ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՍՊԱՍԵԼԻ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՌԱՋԱՐԿՎԵԼԸ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Ինչպես Տիգրան Սարգսյանի վարչապետության 5 տարիների ընթացքում, այնպես էլ վարչապետի պաշտոնակատար լինելու այս օրերին չդադարեցին նրա պաշտոնանկության մասին քաղաքական շրջանակների կողմից պարբերաբար տարածվող տեղեկությունները: Բնական է, որ այդ «պայծառատեսությունները» չիրականացան, քանի որ սպասելի եւ տրամաբանական էր Տիգրան Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում: Այդ մասին, առանց երկիմաստության, իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Թեեւ 90-ականներին երկրի տնտեսության փլուզման հիմնական պատասխանատու վարչապետը չի հասկացել, թե ինչո՞ւ են կրկին Տիգրան Սարգսյանին նշանակելու վարչապետ, այնուամենայնիվ, նման քայլի համար հիմքերն առավել բավարար են: Ներկայացնենք անցած 5 տարիներին Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության կողմից իրականացված առավել նշանակալի քայլերը երկրի տնտեսության, գործարար միջավայրի բարելավման եւ հանրային ծառայությունների հեշտացման ուղղությամբ: 2008-2009-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը հարվածեց մեր տնտեսությանը եւ խանգարեց կառավարության քաղաքականության իրականացմանը: Այդ տարիներին կառավարությունը հարկադրված էր լուծել օպերատիվ խնդիրներ, ինչպես նաեւ ակտիվ քայլեր ձեռնարկել տնտեսության դիվերսիֆիկացման համար` այդ նպատակով աջակցության ծրագրերը հասցնելով ընդուպ պետության կողմից իրատեսական բիզնես ծրագրեր ներկայացրած մասնավոր ընկերություններին ֆինանսավորելուն: Հետագայում տնտեսության դիվերսֆիկացման եւ մեկ ճյուղից կախվածության վերացման ուղղությամբ ձեռնարկվեցին նաեւ այլ, դարձյալ աննախադեպ քայլեր: Մասնավորապես, 300 մլն դրամից ավելի ներդրում կատարած եւ սարքավորումներ ներմուծած արդյունաբերական ընկերությունների համար կառավարության որոշումներով հետաձգվեցին ավելացված արժեքի հարկի վճարումները: Շուրջ 3 տասնյակ ներդրումային այդպիսի ծրագրեր հաստատվեցին կառավարության կողմից եւ ավելի քան 1,5 մլրդ դրամի ներդրումներ կատարվեցին արդյունաբերության ոլորտում: Սակայն տնտեսության իրական հատվածում ամենանշանակալի քայլը արտահանման վրա հիմնված արդյունաբերության զարգացման ռազմավարության ընդունումն էր 2011-ին: Արդյունաբերության զարգացման նման համալիր ծրագիր Հայաստանի անկախության նախորդ 20 տարիներին չէր ընդունվել: Այս ծրագրով առանձնացվեցին արդյունաբերության 11 ճյուղեր` կոնյակագործություն, գինեգործություն, պահածոների, հյութերի, ջրերի արտադրությունները, ադամանդագործություն, ոսկերչություն, ժամացույցների արտադրություն, ճշգրիտ ճարտարագիտություն, դեղարտադրություն, տեքստիլ արտադրություն, որոնց զարգացման համար պետական աջակցության ծրագրեր են իրականացվելու` այդ ճյուղերը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ: Տնտեսության դիվերսիֆիկացման եւ արդյունաբերության զարգացման ուղղությամբ վերոնշյալ երկու ծրագրային միջացառումների արդյունքում է նաեւ, որ արդյունաբերությունը վերջին երկու տարիներին երկնիշ աճ է արձանագրում: Իրական հատվածի մյուս ճյուղին` գյուղատնտեսության աջակցության ծրագրերն ավելի ընդգրկուն են եղել: Հիշատակենք հիմնականները` բանկերի տրամադրած գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների 4-6 տոկոսի տրամադրումը պետության կողմից, որից օգտվել են շուրջ 