ՀԱՅԱՍՏԱՆՑԻ 14 ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ Վաղը Լեհաստանի Լեգնիցա քաղաքում մեկնարկում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Մասնակիցները կանցկացնեն 11 տուր: Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 100 հազար եվրո է: Չեմպիոնը կպարգեւատրվի 14 հազար եվրոյով, 2-րդ մրցանակակիրըՙ 11, 3-րդըՙ 9 հազար եվրոյով: Ընդհանուր առմամբ դրամական պարգեւների կարժանանան լավագույն արդյունքի հասած 25 շախմատիստներ: Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կներկայացնեն 14 շախմատիստներ: Ցուցակը գլխավորում է Վլադիմիր Հակոբյանը, որն իր 2705 վարկանիշով մասնակիցների մեջ զբաղեցնում է 6-րդ տեղը: Ավելի բարձր վարկանիշ ունեն Դմիտրի Յակովենկոն (2731), Եվգենի Տոմաշեւսկին (2719), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2718), Յան Նեպոմնյաչնին (2710) եւ Ալեքսանդր Արեշչենկոն (2709): Սերգեյ Մովսիսյանը վարկանիշով (2693) 17-րդն է, Գաբրիել Սարգսյանը (2667)ՙ 25-րդը: Հայաստանից մրցասպարեզ դուրս կգան նաեւ Տիգրան Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը, Զավեն Անդրեասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Էլինա Դանիելյանը, Ռոբերտ Աղասարյանն ու Վլադիմիր Պողոսյանը: |