ԿԻԲԵՌՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃ Է ՆԿԱՏՎՈՒՄ Հ. Հ. Եթե նախորդ տարվա ընթացքում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է շուրջ 40 հանցագործություն, ապա այս տարվա չորս ամսվա ընթացքում արդեն հաշվառվել է 22 քրեական գործ: Կիբեռհանցագործությունները օր օրի դառնում են ավելի տարածված: ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի գլխավոր վարչության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ավագ մասնագետ, ոստիկանության ավագ լեյտենանտ Անդրեյ Յաշչյանի բնութագրմամբՙ հանցագործությունները սկսվում են սոցիալական ցանցերում անձանց տվյալները գողանալուց մինչեւ լուրջ համակարգչային խարդախություններ եւ հափշտակություններ: «Հանցագործությունների մեծ մասը կապված է «Odnoklassniki.ru» սոցիալական կայքի հետ: Օրինակՙ 2012-ին անհայտ անձն այդ կայքում կարողացել էր մուտք գործել մեկ այլ քաղաքացու անձնական էջ եւ գումար պահանջել նրանիցՙ սպառնալով տարածել նրան վարկաբեկող տեղեկություններ», ասում է Յաշչյանըՙ հավելելով, որ շորթում կատարող անձն այս պահին Հրազդանի ՔԿՀ-ում իր պատիժն է կրում: «Պարզվել է, որ նա հաջողությամբ տարբեր մարդկանցից շորթել է 50-300.000 դրամ: Կան նաեւ համակարգչային հանցագործություններ: Օրինակՙ նախորդ տարի, անհայտ մեկը նույն կայքում տիրացել էր տուժողի անձնական էջին ու պահանջել 16.000 դրամի OK միավորներ»: Կիբեռհանցագործներն ամենատարբեր տեխնիկական հնարքներն են մտածում: Նրանցից մեկը ստեղծել էր կայքում էջի բնօրինակից ոչնչով չտարբերվող էջ, որը կցել էր բնօրինակին, եւ օգտատերը շփոթվելով «նոր» կայքի միջոցով էր մուտք գործել սոցիալական ցանցՙ ակամա տրամադրելով իր գաղտնաբառն ու մուտքաբառը: Յաշչյանի խոսքերովՙ մեր երկրում կիբեռհանցագործությունները բավականին երիտասարդ են, եւ ոլորտն անընդհատ զարգանում է: Նրա գնահատմամբՙ միշտ էլ լավ մասնագետի պակաս կա եւ անգամ ամենալավ մասնագետը վերապատրաստման կարիք է զգում: Հենց այդ նպատակով բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի մասնագետները համագործակցում են արտերկրյա ստորաբաժանումների եւ իրավապահ մարմինների հետ: «Ոչ միայն իրենց փորձն ենք ուսումնասիրում, այլեւ հանցատեսակների զարգանալուն զուգընթաց աշխատում ենք հետ չմնալ եւ տիրապետել բոլոր նորամուծություններին», ասաց Անդրեյ Յաշչյանըՙ հավելելով, որ այսօր վարչությունը համագործակցում է շուրջ 60 երկրի նմանատիպ բաժինների հետ: Մասնագետը խորհուրդ է տալիս բարձր տեխնոլոգիաների միջոցով կատարվող հանցագործություններից զերծ մնալու համար կայքում գրանցվելիս ուշադրություն դարձնել, որ կայքի անվան դաշտի սկզբում գրված լինի ոչ թե http, այլ https: «Կայքում գրանցվելիս ցանկալի չէ, որ նշեք ձեր բոլոր անձնական տվյալները, իսկ գաղտնաբառում ցանկալի է, որ լինեն մեծատառեր, փոքրատառեր ու նաեւ կետադրական նշաններ: Ցանկալի է նաեւ, որ գաղտնաբառերը մտապահեք եւ ոչ թե օգտվեք կայքի մտապահելու ընդունակությունից: Եթե օգտվում եք այլ մարդկանց համակարգչից, սոցիալական կայք մտնելիս անպայման վերջում ելք արեք», ասաց մասնագետըՙ խորհուրդ տալով էլեկտրոնային փոստի միջոցով գործնական նամակագրություն իրականացնելիս կամ գնումներ կատարելիս միշտ հեռախոսակապի մեջ լինել ծառայությունն իրականացնողի հետ եւ հավաստիանալ, որ գործ ունեք օրինակ դաշտում գործունեություն ծավալող անձանց հետ: «Այսօր ՀՀ-ում բազմաթիվ գործարարներ էլ. փոստի եղանակով գործնական նամակագրություն են վարում արտերկրի հետՙ հիմնականում Ճապոնիա եւ Չինաստան, եւ նամակագրական կապի մեջ անհայտ անձինք միջամտելով որսում են նամակներն ու փոփոխում հասցեատիրոջ տվյալները: Ստացվում է, որ գումարը փոխանցվում է այլ հասցեով: Սա շատ տարածված հանցատեսակ է, անցյալ տարվա ընթացքում գրանցվել է 5-6 դեպք, ունենք տարբեր չափերի վնասները, ամենախոշորը 134.000 դոլար է»: Յաշչյանի խոսքերովՙ նման տեսակի հանցագործությունների բացահայտումը շատ դժվար է, քանի որ հայտնի չէՙ խարդախությունը կատարել է վաճառո՞ղը, թե՞ երրորդ անձն է միջամտել: Հետեւաբար մասնագետի ամենամեծ խորհուրդն է. լինել աչալուրջ եւ հետեւողական: |