ԼՈՒՉԵՍԿՈՒԻ ԿԱՐԾԻՔՈՎ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ «ՅՈՒՎԵՆՏՈՒՍ» ՉԻ ՏԵՂԱՓՈԽՎԻ Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տրանսֆերին վերաբերող խոսակցություններին: «Իհարկե, տեղյակ եմ, որ Հենրիխով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»: Սակայն չեմ կարծում, թե տեղափոխությունը կկայանա: Դրանում շահագրգռված չէ «Շախտյորի» նախագահը: Ըստ պայմանագրի, Մխիթարյանի տրանսֆերային գինը 30 մլն դոլար է: Կարծում եմ, որ «Յուվենտուսը» չի ցանկանա նման գումար ծախսել: Մխիթարյանը բացառիկ ֆուտբոլիստ է «Շախտյորի» համար, ուստի մենք չենք պատրաստվում վաճառել նրան: Հենրիխը լիարժեք հարձակվող է, շատ գոլեր է խփում, սակայն նախեւառաջ նա թիմում կարեւոր դեր է խաղում իր կատարած աշխատանքի մեծ ծավալով», նշել է Միրչա Լուչեսկուն: |