ԺԱՆ ՊԻԵՌ ՄԱՀԵԻ ՆՈՐ ԳՐՔԵՐԸ Մ. Հ. «Երեւանը` Գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի փակման կապակցությամբ Հայաստանում է անվանի հայագետ Ժան Պիեռ Մահեն: Երեկ Մատենադարանում տեղի ունեցավ Աննի եւ Ժան-Պիեռ Մահեների «Գրիգոր Նարեկացին եւ իր «Մատեան ողբերգութեան» երկը» ու «Հայաստանի պատմությունը` ակունքներից մինչեւ մեր օրերը» գրքերի շնորհանդեսը: Ժան Պիեռ Մահեն հայկական գրական ժառանգության հանրահռչակման գործում մեծ դեր է խաղում: Ի դեպ, երեկ Մահեն հայագիտության մեջ ունեցած մեծ ավանդի համար արժանացավ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալին: Լույս է տեսել նաեւ հայերեն տարբերակով ներածական ուսումնասիրություն «Մատեան ողբերգութեան» երկի ֆրանսերեն թարգմանության, որն առաջին անգամ ընդգրկվել է արեւելաքրիստոնեական հայրաբանական գրականության հանրագիտարանային մատենաշարում: Ժան Պիեռ Մահեն թարգմանել է նաեւ Նարեկացու «Տաղերն» ու «Գանձերը» ֆրանսերեն եւ այն շուտով լույս կտեսնի թե ՀՀ-ում, թե Ֆրանսիայում: «Մահեն փորձել է Նարեկացու ստեղծագործությունը դիտարկել պատմամշակութային մեծ առանցքում, իսկ Նարեկացու աստվածաբանական հայացքները մեկնաբանել քրիստոնեության տիրույթում: Նարեկացու ստեղծագործության ֆրանսերեն թարգմանությունը կնպաստի նրա ժառագության քարոզչությանը Ֆրանսիայում»,-ասաց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը եւ հավելեց. «Ինչ վերաբերում է Մահեի «Հայաստանի պատմությունը` ակունքներից մինչեւ մեր օրերը» աշխատությանը, ապա այն զուտ հայոց պատմությունը չի ներկայացնում, այլ նաեւ հեղինակը վերապրել է մեր պատմությունը` որպես կենդանի իրադարձությունների հղացք: Սա օտարի հայացք չէ մեր պատմությանը, այլ` մեր պատմությունը կրողի: Ի դեպ, հայոց պատմությունը թարգմանելիս` Մահեին օգնել է նրա կատարած` Նարեկացու թարգմանությունը»: Մահեի «Հայաստանի պատմությունը` ակունքներից մինչեւ մեր օրերը» գիրքը բաղկացած է 15 գլխից:* ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն էլ նշեց. «Այս ստվարածավալ գիրքը գիտնականի կողմից տարիների ընթացքում բազմաթիվ հայագիտական եւ բազմաթիվ սկզբնաղբյուրների ուսումնասիրության լավագույն դեպքն է: Գրքում շատ հարուստ է նյութը, ինչի մասին են վկայում արված հղումները` հայ մատենագիրներից, պատմաբաններից, աղյուսակները»: * Այս գրքի մասին ներկա համարի Մշակութային հավելվածում կարդալ նաեւ Օլեքսանդր Բոժկոյի հոդվածը: |