ԵՐՋԱՆԻԿ ԿՅԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ Երեւանի ավագանու ընտրությունները թերեւս պատճառ դարձան, որ քարոզարշավի թոհուբոհի մեջ գրեթե աննկատ անցնի բարեգործական այն խոշորագույն իրադարձությունը, որը կատարվեց Նյու Յորքի նահանգում, հօգուտ մեր ժողովրդի, սփյուռքում թե Հայաստանում: Բարերարություններով հարուստ մեր ժողովրդի կյանքում աննախադեպՙ ավելի քան 500 միլիոն դոլար նվիրաբերեցին Հրայր եւ Աննա Հովնանյանները դեռեւս 1986 թ.-ից ի վեր գործող եւ իրենց անունը կրող հիմնադրամին: Որպես ֆինանսական ակտիվների հանրագումար դա ավելին է, քան ցարդ եղած առանձին բարերարությունները մեր ժողովրդի վերջին 200 տարվա կյանքում: Բայց այս պարագայում նվիրատվության գումարի չափը, որքան էլ որ կարեւոր, ամեն ինչ չէ. այդտեղ կարեւոր է հիմնադրամի ազգային նշանակությունը, օգտագործման եղանակը, նպատակները եւ տեւականության խնդիրը: Սկսելով վերջինից, կարելի է վստահորեն պնդել, որ «Հրայր եւ Աննա Հովնանյան» հիմնադրամը լինելու է տեւական, գուցեեւ ընդմիշտ: Քանզիՙ առաջինՙ կես միլիարդ դոլարի նվիրատվության պաշտոնական հայտարարությունը կատարել է բարերար ամոլի զավակներից Էդիլ Հովնանյանը ոչ միայն իր ծնողքի, այլեւ մյուսՙ չորս քույրերի ու եղբայրների անունից: Նրանց մասին արտհայտվում է նաեւ ինքըՙ Հրայր Հովնանյանը պաշտոնական հաղորդագրությամբ, թե իր զավակներն «ունեն բարձրագույն կրթություն եւ հսկայական փորձ բարեգործության ոլորտում», թե իր «բոլոր զավակները նյութապես ապահովված են իրենց կյանքի ընթացքում եւ անգամ կյանքից հետո»: Այլ խոսքովՙ նրանք եւս համաձայն են եւ շարունակելու են հավատարիմ մնալ բարեգործությանը: Երկրորդՙ նպատակները, ըստ միեւնույն հաղորդագրության, նույնն ենՙ ինչ հիմնադրամը ունեցել է իր ստեղծումից ի վերՙ մարդասիրական, կրթական, հոգեւոր, գիտական եւ մշակութային, առաջնային ուշադրությունը սեւեռելով ողջ աշխարհում հայկական համայնքներին եւ, անշուշտ, Հայաստանին, ուր 1988 թ. երկրաշարժից հետո Հովնանյան ընտանիքն ու Հրայր Հովնանյանի գլխավորած Ամերիկայի հայկական համագումարը մեծ ներդրումներ ունեն շինարարության եւ այլ ասպարեզում: Ինչ վերաբերում է երրորդՙ նվիրատվության ոգուն, ապա կարծում եմ, որ բարոյացուցական է այստեղ ամեն ինչը: Նախՙ Հ. Հովնանյանը վավերական բարերար է, ոչ միայն մայր հայրենիքին ցարդ նվիրաբերած շուրջ 50 միլիոն դոլարի ներդրումներով, այլեւ Աղետի գոտում կառուցած մի քանի գործարաններով, ինչպես նաեւ Երեւանի կենտրոնում կառուցվող Սբ. Աննա եկեղեցու եւ կից հայրապետական նստավայրի շինարարությամբ: Դա օրինակելի է ամեն իմաստով, հատկապես, որ բարերարները նաեւ օգնել եւ պատրաստվում են շարունակել իրենց օժանդակությունը Մ. Նահանգներում իրենց բնակած շրջանի համալսարաններին ու հիվանդանոցներին: Քանի որ, ինչպես կարդում ենք հաղորդագրության մեջ, բիզնեսի հաջող վերելքը բարերարը պարտական է այդ շրջանին, որտեղ ուսում են ստացել նաեւ իր բոլոր զավակները: Այլ խոսքովՙ դավանում է «ես այստեղ եմ փող աշխատել, այստեղ եմ հարստացել, հետեւաբար պարտական եմ այստեղի բնակչությանը» սկզբունքը, որը հատկապես Հայաստանում հարստացած մեր մեծահարուստներից շատերն անտեսում են եւ իրենց այս հողում ապրելն անգամ համարում մեծ շնորհ այս ժողովրդի համար... Ինչ վերաբերում է նվիրատվության նշանակությանը, առանձնապես կարեւոր է այն հանձնարարությունը, որը բարերար ամոլը տվել է ժառանգներինՙ հիմնադրամի եկամուտներից տարեկան 25 միլիոն դոլար հատկացնել կրթական եւ մյուս նպատակներին: Խոստովանենք, որ սա շատ ավելին է, քան մեր «Հայաստան» եւ մյուսՙ անձնական թե հավաքական հիմնադրամներից կատարվող տարեկան հատկացումները. դրանց խելամիտ օգտագործումը անպայման ավելի կրթված, ավելի մրցունակ, ավելի բարեկեցիկ եւ ուժեղ է դարձնելու մեր ժողովուրդն ու երկիրը գալիք տասնամյակների ընթացքում: Հրայր Հովնանյանն իր պատկառելի այս նվիրատվությունը համարում է իր եւ տիկնոջՙ Աննայի «ապրած երջանիկ կյանքի բնական ավարտը»: Առանց ծեքծեքումների ասենքՙ սա ոչ թե ավարտ, այլ երջանիկ կյանքի սկիզբ է, իսկապես: |