ՊՈԵԶԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Երեւան-Ծաղկաձոր Ապրիլի 16-ից 20-ը Երեւանում, Գյումրում եւ Ծաղկաձորումՙ գրողների ստեղծագործական տանը, կայացավ «Ի սկզբանէ էր Բանն...» խորագրով պոեզիայի միջազգային առաջին փառատոնը Հայաստանում, որը կազմակերպել էին Հայաստանի գրողների միությունը եւ ՀՀ մշակույթի նախարարությունըՙ վերջինիս հովանավորությամբ, «Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում: Փառատոնին մասնակցում էին բանաստեղծներ Ավստրիայից, Բելգիայից, Բելառուսից, Կանադայից, Գերմանիայից, Վրաստանից, Իրանից, Իսրայելից, Իտալիայից, Հորդանանից, Ղազախստանից, Լիբանանից, Լյուքսենբուրգից, Մոլդովայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Իսպանիայից, Սերբիայից, Սլովակիայից, Սլովենիայից, Սիրիայից, Թուրքիայից, Թուրքմենստանից, Ուկրաինայից եւ ԱՄՆ-ից: Հայաստանից փառատոնին հրավիրված էին այն բանաստեղծները, ում գործերը հայերեն եւ անգլերեն զուգադիր թարգմանությամբ տպագրվել են «Ի սկզբանէ էր Բանն» անթոլոգիայում: Մասնակցում էին նրանցից շուրջ երեք տասնյակը, ինչպես նաեւ նշված երկրների բանաստեղծները, որոնց գործերը տպագրված են անթոլոգիայում: Լոռեցի բանաստեղծներից տպագրվել են Հրաչյա Սարուխանի եւ տողերիս հեղինակի գործերը: Առաջին օրը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում կայացավ հանդիպում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Փառատոնի մասնակիցներին ներկայացրեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը: Օրհնանքի ու բարեմաղթանքի ջերմ խոսքեր ասաց Վեհափառ Հայրապետը: Ապա այցելություն կազմակերպվեց Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտՙ Մատենադարան:Երեկոյան Երեւանի «Կասկադ» համալիրում կայացավ փառատոնի հանդիսավոր բացումը: Բոլորին ողջունեցին եւ մշակութային այդ բացառիկ միջոցառումը կարեւորեցին Լեւոն Անանյանը եւ ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:«Հայաստանը պոեզիայի բնակավայր է, որտեղ երբեք չի պակասում մեծարանքը պոեզիայի նկատմամբ»,- ասաց ՀԳՄ նախագահը: Միջոցառումը վարում էր ՀՀ վաստակավոր արտիստ Ազատ Գասպարյանը: Նա ներկայացնում էր արտասահմանյան բանաստեղծներին, ովքեր կարդում էին իրենց գործերից: Միջոցառման վերջում հանդես եկան գեղարվեստական խմբեր ու անհատ կատարողներ: Ապրիլի 17-ին օտարերկրյա եւ հայ բանաստեղծներն այցելեցին Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր: Ծիծեռնակաբերդում նրանք հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին, ծաղիկներ դրեցին հուշարձանին: Կանադացի բանաստեղծ, ցեղասպանագետ Ալան Ուայթհորնը մասնակիցներին ներկայացրեց 1915 թ. կատարված ոճրագործության պատմությունը: Ապա գրական պատվիրակությունները հանդիպումներ ունեցան Երեւանի բուհերումՙ ջերմ ընդունելության արժանանալով եւ՛ դասախոսների, եւ՛ ուսանողության կողմից:Այցելություններ եղան Հովհաննես Թումանյանի, Մարտիրոս Սարյանի եւ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարաններ: Երեկոյան Հայաստանի գրողների միության հարեւանությամբ բացվեց պոեզիայի պուրակ, որտեղ արտասահմանցի բանաստեղծները տնկեցին իրենց երկրների ցուցանակները կրող գնդաձեւ ակացիաներ: Նույն օրը հայ պատվիրակների մասնակցությամբ «Զանգակ» գրախանութում տեղի ունեցավ իտալացի հայտնի բանաստեղծ Կլաուդիո Պոցանիի «Ստվերի քայլերթը» եռալեզու (հայերեն, իտալերեն, ռուսերեն) գրքի շնորհանդեսը: Ուշ երեկոյան փառատոնի մասնակիցները մեկնեցին Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տուն: Ապրիլի 18-ին փառատոնիՙ արտերկրի պատվիրակներն այցելեցին Օշականՙ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին: Եկեղեցու բակում նրանց համար ելույթ ունեցան «Մեսրոպ Մաշտոց» մշակույթի կենտրոնի սաները: Օրվա երկրորդ կեսին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում կազմակերպվեց պոեզիայի օր: Հյուրերին ներկայացրեց ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Անդրանիկ Կարապետյանը: Ապա արտասահմանցի գրողները եղան քաղաքի տեսարժան վայրերում: Այցելեցին նաեւ Սեւանա լիճ եւ Նորատուս: Նույն օրը Ծաղկաձորում հայաստանյան պատվիրակների մասնակցությամբ տեղի ունեցավ սերբ հայտնի բանաստեղծուհի Լյուբիցա Միլետիչի «Արարատի հողմերը» երկլեզու գրքի շնորհանդեսը: Հայ ժողովրդի լավ բարեկամ Միլետիչին ներկայացրին գրքի թարգմանիչներՙ բանաստեղծ Գագիկ Դավթյանը եւ սերբագետ, բանաստեղծ Բաբկեն Սիմոնյանը: Օրվա երկրորդ կեսին Հրազդանում կազմակերպվել էր պոեզիայի օրՙ հայ գրողների մասնակցությամբ: Նրանց ներկայացրին ՀԳՄ քարտուղար, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը եւ Կոտայքի մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Հակոբ Հարությանը: Ապրիլի 19-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ «Ի սկզբանէ էր Բանն» գրքի շնորհանդեսը, որը վարում էր Էդ. Միլիտոնյանը: Փառատոնի բոլոր մասնակիցները ներկայացրին իրենց ստեղծագործություններից, կարծիքներ փոխանակեցինՙ միջոցառումը վերածելով պոեզիայի իսկական տոնի: Արտասահմանցի բանաստեղծներից շատերը բարձր գնահատեցին հայկական պոեզիան, որին հնարավորություն ունեին ծանոթանալ անգլերեն եւ այլ լեզուներով: Օրվա երկրորդ կեսին փառատոնի մասնակիցներըՙ Լ. Անանյանի գլխավորությամբ, այցելեցին Գառնիի հեթանոսական տաճար եւ Գեղարդ: Գառնիում հյուրերի համար կազմակերպվել էր ազգագրական պարերի համերգ եւ գինետոն:Ապրիլի 20-ին Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը տեղի ունեցավ աշխարհահռչակ սիրիացի բանաստեղծ Ադոնիսիՙ «Դամասկոսցի Միհիարին երգերը» զուգադիր թարգմանությամբ գրքի շնորհանդեսը: Արաբ գրողին ներկայացրեց գրքի թարգմանիչ եւ առաջաբանի հեղինակ, լիբանանահայ բանաստեղծ եւ հրապարակախոս Սարգիս Կիրակոսյանը: Փառատոնը եզրափակվեց օրվա երկրորդ կեսին Երեւանում: Հայ եւ արտասահմանցի բանաստեղծները միմյանց հրաժեշտ տվեցին բարեկամացած եւ նոր հանդիպման ակնկալիքով: Գրքի համաշխարհային հաջորդ մայրաքաղաքը Բանգկոկն է: |