ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ` ԲՆԱԿԱՆՈՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ Արձագանքելով ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը ուղղված հարցումներին` նախարարությունը հարկ է համարում տեղեկացնել, որ ապրիլի 9-ին Հայաստանի բոլոր ուսումնական հաստատություններում ընթանալու է ամենօրյա բնականոն ուսումնական գործընթաց: Ի պատասխան լրատվամիջոցների այն հարցին, թե արդյոք ՀՀ ԿԳՆ-ն լրացուցիչ միջոցներ է ձեռնարկելու, հայտնում ենք, որ որեւէ հավելյալ կարգապահական միջոցառումներ եւ հրահանգներ գոյություն չունեն, որովհետեւ ՀՀ օրենսդրությամբ հստակ սահմանվում են կարգապահական հարցերը ուսումնական հաստատություններում, մասնավորապես, «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ կետերը համապատասխանաբար սահմանում են. «5. Բարձրագույն ուսումնական հաստատության սովորողը պարտավոր է կատարել բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ եւ ներքին կարգապահության կանոններով սահմանված պարտականությունները: 6. Բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ եւ ներքին կարգապահության կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքում սովորողի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժերՙ ընդհուպ բարձրագույն ուսումնական հաստատությունից հեռացնելըՙ ներքին ակտերով սահմանված դեպքերում եւ կարգով»: |