժումը կարող է կյանք արժենալ:

Թեպետ Այգեպարը մշակելի հողատարածքով այնքան էլ հարուստ չէ, սակայն եղած հողերն էլ գյուղացիները չեն օգտագործում: Այգեպարի հողերի ընդամենը 30 տոկոսն է մշակվումՙ այն էլ երեկոյան ժամերին հերթապահությամբ:

Այս տարվա փետրվարին այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ձեռքից վիրավորվեց այգեպարցի Դավիթ Գաբրիելյանը: Դեպքը դեռ թարմ է գյուղացիների հիշողության մեջ. նրանք նախընտրում են հող չմշակել, քան հայտնվել թշնամու թիրախում:

Գյուղապետ Անդրանիկ Այդինյանի խոսքերովՙ գյուղում խնդիրները բազմաթիվ են: Այսօր գյուղի բնակիչների թիվը մոտ 650 է: 90-ականներին գյուղի բնակչությունը գերազանցում էր 1000-ը: Այդինյանը հիշում է, որ պատերազմի ժամանակ գյուղում ընդամենը 7 հոգի էր մնացել, բայց պատերազմի ավարտից հետո բնակիչները վերադարձան:

Այդինյանի խոսքերովՙ արտագաղթի պատճառը միայն կրակոցները չեն: Գյուղացին դժվարությամբ է գոյատեւում: Գործարանները ավերակ են, հողագործությամբ կամ անասնապահության չեն կարողանում զբաղվել, այլ աշխատանք էլ գյուղում չկա: «Այս պայմաններում չի կարելի գյուղացուն մեղադրել, որ նա հեռանում է: Կառավարությունը հողի հարկը հանում է, բայց այդ հողերը չեն մշակվում, էլ ո՞ւմ է պետք այդ արտոնությունը: Բոլորն ասում են, որ Գագիկ Ծառուկյանը սահմանամերձ գյուղերին տրակտոր է նվիրում, բայց մեզ տրակտոր չի հասել: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Բերդի տարածաշրջանի կառույցի ղեկավար Նինա Ադամյանն ասել է, թե տրակտորը գյուղին է հատկացված, ոչ թե գյուղապետարանին:

«Ասում է, մենք էլ ինչ ուզենք, կանենք: Մարդ չի հասկանում, եթե Ծառուկյանն ասում էՙ գյուղացու կողքին կանգնած ենք, գյուղացուն ուզում ենք հույս տալ, ու որ Նինա Ադամյանը Ծառուկյանի անունից ասում է, թե իրավունք չունենք տրակտորն օգտագործել, էլ ինչի՞ է պետք, եթե տրակտորը մեզ է հատկացրել ու ամբողջ հեռուստատեսությամբ էլ հայտարարել է էդ մասին», ասում է Այդինյանըՙ հավելելով, որ ամեն հարցի պարագայում պետք է զանգեն Նինա Ադամյանին եւ խնդրեն, որ տրակտորը տա, որպեսզի ջրատար անցկացնեն, նա էլ մերժում է:

«Օրինակՙ դեկտեմբերին գյուղում ոռոգման ներքին ցանցի ներդրման աշխատանքների ժամանակ ցանկացել էինք շահագործել տրակտորը, սակայն Նինա Ադամյանն ասաց, թե ձեր ասելով չէ, մենք ոնց կուզենք, կանենք: Գնացինք ստիպված ուրիշ գյուղից տրակտոր բերեցինք», պատմում է Այդինյանը:

«Մեր գյուղը խնդիրներ շատ ունի, օրինակՙ կրակոցների ժամանակ գնդակները տանիքներից 50 սմ տրամագծով բոց են հանում: Շատ դժվար է էդ պայմաններում կրակը հանգցնելը: Ու եթե մի քանի նման կրակոց լինի, ապա գյուղն ամբողջությամբ կայրվի: Դուք պատկերացնո՞ւմ եք, որ հրդեհի ժամանակ հրշեջ ավտոմեքենաները գյուղ մտնեն: Նախ, դա հնարավոր չէ, որովհետեւ գյուղը կպած է սահմանին, գյուղի փողոցները շատ նեղ են, գյուղն իր դիրքով բաց է թշնամու հենակետի առաջ: Հետեւաբար, գյուղին անհրաժեշտ են կրակմարիչներ, որ կարողանանք վտանգին դիմակայել: Այսօր գյուղին նվիրաբերել են 43 կրակմարիչ: Մենք դրանք հիմնականում բաժանել ենք սահմանին մոտ գտնվող տների բնակիչներին, որպեսզի վտանգի ժամանակ կարողանան պաշտպանվել»:

Հ. Գ.- Ի դեպ, տրակտորների հետ կապված նմանատիպ խնդիր կա նաեւ հարեւան Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: Երեկ երեկոյան Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հավաստիացրեց, որ սահմանամերձ երկու գյուղերի տրակտորների խնդրով անձամբ կզբաղվի Գագիկ Ծառուկյանը:

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր այցելությունը իրականացել է «Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի» (IWPR) աջակցությամբ:

Նկար 2. 11-ամյա Սայադը

Նկար 3. Թշնամու դիտակետ

Նկար 4. Ծխախոտի նախկին գործարանի շենքը

Նկար 5. Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 30-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