42 հազար գյուղացիական տնտեսություններ: Պետությունը վերջին երկու տարիներին նաեւ իր վրա է վերցրել գյուղացիներին տրամադրվող վառելիքի եւ պարարտանյութերի ծախսի մի մասը: Գործարար միջավայրի բարելավման ցուցանիշները` գործարարների հարցումների հիման վրա ամփոփում եւ հրապարակում է Համաշխարհային բանկը` Doing Business կոչվող զեկույցում: Համաձայն այդ զեկույցի, որը բնութագրում է, թե տվյալ երկիրը որքանո՞վ է բարենպաստ պայմաններ ապահովում բիզնեսով զբաղվելու համար, Հայաստանը վերջին 3 տարիներին կտրուկ աճ է ունեցել: Doing Business 2011-ին 184 երկրների մեջ 61-րդ տեղի փոխարեն, Doing Business 2013-ում Հայաստանն արդեն 32-րդն էր: Այս ցուցանիշով մեր երկիրը հայտնվել է Արեւմտյան Եվրոպայի երկրների շարքում` առաջ անցնելով Բելգիայից եւ զիջելով Նիդեռլանդներին: Հատկապես մեծ առաջընթաց արձանագրվել ներդրողների պաշտպանանության, հարկերի հավաքման, Էլեկտրականության հասանելիության ցուցանիշներով: Այս ոլորտում արժե հիշատակել նաեւ ձեռնարկություն բացելու գործընթացի հեշտացումը, որը հնարավոր է կատարել էլեկտրոնային եղանակով 15 րոպեի ընթացքում, հարկային վարչարարության պարզեցումները, բազմաթիվ հաշվետվությունների վերացումը եւ կրճատումը, ռիսկի վրա հիմնված ստուգումների ներդրումը եւ այլն: Ինչ վերաբերում է հանրային ծառայություններում կատարված բարեփոխումներին, որոնք անմիջականորեն առնչվում են բնակչության ամենօրյա գործունեությանը, ապա դրանք մեր կյանքի հենց այն փոփոխություններն են, որոնց մասին սովորաբար սիրում են խոսել քաղաքական ուժերն ու գործիչները: Ավտոմեքենաների տեխզննման, վարորդական իրավունքի տրամադրման ընթացակարգերի պարզեցում, ԱՊՊԱ համակարգի ներդրում, մանկապարտեզներում, դպրոցներում եւ բուհերում բժշկական տեղեկանքների ներկայացման գործընթացի պարզեցում եւ որոշ տեղերում նման տեղեկանքների պահանջի վերացում, կադաստրում անշարժ գույքի առուվաճառքի եւ վարձակալության ժամանակ գործընթացների պարզեցում, «մեկ պատուհանի» եւ էլեկտրոնային գրանցումների համակարգերի ներդրում պետական բազմաթիվ հաստատություններում: Սոցիալական քաղաքականության առումով պետական համակարգի 150 հազար աշխատողների համար սոցիալական փաթեթի տրամադրումը նույնպես հատկանշական է եւ նորարարական քայլ: Հավելենք նաեւ սոցիալական բնակարանների կառուցման, երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքային վարկերի տոկոսների մի մասի սուբսիդավորման, լավագույն բուհերում սովորող ուսանողների ուսման վարձի պետության կողմից ստանձնելու, անապահով երեխաների համար ուսման վարձը պետության կողմից տրամադրելու եւ այլ քայլերը: Կառավարության վերջին 5 տարիներին իրականացրած միջոցառումներից մեր նշածները բավարար են հասկանալու, թե ինչու էր սպասելի Տիգրան Սարգսյանի վարչապետ նշանակվելը: Առաջիկա 5 տարիներին պետք է ակնկալել, որ այս ուղղությամբ նոր քայլեր պետք է կատարվեն: Արդյունաբերությունից եւ գյուղատնտեսությունից բացիՙ անհրաժեշտ է խթանել 2000-ականներին երկնիշ տնտեսական աճ եւ հազարավոր աշխատատեղեր ապահովող շինարարությունը, մեղմել եկամուտների բեւեռացումն ու կրճատել աղքատությունը, շարունակել գործարար միջավայրի բարելավումը, պարզեցնել այն պետական ծառայությունները, որտեղ պահպանվում են քաշքշուկները, ամենակոռումպացված` դատական եւ դատախազական համակարգում իրականացնել արմատական բարեփոխումներ: Սա փոփոխությունների այն ոչ ամբողջական ցանկն է, որ մեր երկրի բնակչությունը սպասում է հին-նոր վարչապետից եւ կառավարությունից: |