ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԵՆՔ ՉԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ԼԻԲԻԱ Վ. Պ. Լիբիային նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1973 բանաձեւի համաձայն ստեղծված փորձագետների խմբի փետրվարի 15-ի զեկույցում չկա նման ձեւակերպում, թե իբր Հայաստանից զենք է մատակարարվել Լիբիա: «Արմենպրես» գործակալության փոխանցմամբՙ այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` ի պատասխան մամուլում հայտնված լուրերի, թե իբր Լիբիայի դեմ պատժամիջոցների հարցով աշխատանքային խումբը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացրած զեկույցում նշում է, թե Հայաստանը զենք է մատակարարել Լիբիա` չնայած գործող պատժամիջոցներին: «Ընդհանրապես որեւիցե մեղադրանք Հայաստանի նկատմամբ բացակայում է», ավելացրել է ԱԳՆ մամուլի խոսնակը: Նրա խոսքերովՙ զեկույցում, որը հասանելի է ՄԱԿ-ի կայքէջում, նշված են Լիբիա ռազմական նշանակության ապրանքների տեղափոխմանն առնչություն ունեցող, տարբեր` այդ թվում նաեւ ՆԱՏՕ-ի անդամ երկրներում գրանցված մի շարք մասնավոր ընկերություններ: «Այդ շարքում հիշատակվում են նաեւ հայաստանյան գրանցում ունեցող երկու ընկերություն», նշել է Բալայանը, շեշտելով, որ Հայաստանըՙ ի պատասխան փորձագետների խմբի հարցման, ամբողջական եւ սպառիչ տեղեկատվություն է տրամադրել վերոհիշյալ ընկերությունների եւ նրանց գործունեության մասին: |