ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՐԵՔ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՅԼԱԶԳԻ Է «Տաշիր» բարեգործական հիմնադրամ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնություն Ամփոփվեցին «Տաշիր» բարեգործական հիմնադրամի եւ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնության հայտարարած երկու մրցույթները` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Մրցանակներ էին նախատեված ազդեցության գործակից ունեցող կամ ինդեքսավորվող միջազգային պարբերականներում եւ միջազգային առաջատար լրատվամիջոցներում ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայոց ցեղասպանության մասին գիտական հոդվածների տպագրության համար: Մրցույթին մասնակցած եւ համապատասխան հոդվածներ ունեցող երեք մրցանակակիրները «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից կպարգեւատրվեն 400-հազարական դրամի չափով: Մրցանակի են արժանացել . 1. Վահրամ Այվազյանը` «Ցեղասպանություն. մտադրությունը, հիմնավորումը եւ տիպոլոգիան» աշխատանքի համար, որը վերլուծում է ցեղասպանության, որպես ծանրագույն հանցագործության, տեսական եւ գործնական հիմքերը, որոնք հանգեցնում են ոճրագործ պետության եւ գործող հանցակից անձանց կողմից իրենց մտադրության իրականացմանը: 2. Տիգրան Սարուխանյանը` «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Արմին Թ. Վեգների (1886-1978թ.թ.) հրապարակախոսական վկայությունները եւ Հայոց ցեղասպանությունը» աշխատանքի համար: Հեղինակը լուսաբանել է այնպիսի կարեւորություն ներկայացնող գիտական հիմնախնդիր, ինչպիսին հայ ժողովրդի բնաջնջման ընթացքում, պատերազմում Օսմանյան Թուրքիայի գլխավոր դաշնակից Գերմանիայի որդեգրած քաղաքականությունն է, մասնավորապես` ոճրագործության կատարման գործում նրա ունեցած մեղսակցությունը: 3. Ազգությամբ տաջիկ Շավքաթ Կասիմովը` «Հայոց ցեղասպանության օրինակը եւ միլլեթի համակարգի դերը դրա իրականացման գործում» աշխատության համար: Հեղինակը տեսակետ է զարգացնում, որ Հայոց ցեղասպանությունը օսմանյան հասարակարգի բնական զարգացման մի գործընթաց էր, որը ձեւափոխման իր այդ փուլում ընտրեց հայ ժողովրդի տեղահանության եւ բնաջնջման ծրագիրը, որպես պետական եւ հասարակական միատարր միավոր ստեղծելու հնարավոր ճանապարհ: Հաշվի առնելով, որ մրցանակակիրներից մեկը բնակվում է ԱՄՆ-ում, իսկ հայազգի մրցանակակիրներն այս պահին գործուղման մեջ են արտերկրում, «Տաշիր» բարեգործական հիմնադրամը եւ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնությունը նպատակահարմար գտան մրցանակների հանձնման արարողությունը անցկացնել հայաստանցի մրցանակակիրների` ՀՀ-ում գտնվելու ժամանակ: Նշյալ մրցույթները շարունակական են եւ ընդգրկելու են ամեն տարվա ապրիլի 20-ից մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածը` մինչեւ 2015թ.: Մրցույթները նպատակ ունեն խրախուսել մեր ազգի, մեր ժողովրդի համար ամենացավոտ խնդրովՙ ցեղասպանագիտությամբ զբաղվողներին ու այդ հարցը մրջազգայնացնողներին: |